Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ «Ժառանգություն» կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ ֆուտբոլի ընկերական խաղի ավարտից հետո, օգտվելով առիթից, որ օրը ֆուտբոլային է, մրցավարի դերն ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համատեղելու է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
«Մասնագիտական կարծիք հայտնել չեմ կարող: Անցումային շրջանում եթե որոշ բացառություններ պետք է արվեն, որպեսզի վերականգնվեն տարբեր ոլորտները, այդ թվում նաեւ ֆուտբոլը, բայց ընդհանուր առմամբ ես պիտի չուզենայի, որ կարեւոր գործառույթ ունեցող մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները իրենք ունենան այլ պաշտոնական զբաղմունք: Եթե իրենք տարիներ անց վերջացնեն իրենց պետական պարտականությունները, նման կարող մարդիկ, իհարկե, պետք է նաեւ իրենց նախասիրությամբ զբաղվեն: Ինչու չէ՝ լինեն նաեւ ֆեդերացիաների նախագահներ: Բայց իմ կարծիքով գործող պաշտոնյաները պետք չէ լինեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ֆեդերացիաների նախագահներ, այլ պետք է կարողանան իրենց գործառույթներն իրացնել:
Պարոն Վանեցյանը հրաշալի գործ է անում որպես իր ոլորտի ղեկավար: Դա պիտի կարգի բերվի ժամանակի ընթացքում: Հետո՝ երկարատեւ ծառայությունից հետո, ֆուտբոլի ֆեդերացիայի շատ ուժեղ թեկնածու կլինի: Ես գիտեմ՝ նա ասում է, որ երկուսն էլ կհասցնի: Բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի նոր Հայաստանին դրա առանձին պահ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ