Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնսեմացնելով որևէ ուժի՝ ընտրություններում հաղթելու բնական ձգտումը, ֆիքսենք, որ քաղաքական դաշտը միայնակ զբաղեցնել, միայնակ ներկայացնել հնարավոր չէ. «Փաստ»

Սեպտեմբեր 20,2018 10:26

Նախորդ օրերին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աչքի ընկավ փոխադարձ և անկանոն կրակահերթերով: Իշխանության նախաձեռնությամբ սկսված հակաքարոզչության ալիքը անմասն չթողեց քաղաքական ուժերից շատերին: Արդյունքում արձանագրվեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընտրությունները բացառապես հակաքարոզչական բովանդակությամբ լցվեցին՝ զերծ մնալով ծրագրային պայքարի բաղադրիչից:

Իհարկե, որևէ երկրում որևէ ընտրություն մանկապարտեզի տոնական հանդես չէ, ոչ էլ թատերական ներկայացում, որտեղ պետք է գերիշխի լռությունը և քնքշությունը: Ընտրությունն ինքնին միշտ կոշտ գործընթաց է: Բայց մեր մոտ այդ կոշտ գործընթացը միշտ ունի պոտենցիալ՝ վերածվելու թշնամության և կամուրջների տոտալ այրման:

Բարեբախտաբար, արդեն երեկ որոշակի դրական միտումներ սկսեցին նկատվել՝ քարոզարշավի մասնակիցները որոշակիորեն մեղմացրեցին հռետորաբանությունը, ըստ էության, նաև արձանագրելով, որ պետք է վերադառնալ առավել համագործակցային հուն: Իհարկե, լրիվ չթուլացնելով «դոզան»: Ինչքանով այս «մեղմացումը» շարունակություն կստանա, կտեսնենք առաջիկա երկու օրերին, չնայած, պետք է արձանագրել, որ նախորդ օրերի կուտակված մաղձն այնքան շատ է, որ մեկ–երկու օրում դրանից ազատվել չի ստացվի:

Ներկայումս տիրող հարաբերական անդորրն այս իմաստով վտանգ ունի լինել սպասվող փոթորիկի նախաբան և կառուցողական դաշտ հիմնովին վերադառնալու համար գործընթացը կարիք ունի շատ կոնկրետ հայտարարությունների, ուղերձների: Միայն հրադադարն ինքնին չի նշանակում, թե պատերազմն ավարտվել է: Այն կարող է նշանակել, որ, օրինակ, կողմերը հոգնել են կամ փամփուշտն է վերջացել, բայց պատերազմը ավարտելու և պայքարն, այսպես ասած, դիվանագիտական հուն տեղափոխելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական դերակատարները հստակեցնեն իրենց հիմնական թիրախներն ու շահերը: Ընդ որում, խոսքը, հատուկ շեշտենք, միայն նախընտրական փուլին չի վերաբերում, այլ, որ պակաս կարևոր չէ, նաև հետընտրական պրոցեսներին: Այս իմաստով հիմնական անելիքը հենց տեղեկատվական պատերազմի նախաձեռնողինն է՝ իշխանությանը, որը լինելով փաստացի երկրի քաղաքական օրակարգի հիմնական թելադրող, պետք է հստակ ուղենիշներ տա սպասվող ընտրությունների բնույթի ու հետագայի առումով:

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ներկայիս իրավիճակում առավել կենսական է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային լինելու բաղադրիչը: Եվ այդ բաղադրիչի կենսագործման երաշխավորը նոր իշխանություններն են: Ցավոք, նախորդ օրերին այս բաղադրիչը երկրորդվել էր ընտրություններում անվերապահ հաղթանակ տանելու, ավագանիում բացարձակ մեծամասնություն ունենալու նպատակին, ինչն էլ իր հերթին հանգեցրել էր փոխադարձ ատելության և հակաքարոզչության հայտնի դրսևորումներին: Հիմա, եթե կա գիտակցում, որ հարաբերական անդորրը պետք է բերել կայուն, կառուցողական դաշտ, առնվազն պետք են քաղաքական հայտարարություններ, իսկ որ ավելի արդյունավետ կլինի, կոնկրետ քայլեր, որ նոր իշխանությունը առնվազն չի ստորադասում ընտրությունների որակը այդ ընտրություններում իրենց համար ցանկալի արդյունքներից:

Վերջիվերջո, որևէ ընտրությամբ քաղաքական կյանքը չի ավարտվում: Այն թյուր մտայնությունը, որ ընտրությունները շուտով ամեն ինչ կգցեն իրենց տեղը, ապագայում ցույց է տալու իր անպտուղ էությունը: Իշխանությունը, որպես քաղաքական կյանքի հիմնական նախագծող, պետք է հասկանա, որ պատասխանատու է և հոգ է տանում ոչ միայն իր ներկայացրած քաղաքական ուժի ձայների համար, այլևս, ըստ էության, պատասխանատու է ընդհանրապես քաղաքական դաշտի առողջացման համար: Այդ առողջացումն ապահովելու համար նա ունի բավարար գործիքներ:

Որևէ կերպ չնսեմացնելով որևէ ուժի՝ընտրություններում հաղթելու բնական ձգտումը, ամեն դեպքում պետք է ֆիքսենք, որ քաղաքական դաշտը միայնակ զբաղեցնել, միայնակ ներկայացնել հնարավոր չէ: Հետևաբար, անկախ նրանից, թե ընտրություններում նոր իշխանությունը կունենա պարզ, թե բացարձակ մեծամասնություն, չի ունենա մեծամասնություն և ստիպված կլինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմել, թե կլինի լոկալ ընդդիմություն պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ ուզած, թե չուզած, կարիք է լինելու աշխատել նաև այլ քաղաքական ուժերի հետ:

Քարոզարշավային մի քանի օրվա բուռն բախումներին հաջորդած հարաբերական անդորրն այս իմաստով շանս է տալիս վերադառնալ կառուցողական հուն և դա անել բավական երկարաժամկետ հեռանկարով: Այլապես կարող է ստացվել, որ անդորրն իսկապես ժամանակավոր է, և որ առաջիկայում մեզ նորից սպասվում են իրարամերժության և հարձակումների նոր դրսևորումներ:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930