«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders (RSF)) կազմակերպությունը, դեռ նախօրեին տարածած հայտարարությամբ դատապարտում է «Yerevan.Today» կայքի խմբագրությունում ոստիկանության անցկացրած խուզարկությունը:
Մյուսը, ինչն ուղղակի աչք է ծակում, Հայաստանի լրագրողական, նաեւ՝ իբր թե իրավապաշտպան ՀԿ-ների քար լռությունն է: Ոչ մի հայտարարություն, ոչ մի գնահատական:
Հանուն ճշմարտության, նշենք, որ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը անձամբ արձագանքել է հենց իրադարձությանը զուգահեռ եւ դրանից հետո: Նշվել է նաեւ, որ սպասվում է Ժուռնալիստների միության՝ արդեն որպես կազմակերպության արձագանքը: Հուսանք, շատ չի ուշանա:
Լավ, իսկ մյուսնե՞րը: Չէ՞ որ Հայաստանում գործում են մի շարք լրագրողական կազմակերպություններ: Երեւի շատ նորմա՞լ կամ առօրեակա՞ն բան է, հա՞, որ ոստիկանությունը, իրավապահները, չգիտեմ՝ «շեստոյը» խուժում են խմբագրություն, խուզարկություն անում, համակարգչի կրիչներ առգրավում եւ այլն: Մի բան, որ նման եղանակով, բայց ավելի մեծ ընդգրկմամբ, տեղի է ունեցել 24 տարի առաջ, Տեր-Պետրոսյանի հրամանով:
Բա ո՞ւր մնացին խոսքի ազատության, մամուլի ինքնամոռաց պաշտպանները: Ժողովրդավարության բոլոր այն վեհ ու համարձակ պաշտպանները, որ կայծակնային արագությամբ արձագանքում, դատապարտում, միջազգային ատյաններին, ԵԽ-ին ու չգիտես թե էլ որ Պետդեպին էին դիմում, հատկապես վերջին տարիներին, եթե հանկարծ որեւէ մեկը իրենց յուրային լրատվամիջոցներից մեկնումեկի թանին հանկարծ կեսբերան ասեր «թթու է»:
Նույն կերպ, ինչպե՞ս չի լսվում գրանտների վրա նստած ու մինչեւ գրեթե բոլորովին վերջերս աղմուկ հանող սուտի իրավապաշտպանների ձայնը, երբ այժմ իրենց պաշտած ու պաշտպանած իշխանականները մեկը մյուսի հետեւից խայտառակ հայտարարություններ ու քայլեր են անում, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը, դատական իշխանության անկախության սկզբունքը, մարդու իրավունքները:
Ասենք, նրանք այն ժամանակ ընդդիմադի՛ր իրավապաշտպաններ էին, իսկ հիմա իշխանամետ, ոմանք՝ նաեւ իշխանամուտ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում