«Ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին». այսպես էր հայ–չինական դպրոցի բացման ժամանակ արձագանքել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ այն հարցին ի պատասխան, որ դպրոցի կառուցման հետ կապված լուրջ մասնակցություն է ունեցել Վիգեն Սարգսյանը:
Նախօրեին էլ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանում նախապատրաստվող «Armenia» ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ նախաձեռնության մեջ կարևոր դերակատարում է ունեցել Վիգեն Սարգսյանը և նրա անունը պետք է նշել, ինչն ակնհայտորեն դուր չեկավ նախարար Մակունցին:
Մի կողմ թողնենք Վիգեն Սարգսյանի անձը, թեկուզև հասկանալով նրա հանդեպ արդարացի հանրային դժգոհության պատճառները: Նրա անվան հիշատակմամբ դեպքերը միակը չեն, երբ նոր իշխանությունը շարունակում է նախորդների որևէ նախաձեռնություն, բայց հրաժարվում է ֆիքսել այդ փաստը կամ էլ դիստանցավորվում է նախաձեռնությունից: Հասկանալի է նախորդ իշխանության հանդեպ եղած բացասական վերաբերմունքն ու հեղափոխական իրավիճակը, որն առկա է հիմա: Որևէ կարիք էլ չկա, որ նոր իշխանությունը նախորդների հասցեին դիֆերամբներ ձոնի: Բայց խնդիրը ոչ թե նախորդ–ներկա իշխանությունների դիմակայության տիրույթում է, այլ երկրի ինստիտուցիոնալ հիշողության:
Եվ երբ ասվում է, որ նորերը շարունակում են կամ յուրացրել են հների նախաձեռնությունները, պետք չէ այդ ասելիքը ընկալել որպես բացասական: Թե՛ հները, թե՛ նորերը, ինչպես ասում են, «իրենց հոր տնից» չեն բերել այդ նախաձեռնությունը: Հետևաբար որևէ վատ, քննադատելի բան չկա շարունակել, թեկուզև յուրացնել նախորդից մնացած լավն ու օգտակարը: Քննադատելին այստեղ այն է, որ շարունակելով հանդերձ՝ տեղի է ունենում դիստանցավորում: Այսինքն, մի կողմից եղածն օգտագործում են, բայց մյուս կողմից փորձում են չասոցացվել դրա հետ, քանի որ հնարավոր է նախորդ իշխանության հետ ասոցացվեն: Այս պարադոքսը, ընդ որում, առաջանում է բացառապես այն կարծրատիպային մտածողությունից, որի կրողն են իշխանության որոշ ներկայացուցիչներ, և որոնք այդպես էլ չեն կարողանում գտնել հնի և նորի համադրելիության բանալին:
Նմանատիպ մեկ այլ մտասևեռման օրինակ՝ ամենուր կոռուպցիա տեսնելու միտումը: Բնական է, որ նոր իշխանության կողմից հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքար՝ հաշվի առնելով նախորդների կառավարման շրջանում կոռուպցիայի ծավալները: Բայց մի՞թե հնարավոր չէր ստեղծել մեկ մարմին, որ կզբաղվեր կոռուպցիայով, իսկ մյուս գերատեսչությունները արդեն կզբաղվեին իրենց ոլորտային, կոնկրետ անելիքներով: Արդյունքում ստացվում է, որ մեկ հանձնաժողովին փոխարինում են բոլորը՝ բոլոր նախարարները ու ոլորտի ղեկավարները, ովքեր հետհեղափոխական շրջանի լավագույն ամիսներից չորսը կորցրեցին ոչ թե նոր Հայաստանին հարիր նոր հայեցակարգերի ստեղծման, այլ ամենուր կոռուպցիա և կոռուպցիոներներ ման գալու վրա: Ու ինչպես և ենթադրվում էր, նույնիսկ դա արեցին վատ, որովհետև նախարարի գործը չէ կոռուպցիա գտնելը, նախարարն այլ անելիքներ ունի: Հետևանքն այն է, որ շատ նախարարություններ ու գերատեսչություններ կոռուպցիայի դեմ պայքարը դարձրին միակ և հիմնական նպատակ և ոլորտային խնդիրները թողած՝ ընկել են սեփական մտասևեռումների ծուղակը:
Արդյունքում, ամենուրեք կոռուպցիա փնտրելու մոլուցքը պետական ապարատում ստեղծել է անհասկանալի իրավիճակ, երբ փաստացի հին և նոր կադրերի միջև կոմունիկացիա չի կայանում, ամբողջ նախարարությունը գործում է առանձին, նախարարներն ու փոխնախարարները՝ լրիվ առանձին: Այսինքն, ինստիտուցիոնալ հիշողության փոխանցման խողովակը խցանվում է:
Եվս մեկ անգամ՝ հասկանալի է, որ հնի հանդեպ կա բավական մեծ քանակի բացասական լիցք: Եթե չլիներ այդ լիցքը, չէր լինի նաև իշխանափոխություն: Բայց, եթե շարունակվում են հին համակարգից իներցիայով եկող նախագծեր, եթե նոր իշխանությունը որդեգրում, օգտագործում, թեկուզև յուրացնում է դրանք, նշանակում է չի մերժում հինն ամբողջովին: Հետևաբար ինչ կարիք կա օգտվելով հանդերձ՝ դիստանցավորվել, հինը մերժող հռետորաբանությամբ հանդես գալ: Երկրորդ՝ հինը մերժելու մասին հայտարարությունները, հինը բացառապես կոռուպցիայի պրիզմայով դիտարկելու միտումը բերում է պետական ապարատում ինստիտուցիոնալ հիշողության խցանման: Այդ հիշողությունը չի փոխանցվում:
Ամենացավալին այն է, որ վերոնշված խնդրահարույց իրավիճակը շատ պարզ լուծում ունի և բարդացվում է բացառապես մի քանի կարծրատիպերի պատճառով: Ընդամենը պետք է առանց ամաչելու, առանց վախենալու խոստովանել, որ ահռելի թերություններով հանդերձ՝ հին համակարգում ևս եղել են ծրագրեր, նախաձեռնություններ, որոնց շարունակականությունը համարվում է շահավետ նաև հիմա, պետք է արձանագրել, որ արատավոր բազմաթիվ դրսևորումներով հանդերձ՝ հին համակարգում աշխատել են մասնագետներ, որոնք պիտանի են պետությանը նաև հիմա: Ընդամենը պետք է անկեղծ լինել ու չընկնել սեփական մտասևեռումների ծուղակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում