«168 ժամի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:
– Պարոն Եվսեև, վերջին մի քանի օրերի ընթացքում չեն դադարում մտահոգիչ լուրերը հայ–ադրբեջանական սահմանից։ Ադրբեջանական կողմը կրկին սկսել է ակտիվորեն գնդակոծել հայկական կողմը և՛ Ադրբեջանից, և՛ Նախիջևանից։ Ըստ Ձեզ՝ այս փուլում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նմանատիպ ակտիվությունը, և ինչի՞ պետք է պատրաստ լինել։
– Նման զարգացումների հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պետք էր սպասել։ Պատահական չէր նաև այն, որ վերջերս Նախիջևանում ադրբեջանական կողմը դիրքերի փոփոխման գործողություններ նախաձեռնեց՝ նոր դիրքեր գրավեց, առաջ մղեց նախկին դիրքերը, դուրս եկավ ուղիղ կրակային դիրքի, կարևոր ճանապարհներն առավ նշանառության տակ։ Ուստի ընդհանուր առմամբ սրումը սպասելի էր, այդ հատվածում ակտիվությունը՝ ևս։
Նախիջևանի ուղղության պարագայում կխոսեի նաև թուրքական գործոնի մասին, որովհետև Թուրքիան ունի ներկայություն Նախիջևանում, ունի շահեր՝ ազատ առևտրի գոտի, երկաթուղի, և այլն։ Իհարկե, առանց Ադրբեջանի դա տեղի չի ունենում, երկու կողմից էլ կա հստակ հետաքրքրություն։
Թուրքիայի հետաքրքրությունն Ադրբեջանին աջակցելն ու Հայաստանի նկատմամբ ճնշման նոր բաղադրիչ ստեղծելն է, այդ մասին Թուրքիայի նախագահը նաև հրապարակային է արտահայտվում։
Կարծում եմ՝ այս ուղղությունից նախաձեռնվող գործողությունների նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը ԼՂՀ-ից շեղելն է, թուլացնելը ԼՂՀ պաշտպանությունը։ Սա ցանկություն է՝ մաքսիմալ կերպով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա։
Հայաստանը պետք է կարողանա տվյալներ, փաստեր հավաքել այդ խախտումների մասին, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, պետք է Ադրբեջանից պահանջել համաձայնություն այս հարցում։
Ծայրաստիճան վտանգավոր է թուլացնել արցախյան ուղղությունը, որը կարող է հանգեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնությանը, առանց այն էլ դրա հավանականությունը բավականին բարձր է, չի կարելի թուլացնել Արցախը, պետք է ֆիքսել բոլոր խախտումները տեխնիկական միջոցներով և միջազգային հանրության հետ աշխատանք իրականացնել՝ պահանջելով պատժել իրավիճակի սրման մեղավորներին։
– Շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնում այն մասին, որ ադրբեջանական կողմն օգտվում է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներից ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ ձգտելով խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեծացնելով ճնշումը՝ քաղաքական և ռազմական, Հայաստանի նկատմամբ։ Ըստ այդ վարկածների՝ չի բացառվում, որ սիրիական Իդլիբի շուրջ ռուս-թուրքական բանակցություններում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը, այն, որ Իդլիբի շուրջ թուրքական զիջման փոխարեն՝ ռուսական կողմը «թույլ կտա» Ղարաբաղյան ուղղությամբ թուրք-ադրբեջանական առավելություն։ Ստեղծված իրավիճակում այս գործոնն ի՞նչ նշանակություն ունի։
– Ընդհանուր առմամբ կբացառեի այդ գործոնի ազդեցությունը։ Իդլիբի կարևորությունը շատ մեծ է Թուրքիայի համար։ Սրանք միմյանց կապելը շատ սխալ է։ Ստեղծված իրավիճակի պատճառներն այլ տեղում պետք է փնտրել։ Ինչպես ասացի, ես կարծում եմ, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում են տեղի ունենում, դիտակվում են Ադրբեջանում որպես խիստ դրական, թեև Հայաստանում չեն համաձայնի այս կարծիքին։ Խիստ դրական այն իմաստով, որ ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, Կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն։ Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները։ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է։ Այս ընթացքում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում