Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբեմն հասնում ու անցնում ենք ԱՄՆ-ին մսի մթերումներով. «168 ժամ»

Սեպտեմբեր 20,2018 12:32

Քաղաքական ու քաղաքականամերձ կրքերը նորից ստվերում են ամեն ինչ։ Ոչ մի ոլորտ հասարակական ուշադրության չի արժանանում։ Մամուլում ու սոցցանցերում միայն նախընտրական դեպքեր են։ Այսինքն՝ հայհոյանք ու քարոզչություն, որոնք, ի վերջո, նույն բանն են։ Քննախույզ ու մանրակրկիտ աշխատանք պետք եղավ գտնելու լուրն այն մասին, որ «Սեպտեմբերի 18-19-ին Երևանում տեղի կունենա գյուղատնտեսական վիճակագրության հարցերով ԱՊՀ երկրների փորձագետների խորհրդակցություն»։

Միանգամից նշենք, որ չափազանց կարևոր միջոցառում է։ Ի վերջո, մեր հայրենի վիճակագրության աքիլեսյան գարշապարը հենց գյուղատնտեսական վիճակագրությունն է։ Այս վիճակագրության համաձայն մենք պարբերաբար առաջինն ենք աշխարհում։ Երբեմն, ասենք, կաթի մթերումների ցուցանիշներով։ Երբեմն հասնում ու անցնում ենք ԱՄՆ-ին մսի մթերումներով։ Բնականաբար, խոսքը գյուղմթերքի արտադրության զուտ ֆիզիկական ծավալի մասին չէ, այլ՝ մեկ շնչին ընկնող բաժնի։ Հուսանք, որ խորհրդակցությունը դրական ազդեցություն կունենա, և մեր գյուղատնտեսական վիճակագրությունն ավելի արժանահավատ կդառնա։ Կամ գոնե մի փոքր հոդաբաշխ։

Տեսեք, այս տարվա գյուղատնտեսական մթերումների շրջանը սկսվեց խաղողի մթերումների դեմ գյուղացիական ընդվզումներից։ Ավելի ճիշտ՝ մթերման գների դեմ ընդվզումներից։ Ու տարօրինակորեն գյուղոլորտի վիճակագիրների խորհրդակցության լուրի հետ հայտնվեց Խաղողագործների միության նախագահի կարծիքը ոլորտում ընթացող տարօրինակ զարգացումների մասին։ Ըստ նրա՝ խաղողի մթերման ամենաբարձր գինը՝ մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամ, եղել է 2015թ.։ Մարդը զարմանում է, որ դրանից երեք տարի անց գինը բարձրանալու փոխարեն նվազել է՝ դարձել 140 դրամ։ Բայց նույն հարցազրույցի մեջ նշվում է, որ նախորդ տարի մթերման գինը 130 դրամ է եղել։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ գինն ավելի բարձր է, բայց ավելի ցածր է երեք տարի առաջ արձանագրվածից։ Ասածից որևէ բան հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել գյուղատնտեսական մթերումների պաշտոնական վիճակագրությունը:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930