Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի որոշ համերգներ նպատակային են՝ բարեգործականից մինչեւ Անկախության օրվան նվիրված

Սեպտեմբեր 20,2018 14:30

Շարունակվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից սեպտեմբերի 10-ին մեկնարկած Երեւանյան միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան): Ինչպես նախկինում, այս անգամ էլ փառատոնային որոշ երեկոներ տրամադրված են նաեւ կամերային երաժշտությանը: «Առավոտը» ներկա գտնվեց նման ձեւաչափով համերգներից մեկին, որի ծրագրում միայն Ռախմանինով էր, երաժիշտներն էլ ծանոթ էին հայաստանցի ունկնդրին. դաշնակահար Վադիմ Խոլոդենկո (Ռուսաստան), ջութակահար Անուշ Նիկողոսյան եւ թավջութակահար Սեւակ Ավանեսյան (Բելգիա):

Ռախմանինովի «Էլեգիական» տրիոյի կատարմամբ, որը այդքան էլ հաճախ չի հնչում Երեւանում, իսկապես փայլեցին երաժիշտները: Այն տպավորությունն էր, որ նրանք այս կազմով գործում են տարիներ շարունակ: Մյուս կողմից՝ զարմանալի չէր. հիշեցնենք, որ Վադիմ Խոլոդենկոն Վեն Կլայբերնի մրցույթի ոսկե մեդալակիր է (2013թ.), Անուշ Նիկողոսյանը՝ մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ 2010-ին՝ Ավստրիայում կայացած International Karntner Sparkasse Worthersee մրցույթի առաջին մրցանակակիր, Սեւակ Ավանեսյանն էլ հաղթող է ճանաչվել Young Soloists եւ Lions Club եվրոպական մրցույթներում: Նշենք, որ այս երաժիշտները իբրեւ մենակատարներ վերջին շրջանում հեղինակավոր նվագախմբերի ցանկալի հյուր են: Հավելենք, որ նրանք, յուրաքանչյուրն իր հերթին, հասցրել են կամերային երաժշտության ոլորտում հանդես գալ անվանի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Վադիմ Ռեպինը, Քիմ Քաշքաշյանը, Ջուլյա Ֆիշերը եւ այլն: Նվագախմբերի հետ էլ հանդես են եկել Վալերի Գերգիեւի, Վլադիմիր Սպիվակովի, Կիրիլ Կարաբիցի, Պավել Բեռմանի, Լեոշ Սվարովսկիի, Հանս Գրաֆի, Ջորջ Փեհլիվանյանի եւ այլ ճանաչված դիրիժորների ղեկավարությամբ:

Համերգից հետո որոշ մասնագետների կողմից հնչեցին նույնիսկ, իհարկե մեր կարծիքով՝ չիրականացվող «առաջարկներ», այն է՝ լավ կլիներ, որ երաժիշտների այս տրիոյի ելույթները շարունակական լինեին ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Սակայն հանդիսատեսը չգիտեր շատ կարեւոր մի բանի մասին. երաժիշտները տեղեկանալով, որ իրենց համերգի հասույթը տրամադրվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի շենքի հիմնանորոգմանը, հրաժարվել են իրենց հոնորարից:

Վադիմ Խոլոդենկոյին հանդիսատեսը կհանդիպի նաեւ այսօր, փառատոնային երեկոների անփոփոխ վայրում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, բայց արդեն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Որպես մենակատարներ ելույթ կունենան դարձյալ մեր ունկնդրին ծանոթ կորեացի երաժիշտներ՝ ջութակահար Կլարա-Ջումի Կանը եւ թավջութակահար Թիմ Փարքը: Կկատարվեն Բրամսի, Ռավելի եւ Չայկովսկու ստեղծագործություններից: Հետաքրքրվեցինք՝ իրենց կարծիքը Հայաստանի ֆիլհարմոնիկի մասին: Պատասխանը հակիրճ էր. «Հայաստանի թիվ 1 նվագախումբ, այսքանով ամեն ինչ ասված է»: Մեր զրուցակիցները հայտնեցին, որ թեեւ բազմիցս մասնակցել են տարբեր փառատոների, բայց ողջունում են Երեւանյանի անցկացման ձեւաչափը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

20.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930