Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 20,2018 11:18

2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից «պրիվետ Ռոբ» արտահայտության համար «Առագաստ» սրճարանում դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի գործը վերաբացելու համար դիմում է ուղարկվել Գլխավոր դատախազությանը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։

Այս մասին տեղեկացրեց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։ Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ հայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն եւ Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերաբացվի գործը, նոր քննություն կատարվի եւ բացահայտվի նաեւ Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը դրանում, որի հրամանով է սպանությունը կատարվել։

Ճշտող հարցին՝ այսինքն, Անդրանիկ Պողոսյանն այն դիրքորոշմանն է, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանո՞վ է տեղի ունեցել սպանությունը, որդին դրական պատասխան տվեց. «Միանշանակ, չի կարող իր թիկնազորը նախագահին թողնի ու հետ վերադառնա, եթե հրաման չկա հատուկ դրա համար… Վերջերս նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը հարցազրույց էր տվել՝ նշելով, որ Քոչարյանը հրամայել է՝ «տարեք սատկացրեք», ես այս արտահայտությունը էլի շատ մարդկանցից եմ լսել, այսինքն, բացարձակ հրաման է տվել տանել «սատկացնելու»։ Բացի դա Մարկ Գրիգորյանի հարցազրույցը կար մամուլում, որտեղ նշվում էր, որ իր դեմ մահափորձ է եղել այս թեմայի շուրջ խոսելու համար։ Այնպես որ, նման հիմքեր կան Պողոս Պողոսյանի սպանության գործը վերաբացելու համար»,- ասաց Պողոսյանը։

Վերջինս մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի բացառվում, որ Պողոսյանի սպանության գործով արդարադատության իրականացմանը խոչընդոտել է թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Կուկուն (լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանի «Կուկու» մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանն է.- խմբ) եւ թե՛ այն ժամանակվա ԱԱԾ աշխատակից թիկնապահները. «Հավանաբար իրենք են հենց ճնշումներ գործադրել դատական համակարգի եւ նախաքննության վրա։ Իզուր չէր, որ չնայած վկաների ցուցմունքներին, այդ մարդը (Կուկուն,–հեղ.) այդպես էլ չնստեց, 7-8 հոգով են սպանել, մեկի վրա են գործը կարել, էդ մեկին էլ նույնիսկ մեկ օր չեն ձերբակալել»,- ասաց զրուցակիցը։

Հարցին, թե մյուս 7-8 հոգու ինքնությունը հայտնի՞ է, Պողոսյանն ասաց, որ նրանք թիկնապահներն են. «ԱԱԾ-ին ավելի հայտնի է, Գուրգեն Արսենյան կար (այս գործով, առանցքային վկա է եղել եւ դեպքից հետո էլ շարունակել է շրջել Քոչարյանի հետ եւ պահպանել նրա անվտանգությունը,-Տ.Խ.) մյուսների անունները ես ուղղակի հիմա չեմ հիշում»,- նշեց Սամվել Պողոսյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է Պողոսյանի հարազատների դիմումը, ինչին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Դիմումի հիման վրա Երեւան քաղաքի դատախազությունում կազմակերպվել է Պողոս Պողոսյանի եղբոր ընդունելությունը՝ նշված գործով հնարավոր նոր երեւան եկած հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Սակայն հանդիպման ընթացքում նման տեղեկություններ կամ տվյալներ չեն հայտնվել։ Սակայն քաղաքացուն պարզաբանվել է, որ եթե իրեն հայտնի կլինեն նման տվյալներ կամ տեղեկություններ, դրանք կարող է ցանկացած պահի ներկայացնել դատախազությանը կամ իրավապահ այլ մարմինների եւ բավարար հիմքերի առկայությամբ դրանցով կարող է ապահովվել անհրաժեշտ քրեաիրավական ընթացակարգ»։

Այսինքն՝ դատախազությունը առայժմ չի պատրաստվում նոր քննություն սկսել՝ պարզելու Պողոս Պողոսյանի սպանության իրական հանգամանքներն ու դրդապատճառները, կատարող(ներ)ին եւ ամենակարեւորը՝ սպանության պատվիրատուին։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930