«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հեղափոխության պատճառով, փաստորեն, մնացել է առանց առաքելության ու գործունեության տիրույթի։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի համակարգում նրանք կոնկրետ դեր ու նշանակություն ունեին, որն էր՝ համակարգային ընդդիմությունը։ Իսկ հիմա, փաստորեն, քաղաքական ուժն այդ իմաստազրկվել է, նրա գոյությունը կասկածի տակ է։
Ի դեպ, այդ նույն մարտահրավերի առաջ են կանգնած նաեւ մյուս քաղաքական ուժերը, քանի որ նրանց գոյությունն այն ժամանակ իմաստավորվում էր Սերժ Սարգսյանին հակադրվելով ու հակադրություն-համագործակցություն նեղ տիրույթում քարշ գալով։
Իսկ հիմա իրավիճակն այլ է։ Քաղաքական ուժերը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվեն ու ադապտացվեն նոր իրավիճակին։ Առաջնային պլան է մղվում գոյության հիմնավորման ու գործունեության թիրախավորման նոր կոնցեպտների որոնման անհրաժեշտությունը։ Թե չէ հին խաղի կանոններով արդեն իսկ նոր իրավիճակում քաղաքական ուժերը մեկը մյուսի ետեւից կդատապարտվեն կազմաքանդման։ Այս նույն ճանապարհով պետք է ընթանա նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի շատ անդամների նկատմամբ ես մեծագույն հարգանքով եմ լցված։
Մարուքյանն ու գործընկերները պետք է դադարեն միակողմանի կառչած մնալ իշխանություններից՝ հաշտեցման լղոզված եզրեր փնտրելու նպատակով։ Ինչ եղել է, արդեն իսկ եղել է։ Պետք է անցնել առաջ՝ մշակելով նոր կոնցեպտներ ու գործունեության համապատասխան թիրախներ։
Իր հայտնի հոդվածում Մարուքյանը շեշտադրում էր ուժեղ վերահսկողական լծակներ ունեցող ընդդիմության անհրաժեշտությունը։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք դա ընդամենը պատրանք էր, ապա ներկայումս այդ չափազանց կարեւոր գաղափարը հնարավոր կլինի կյանքի կոչել։ Իմ խորին համոզմամբ՝ «ԼՀ»-ն պետք է ընդդիմություն դառնա, զորեղ ու վերահսկող ընդդիմություն՝ հետագայում իշխանության գալու ակնկալիքով։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Թե չէ անընդհատ փորձում են փրփուրներից կառչել ու ինչ-որ գոյություն չունեցող դաշինք փրկել, որը հենց իրենք են կործանել։
Վերջին միտքը բխում է առաջին հերթին մեր հանրապետության շահերից, քանի որ նույնիսկ ամենակենսունակ իշխանությունները առանց ուժեղ ընդդիմության ի վերջո հիմարանում են։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում