«Հայկ Մարությանը միակ թեկնածուն էր, ով ասեց` մեր դեմ խաղ չկա, մենք սպիտակ ենք, մյուսները սեւ են, իր թիմը միակն է, որ ասում է`գալիս ենք ջախջախելու: Այդ է պատճառը, որ ես հարգանքով վերաբերվելով բոլոր թեկնածուներին`միայն Հայկ Մարությանին եմ հրավիրում բանավեճի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ տիկին Զոհրաբյանը հրաժարվում է բանավեճից: Նաիրա Զոհրաբյանը հստակեցնում է`Հ1-ը հրավիրել է բանավեճի`նախնական տեսաձայնագրմամբ. «Դա վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի նկատմամբ»: Բանավեճն ինքը պատկերացնում է բացառապես ուղիղ հեռարձակմամբ:
Օրերս քարոզարշավային հանդիպումներից մեկի ժամանակ Հայկ Մարությանը խոսել էր այն մասին, որ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի: Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է Հայկ Մարությանի հետ բանավիճել այդ բավական սկզբունքային հարցի կարգավորման բոլոր` քննարկված եւ ի սկզբանե մերժված տարբերակների շուրջ:
Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է Հայկ Մարությանի հետ բանավիճել թե արտաքին քաղաքական, թե ներքին քաղաքական, թե Երեւանի խնդիրների, թե մշակութային հարցերի շուրջ. «Օրակարգը ընտրեք դուք: Միայն եւ բացառապես ձեզ հետ, միայն եւ բացառապես ուղիղ եթերում`ձեր ընտրած հեռուստաընկերությունում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ