ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Ջոհրաբյանի պնդմամբ՝ իրենց հանդեպ պետական մակարդակով տեռոր է իրականացվում։ «Ժողովուրդ» օրաթերթը լարված նախընտրական քարոզարշավի, ԱԺ-ի ցրման եւ այլ հարցերի շուրջ զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։
– Վերջին շրջանում լարված են նաեւ «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների քաղաքական հարաբերությունները։ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, թե կարծում է՝ վարչապետը ներողություն կխնդրի ժողովրդից եւ իրենցից՝ հասարակությանը ու քաղաքական ուժերին սեւի ու սպիտակի բաժանելու համար։ Կիսո՞ւմ եք վերջինիս կարծիքը։
– Ես չեմ կարծում, որ պարոն Փաշինյանը պետք է ներողություն խնդրի։ Ես համաձայն եմ այդ բաժանման հետ, բայց սա այն բաժանումը չէ, որի մասին խոսում է պարոն Մարուքյանը։ Այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր իրենց դիրքորոշմամբ եւ գործելաոճով մոտ են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքին, դրանք սեւերն են։ Ով իրեն համարում է այդ առանցքին մոտ, ուրեմն թող ընդունի, որ ինքը սեւ է, իսկ ով իրեն չի տեսնում այդտեղ, ուրեմն սպիտակ է։ Այս բաժանման մեջ վիրավորական բան չկա։ Սա պայմանական բաժանում է, որովհետեւ աշխարհընկալման, արժեհամակարգի հարցն է դրված։ Այս բաժանումը կարելի է անել նույնիսկ մեկ անձի գոյության դեպքում, որովհետեւ եթե այսօր մեր հայրենիքում կա մեկը, ով ինչ-որ իմաստով դրական էմոցիաներ ունի Ռոբերտ Քոչարյանի նման անձի նկատմամբ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք։ Այնպես որ, թող պարոն Մարուքյանը այդ բաժանումից չվիրավորվի:
– Նաիրա Ջոհրաբյանն ասել է, որ եթե ամեն ինչ այսպես ընթանա, ԲՀԿ-ն կողմ չի լինի ԱԺ-ն լուծարելուն։ Իրոք հնարավո՞ր է այդպիսի բան։
– Եթե մի հսկայական քաղաքական ուժ ինչ-որ ճանապարհ է որդեգրել եւ պատրաստ է ինչ-որ տեղ նաեւ սարքովի իրավիճակում դիրքորոշում փոխել, ապա սա խոսում է տվյալ քաղաքական ուժի որակի մասին։ Եթե անդրադառնանք հարցի բովանդակությանը, ապա կարող եմ ասել, որ միեւնույնն է, ԲՀԿ-ն ուզի, թե չուզի, նրա անդամների մի մասը հաստատ կլինեն այն դիրքերում, որը ավելի հարիր է Ռոբերտ Քոչարյանի որդեգրած քաղաքականությանը , եւ հետեւաբար, ԱԺ-ն ցրելու գործընթացը հենց ԱԺ-ի միջոցով այս պահին արդեն անհնար է դառնում։ Մենք պետք է գնանք հանրաքվեների ճանապարհով։ Իրենց սպառնալիքը ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ անակնկալ է մեզ համար։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում