Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտավորապես երկրորդ տարում ես մեր մեջ ինչ-որ քիմիա զգացի. Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի մասին. ամբողջական հարցազրույցը «Կոմերսանտին»

Սեպտեմբեր 20,2018 00:29

Այն բանից հետո, երբ Հայաստանում հարուցեցին քրեական գործ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Դրան լրացուցիչ ինտրիգ է հաղորդում այն, որ պարոն Քոչարյանը համարվում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում նախկին նախագահը պատմել է, թե երբ է բարեկամացել Ռուսաստանի առաջնորդի հետ, և որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ և ումն է համարում Ղրիմը:

—Հայաստանում արդեն եղել է ղեկավար, որը քաղաքականությունից ավելի քան տասը տարի հեռանալուց հետո փորձեց վերադառնալ: Նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին 2008թ.: Դա վերածվեց մի իրադարձության, որի արձագանքը Ձեր շուրջ ներկայիս իրավիճակն է: Այդ առիթով Ձեզ մոտ կասկածներ չե՞ն առաջանում: Դա կարող է անհեռանկարային լինել (ինքներդ ասացիք, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը պարտվեց ընտրություններում), կամ այնքան էլ լավ չավարտվել:

—Իմ ուսերին երկու նախագահություն կա՝ Ղարաբաղում և այստեղ՝ Հայաստանում: Եվ արդյունքներից ելնելով՝ բավականին հաջող: Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Ես այն տասը տարի չեմ փնտրել: Բոլոր հնարավոր կարիերային բարձունքներն իմ կողմից հաղթահարված են: Այո, ես կուզեի, որ ինձ դիմեն «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում: Սակայն հարցը որևէ պաշտոն զբաղեցնելու ձգտումը չէ, այլ հստակ գիտակցումը, որ այժմ տեղի ունեցողն ուղղակի անթույլատրելի է երկրի համար: Դա քեզ ընդհանրապես այլ կերպ է մոտիվացնում: Լինել մի կողմում և անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ հիմա կատարվում է, ես ինձ դա ուղղակի չէի ների:

—Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր դերը: Դուք ցանկանում եք լոկոմոտի՞վ լինել, ով կքաշի ուրիշներին՝ Ձեր տեսանկյունից ավելի արժանիներին, թե՞ ինքներդ եք հավակնում պետության գործընթացները ղեկավարել:

—Այդ տարբերակներից յուրաքանչյուրը հնարավոր է: Սակայն ինչ եմ ես արդեն արել. ցույց եմ տվել գնահատող հասարակությանը, որ պետք չէ վախենալ, պետք է արտահայտել սեփական տեսակետը, պետք է պայքարել այդ տեսակետի համար: Այդ առումով ես արդեն ինչ-որ բանի հասել եմ: Հայաստանում ներկայումս մթնոլորտն այնպիսին չէ, ինչ երկու ամիս առաջ:

—Իսկ ինչպիսի՞ն է մթնոլորտը:

—Եղե՞լ, թե՞ կա:

—Հիմա: Ինչպիսին էր՝ ես տեսել եմ. կար էյֆորիա, ուրախություն:

—Նախ՝ պետք է վերջապես սկսել աշխատել: Մտածել տնտեսության մասին, ստեղծել աշխատատեղեր, մտածել երկրի անվտանգության մասին: Ես տեսնում եմ, որ հիմա լրատվամիջոցներն իրենց բացարձակ այլ կերպ են պահում, հիմա հնչում են ընդհանրապես այլ տեսակետներ այն մասին, ինչ տեղի է ունենում: Մեկ ու կես, երկու ամիս առաջ այլ իրավիճակ էր: Էյֆորիա՝ հասարակության մի մասի մոտ և անզգայացում՝ հասարակության այն մասի մոտ, որը վերլուծում է, մտածում, հասկանում ինչ-որ գործողությունների, միտումների հետևանքները: Հիմա հասարակության այդ մասը արտահայտվում է ամբողջ ձայնով, և, ես կարծում եմ, որ դա կշարունակվի: Այդտեղ, կարծում եմ, էական դեր կատարեց իմ դիրքորոշումը: Դա նույնպես փաստ է:

—Դուք ասում էիք, որ առաջացել է վտանգ պետականությանը, վտանգ պետական ինստիտուտներին և անգամ վտանգ անվտանգությանը: Ինչո՞վ է այն արտահայտվում:

—Մենք ապրում ենք բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում: Մենք չորս հարևան ունենք, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են: Մեկի հետ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, և պատմական խնդիրների և փոխադարձ անընդունելիության մեծ բեռ կա: Մյուս կողմից, մեզ մոտ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ է: Սակայն սա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի բռնկվել: Ցանկացած անզգույշ քայլ աշխարհաքաղաքական առաջնահերթություններում ուղղակի վտանգ է երկրի անվտանգությանը:

—Եկեք պարզ խոսենք. Դուք նկատի ունեք, որ նոր իշխանությունները արևմտամե՞տ են:

—Հարցն այն չէ, որ նրանք արևմտամետ են: Ես անգամ չէի խոսի արևմտամետ կամ ռուսամետ ուղղվածության մասին: Պետք է խոսել իրողության մասին: Կա՞ արդյոք հնարավորություն խոսել մեր անվտանգության մասին կոորդինատների այլ համակարգում: Որքա՞ն է դա իրական: Մեզ բոլորիս կսկսենք անվանել հայամետ քաղաքական գործիչներ: Սակայն, լինելով հայամետ, մենք կարող ենք խորապես սխալվել առաջնահերթությունների ընտրության մեջ: Այդ պատճառով ես ձեռնպահ կմնայի «ռուսամետ» կամ «արևմտամետ» կլիշեներից: Խոսքն այն է, ինչպես ենք մենք ընկալում կոորդինատների այն համակարգը, որտեղ գտնվում ենք: Ճի՞շտ ենք այն ընկալում: Եղել են բացարձակ անընդունելի քայլեր, և հիմա փորձում են դա ուղղել: Որքան է դա անկեղծ, ցույց կտա ժամանակը:

—Ձեր հարցազրույցներից մեկում մի նախադասություն կարդացի, որ ներկայիս իշխանությունները փորձում են երկիրը շրջել 180 աստիճան: Դուք նկատի ունեիք աշխարհաքաղաքականությունը, թե՞ այլ բան:

—Նախ և առաջ աշխարհաքաղաքականությունը:

– Որտե՞ղ են ցանկանում այն շրջել: Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա Վլադիմիր Պուտինի մոտ և ասաց, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, և Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է:

—Նա ցանկանում է ուղղել այն տպավորությունը, որ թողել է իր առաջին քայլերից հետո և իր նախկին ամբողջ գործունեությունից:

—Հաճախ լինում է, որ քաղաքական գործիչը իշխանության համար պայքարի ընթացքում ասում է մի բան, սակայն հետո նրա իշխանությունը սկսում է ինչ-որ կերպ ձևավորել:

—Հենց դա էլ ինձ անհանգստացնում է: Դա նշանակում է անհետևողականություն, նշանակում է, որ որոշակի հանգամանքներում այն նույն կերպ կարող է վերաձևավորվել: Այդպիսի հատկանիշներ հաճախ են հանդիպում քաղաքական գործիչների մոտ, սակայն քաղաքական գործչի և պետական գործչի միջև տարբերությունն այն է, որ վերջինս որոշումներ ընդունելիս մտածում է երկար, ռազմավարորեն:

—Կարո՞ղ եք ասել հեղաշրջման հատկանիշները:

—Ինձ համար ընդհանրապես անհասկանալի է հայկական կողմի մասնակցությունը, ի դեմս առաջին դեմքի, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Մասնակցություն՝ միջանցքներում ինչ-որ սելֆիների համար:

—Վլադիմիր Պուտինը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչպես նաև Դմիտրի Մեդվեդևը:

—Դրանք այլ ժամանակներ էին: Ես նույնպես մասնակցել եմ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, սակայն այն ժամանակ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ծրագրերը ավելի շատ էին, քան ՆԱՏՕ-ի և Հայաստանի: Չկար նման հակադարձություն, այլ կար փոխգործակցության վեկտոր դաշինքի և Ռուսաստանի միջև: Այն իրավիճակում, երբ խզված են անգամ կապերը,  նման ընդգծված մասնակցությունը որոշակի ազդակ է: Արդյոք դա արվել է չհասկանալու պատճառով, թե նպատակաուղղված՝ ես չգիտեմ: Սակայն դա հարցեր է առաջացնում: Նրանք, ովքեր կարծում են, որ մենք անվտանգության հարցերով գտնվում ենք կոորդինատների մի համակարգում, որն առավել արդյունավետ է ապահովում մեր անվտանգությունը, անհանգստացած են: Դա բնական անհանգստություն է:

—Կա՞ն արդյոք հարցեր, որոնցում Ձեր և Նիկոլ Փաշինյանի տեսակետները համընկնում են:

—Շատ հարցերում ես ընդհանրապես չգիտեմ նրա դիրքորոշումը:

—Ինձ թվում էր, որ Ղարաբաղի հարցում Դուք նման կարծիք ունեք: Նա ասում է, որ Ադրբեջանին զիջումներ չեն լինելու, Դուք նույնպես պահպանում էիք կոշտ ուղին:

—Ես Ղարաբաղի հարցով երկար բանակցություններ եմ տարել՝ դեռևս լինելով Ղարաբաղի նախագահ: Ցանկացած բանակցություններ ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ: Հարցն այն չէ, որ պետք է դիրքավորվել և կարգախոսներ ասել, որոնք ոգևորված ամբոխը կընկալի պոպուլիստական կերպով: Պետք է իրականացնել պատասխանատու քաղաքականություն, որի ընթացքում ավելի քիչ կկրակեն շփման գծում, և որի դեպքում դու սկզբունքորեն չես հանձնի քո դիրքերը: Խոսքը նուրբ դիվանագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է: Դա այն թեման չէ, որ դարձնես հանրահավաքային քննարկումների առարկա: Ցանկացած անզգուշություն անպայման արձագանք կստանա շփման գծում կրակի ինտենսիվությամբ՝ այսօր խրամատներում գտնվողների կյանքի համար վտանգով: Պետք է ուղղակի հրաժարվել դրանից: Հատկապես մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել և կյանքում առաջնագծում չեն եղել, ովքեր խուսափել են բանակում ծառայությունից: Այսօր կառավարությունում համարյա չկան ծառայած մարդիկ: Բնականաբար, որևէ սկզբունքային բանակցային դիրք հանձնել չի կարելի, սակայն կարգավորման խնդիրը դարձնել պոպուլիստական թեմա՝ շատ վտանգավոր է:

—Նիկոլ Փաշինյանը Ձեզ և Սերժ Սարգսյանին անվանել է քաղաքական դիակներ: Գարնանային իրադարձություններից հետո տպավորություն էր, որ նախկինում իշխանության եղած անձանցից ոչ մեկ ոչ մի հնարավորություն չունի: Ի՞նչը Ձեզ ստիպեց մտածել, որ կարող եք վերադառնալ քաղաքականություն և հաջողել:

—Ինչի՞ց է նա՝ պարոն Փաշինյանն, այդքան մտահոգ: Նրա բոլոր ցույցերը կիսով չափ նվիրված են իմ թեմային: Որտեղի՞ց է այդ անհանգստությունը, եթե չկա քաղաքական գործոն՝ ի դեմս Քոչարյանի: Ի՞նչ է կատարվում:

—Հարցի պատասխանն ունե՞ք:

—Կարծում եմ՝ յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է պատասխանը: Նրան խիստ անհանգստացնում է, ինչպես ես եմ հասկանում, իմ նախագահական կառավարման ժամանակ ձեռք բերված արդյունքները: Եվ հասարակության զգալի մասը հասկանում է, որ ես ի վիճակի եմ դա կրկին անել: Ամենագլխավորն այն չէ, ինչ եղել է անցյալում, այլ այն, ինչ կարող ես անել ապագայում: Ի՞նչ ենք ստացել այսօր: Հասարակության բաժանում սպիտակների և սևերի: Վախեցրել ենք ոչ միայն սեփական, այլ նաև օտարերկրյա ներդրողներին: Հիմնական սննդատեսակների գների կտրուկ աճ, հասկանալի տնտեսական քաղաքականության բացարձակ բացակայություն: Ոչ ոք չգիտի՝ ինչ է կառավարության այս նոր անդամների գլխում: Դա նշանակում է անորոշություն, իսկ գումարներն անորոշությունից փախչում են: Դա լրիվ հակառակն է նրա, ինչ կար իմ ժամանակ: Եվ լրիվ հակառակն է այն բանի, թե ինչպես են մարդիկ պատկերացնում ինձ նախագահի դերում. որոշակիություն, կանխատեսելիություն, կարգ, տնտեսական աճ:

—Այս տարի ստեղծվեց մի իրավիճակ, որի պարագայում իշխանությունը փոխվեց այնպես, ինչպես մենք բոլորս տեսանք: Որո՞նք են նախորդ իշխանությունների սխալները:

—Ես նախագահ եմ եղել ավելի քան տասը տարի առաջ: Ես պատասխանատու չեմ վերջին տասը տարիների համար: Կանվանեմ երկու հիմնական թիվ իմ ժամանակներից. ՀՆԱ հնգապատիկ աճ և բյուջեի ութապատիկ աճ: Ի՞նչ ունենք հիմա. տեսնենք: Երկրում վարչապետությունը, լիդերությունը մարաթոն է: Ծիծաղելի է, երբ մարաթոնյան վազքի վազորդը, վազելով 500 մետր, գոռում է, որ արդեն հաղթել է: Համբերություն է պետք: Դա դժվարագույն աշխատանք է: Վարչապետի աշխատանքը պահանջում է ջանք, աշխատասիրություն, ընդհանուր պատկերը տեսնելը, ուղղորդված շարժումներ: Ես շատ ուրախ կլինեի, եթե այս հարցում սխալվեի, քանի որ երկիրը դրանից՝ լավ արդյունքներից, միայն կշահեր:

—Ես կցանկանայի լսել Ձեր գնահատականը նախկին իշխանությունների սխալների մասին, որոնք գարնանը հանգեցրին հեղափոխության:

—Ես այդ սխալների մասին ասել եմ, երբ այդ իշխանությունը կար: Ես բավականին խիստ եմ արտահայտվել, եղել եմ նրա ամենալուրջ քննադատներից մեկը՝ առանց քաղաքականությանը մասնակցելու հայտի: Սակայն տեսնում էի, որ անվտանգության հարցերում այն իշխանությունը բավականին պատրաստված էր, այդ ոլորտում փորձ ուներ և բավարար ջանքեր էր գործադրում: Չեմ ուզում կանգ առնել այն բանի վրա, թե նա ինչն այնպես չէր անում: Շատ ավելի հեշտ է քննադատել նրանց, ովքեր արդեն գնացել են: Ես քննադատել եմ, երբ նրանք իշխանություն ունեին, անգամ հաշվի առնելով նախկին նախագահի հետ անձնական ընկերական հարաբերությունները: Ես անցնում էի այդ հարաբերությունների վրայով արտահայտվելու համար բաների մասին, որոնք իմ կարծիքով սխալ էին արվում: Ինչպես ես կարող եմ հիմա անտարբեր վերաբերվել նրան, ինչ տեղի է ունենում, եթե գտնում եմ, որ սխալ բաներ են կատարվում: Հանգիստ վերաբերվել չեմ կարող: Ինձ չկալանավորեին էլ, կրկին ինձ այսպես էի պահելու: Կարծում եմ, այդ մասին գիտի ներկա իշխանությունը: Կարծում եմ՝ իմ կալանավորումը հավանական քաղաքական հակառակորդին մեկուսացնելու փորձ էր: Իմ բնավորությունը լավ գիտեն Հայաստանում. ես երբեք չեմ խաղացել և չեմ ձևացրել:

—Ձեր ընկերությունը Վլադիմիր Պուտինի հետ ինչ-որ ժամանակվանից հայտնի փաստ է: Ձեզ կոչում են այն քիչ մարդկանցից, որոնց հետ նա իրոք մոտ հարաբերություններ ունի: Նրանց թվին են պատկանում Սիլվիո Բերլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը և Դուք: Ռուսաստանի նախագահը օգոստոսի 31-ին զանգահարեց և անձամբ շնորհավորեց Ձեզ ծննդյան տոնի առթիվ: Շատերի կողմից դա մեկնաբանվեց որպես ցուցադրական աջակցություն այն ժամանակահատվածում, երբ Ձեր դեմ գործ էր հարուցվել: Եվ դա արվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Մոսկվա այցից ոչ շատ վաղ: Ձեզ Պուտինը սատարե՞ց, երբ զանգահարեց:

—Իմ նախագահության և Վլադիմիր Պուտինի նախագահության ութ տարիներին մենք համագործակցել ենք: Հարաբերությունները բացարձակ անկեղծ էին: Արդյունքները ցնցող: Հայաստանում համարյա չկային ռուսական ներդրումներ: Հիմա նայեք, քանի ռուսական կազմակերպություններ են մտել հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր: Ես դեռ չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Իհարկե, ձևավորվել են նաև անձնական հարաբերություններ: Մենք երբեք մեկս մյուսին չենք խաբել: Այդ հարաբերությունները միշտ եղել են շատ անկեղծ, բաց և ուղիղ: Ե՛վ ես, և՛ նա միշտ կարծել ենք, որ պետք է խնդիրների մասին ուղիղ խոսել, լուծել դրանք, պայմանավորվել: Տարաձայնությունների չբարձրացնել հանրային մակարդակ (տարաձայնություններ միշտ եղել են): Հենց հանում ես հանրային մակարդակ, պետք է հենց այդ հանդիսատեսին ապացուցել՝ ով է ճիշտ, ով սխալ, իսկ դա խիստ բարդացնում է իրական փոխզիջումների փնտրտուքը: Կան նման օրինակներ հենց ԵԱՏՄ միավորման այլ երկրների հետ: Այդպիսի երկարատև համագործակցությունը մեզ մտերմացրել է և ուղղակի մարդկային առումով: Մեր շփումները շարունակվում էին իմ նախագահությունից հետո ամբողջ ժամանակ: Ես դրանք չեմ ցուցադրել և չեմ փորձել որևէ կերպ կապիտալիզացնել:

—Դա արդեն արվել է. դրանք արդեն հանրային են, նշանակում է կկապիտալիզացվեն:

—Այո, սակայն մենք անընդհատ շփվել են նախագահությունից հետո: Ես մեծ հարգանքով եմ նրան վերաբերում, զգում եմ, որ նրա վերաբերմունքն իմ նկատմամբ նույնն է: Մենք հարգում ենք միմյանց, հարգում ենք այն աշխատանքը, որ միասին արել ենք ռուս-հայկական հարաբերություններում: Մեր հանդիպումները, զրույցները միշտ չեն սահմանափակվել Հայաստանում իրավիճակով, դրանք շոշափում էին շատ ավելի լայն հարցերի շրջանակ:

—Ի՞նչ է ընկած պետության ղեկավարների բարեկամության հիմքում: Դրանք կարող են լինել կամ ինչ-որ ընդհանուր հայացքներ, կամ միասին անցած ինչ-որ բան, ինչը կմոտեցնի մարդկանց: Ձեր դեպքում դա ի՞նչ է:

—Դա քիմիա է, որը ոչ միշտ էլ կարելի է բացատրել: Դա կարող է լինել և՛ անցած ուղի, և՛ ուղղակի փոխադարձ համակրանք: Քի՞չ բան կա: Չեմ կարծում, որ կա ինչ-որ առանձին գործոն, դա գործոնների գումար է, որոնք դրվում են մեկը մյուսի վրա և ստեղծում են մարդկանց միջև էմոցիոնալ սիներգիա: Եվ դա դառնում է ցեմենտող բացատրություն այդ հարաբերությունների համար:

—1999թ. հոկտեմբերը գործոնների այդ գումարում ինչ-որ տեղ գրավու՞մ է: Հոկտեմբերի 30-ին Վադիմիր Պուտինը ժամանեց Երևան, որտեղ նախորդ օրը տեղի էր ունեցել խորհրդարանի ահաբեկչությունը: Այդ ժամանակ Դուք անձամբ էիք վարում բանակցությունները: Դա նրա հետ Ձեր առաջի՞ն շփումն էր:

—Դա առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից ձևավորվեց ընկերություն: Լուրջ մարդիկ մեկ-երկու շփումից, մեկ-երկու հանդիպումից ընկերական հարաբերություններ չի կարող ձևավորել: Այդպես չի լինում: Ես «ընկեր» հասկացությանը շատ լուրջ եմ վերաբերում, որպեսզի մեկի հետ մեկ-երկու-երեք անգամ հանդիպելով ասեմ, որ նա իմ ընկերն է: Լեզուս չի պտտվի: Դա տարիներով է կառուցվում: Չեմ կարծում, որ մարդը կարող է հարյուր ընկեր ունենալ:

—Վլադիմիր Պուտինի հետ ձեր ծանոթության որերո՞րդ տարում կարող էիք ասել, որ նա Ձեր ընկերն է:

—Մոտավորապես երկրորդ տարում ես մեր մեջ ինչ-որ քիմիա զգացի:

—Փոխադա՞րձ:

—Այո, այդ ամենը փոխադարձ է լինում: Հայաստանը փոքր երկիր է, և եթե քո մեջ նստած է վասալության զգացում, երբեք այդ ընկերությունը չի լինի:

—Այսինքն Դուք նրա հետ հավասարը հավասարի հե՞տ էիք խոսում:

—Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Հայաստանը անհամեմատելի են իրենց ներուժով, սակայն եթե ունես ներքին ազատություն, ապա որպես մարդ դու հարաբերություններ չես կառուցում դե-ֆակտո անհավասար ռեսուրսների ճնշման տակ: Շատերի մոտ դրա վրայով անցնել ուղղակի չի ստացվում: Ես տարբեր գագաթաժողովներում տեսել եմ, ինչպես են փոքր երկրների շատ ղեկավարներ ԱՄՆ-ի նախագահի շուրջ պտտվում: Դե չի կարող այդտեղ ընկերություն լինել: Այդտեղ կարող են լինել ինչ-որ վասալական հարաբերություններ: Եթե խոսում ենք ընկերության մասին, ապա պետք է խոսենք անձնական հարաբերությունների մասին: Անձնական հարաբերությունների մասին՝ կտրված այն բանից, ինչ չափերի պետություն է կանգնած այս կամ այն նախագահի թիկունքին: Դա ախր նկատելի է, շողոքորթում է նա խոշոր տերության նախագահին, պտտվում է նրա շուրջ, թե կա ներքին արժանապատվություն ու ըմբռնում, որ պետությունները հավասար չեն, սակայն անձնական պլանում դու այնքան ազատ ես, որ պատրաստ ես մարդու հետ անձնական հավասար հարաբերությունների: Եվ այն, որ նա հսկայական, մեծ և ուժեղ երկրի նախագահ է, չի ճնշում քո ներքին ազատությունը, ինքդ քո անձնական ընկալումը այդ հարաբերություններում:

—Կարո՞ղ եք հեռախոսը վերցնել և զանգահարել Վլադիմիր Պուտինին: Նրա ծննդյան օրը հոկտեմբերին է:

—Տեխնիկապես դա բարդ է: Դա բաց կապ է, չես զրուցի: Ես բավականին հաճախ եմ Մոսկվայում լինում, և, որպես կանոն, օգտագործել եմ այդ հնարավորությունը:

—Եվ հոկտեմբերին Դուք … Դուք ախր հիմա չեք կարող մեկնել, չեք կարող գնալ նրա ծննդյան տարեդարձին:

—Դա ակնհայտ խնդիր է, քանի որ ես դատարանի որոշմամբ անձեռնմխելիությամբ ազատ եմ, սակայն այնուամենայնիվ անձնագիրս չեն վերադարձնում և ասում են, որ ես չեմ կարող մեկնել: Բացարձակ ապօրինի է:

Իշխանությունը, որն ամբողջ ժամանակ խոսում է երկրում օրինականության հաստատման մասին, իրեն պահում է արմատապես հակառակ ձև: Իմ ամբողջ կյանքն անցել է պայքարի մեջ, ուստի ես չեմ վհատվում: Ինչը չի սպանում, ուժեղ է դարձնում: Այս հայտնի արտահայտությունն ինձ համար միշտ նշանաբան է եղել:

—Կարելի՞ է ասել, որ Դուք Վլադիմիր Պուտինի հետ համախոհներ եք: Որ միանման եք նայում ինչ-որ հարցերի:

—Աշխարհընկալումը բավականին նման է:

—Դուք Վլադիմիր Պուտինին դու-ո՞վ եք դիմում:

—Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Ուղղակի դա (ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին տեղեկատվությունը-խմբ.) արտահոսեց հանրային հարթություն: Այդ զանգը լուրջ աջակցություն է, սակայն ես երբեք նման հարաբերությունները չեմ ցուցադրել:

—Դուք ասացիք, որ Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկում եք հարցերի լայն շրջանակ: Առկա է Ռուսաստանի և Արևմուտքի սուր դիմակայություն, հակամարտություն Ուկրաինայում: Դուք հավանաբար նրա հետ շոշափել եք այդ հարցերը: Այդ առումով, հետաքրքիր է Ձեր պատասխանն այն հարցին՝ ինչու են Ռուսաստանը և Արևմուտքը այժմ հարաբերությունների այսպիսի փուլում: Կամ ինչու է Ուկրաինայում տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում:

—Այս թեմաներն արդեն առանձին հարցազրույցի համար են: Հարցն այն է, թե ինչ բիոքիմիա ունեն մարդիկ, ինչպես են նրանք մտածում՝ հիմնվելով առողջ դատողության վրա: Դա խստորեն ձևավորում է մարդու տեսակը: Դա թույլ տվեց մեզ հեշտ շփվել: Նրա մեջ (Վլադիմիր Պուտինի-խմբ.) ինձ դուր գալիս այն, որ նա հարաբերություններում երբեք չի փորձում ընդգծել, որ ինքը Հայաստանից 30 անգամ մեծ երկրի նախագահ է: Երբեք դա չի արել: Շարժումը երկկողմանի է:

—Ձեր առաջին շփումը 1999 թվականին…

—Դա ֆորմալ շփում էր:

—Հասկանում եմ, սակայն հոկտեմբերի 30-ին նա ժամանեց Երևան, իսկ մի քանի օր առաջ դուք բանակցում էիք խորհրդարանը գրաված ահաբեկիչների հետ: Վլադիմիր Պուտինը հայտնի է նրանով, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չի վարում: Սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ. մեկը չի վարում, իսկ երկրորդն անձամբ գնաց զրուցելու: Երբևէ նրա հետ քննարկե՞լ եք այդ ողբերգական միջադեպը:

—Ոչ: Չեմ քննարկել: Նա այն ժամանակ նոր էր նշանակվել Ռուսաստանի վարչապետ, պատվիրակության հետ ժամանեց հուղարկավորությանը: Դա զուտ պաշտոնական հանդիպում էր, առաջին ծանոթությունը, առաջին ձեռքսեղմումը: Ոչ մի նման բան չենք քննարկել: Ինչ վերաբերում է ահաբեկիչների հետ բանակցություններ վարելուն, ապա պետք է ռեալ գնահատել այդ իրավիճակը: Այն ժամանակ պատանդ էին ավելի քան 80 պատգամավոր: Եվ դա այն դեպքն է, երբ ես իմ կենսական համոզմունքների շրջանակներում չէի կարող մնալ: Ես տեսնում էի, որ դրանով զբաղվող չկա: Նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է դրանով զբաղվեին, ուղղակի փախան: Ես ինձ վրա վերցրեցի այդ պատասխանատվությունը. եթե այդ բանակցությունների ընթացքում որևէ մեկը մահանար, ամեն ինչ ինձ վրա կթողնեին: Այն ամենը, ինչ կատարվում է հիմա, այդ նույն համոզմունքների շրջանակներում է. վերցրու՛ պատասխանատվություն, հեռու մի՛ մնա, եթե զգում ես, որ պարտավոր ես դա անել: Եթե ոչ դու, ապա ո՞վ:

—2008 թվական: Զգու՞մ եք պատասխանատվություն Երևանում մարտյան բողոքների արդյունքում զոհվածերի համար:

—Պատասխանատվությունը առաջին հերթին նրանց վրա է, ովքեր նախընտրական արշավի արդյունքում այնքան ծայրահեղականացրեցին իրավիճակը, որ այդ ամենը պայթեց այդ կոնֆլիկտով:

—Սակայն իշխանությունները միշտ զենք չկիրառելու ընտրություն ունեն:

—Տասը զոհերի համար պատասխանատվությունն ընկնում է նախ և առաջ նրանց վրա, ովքեր հրահրեցին զանգվածային անկարգություններ: Եվ իհարկե, քանի որ այս իրավիճակում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Անկասկած, կիսվում է: Գուցե ինչ-որ մեկը կարող էր ինչ-որ բան անել, ինչը կկանխարգելեր այդ կոնֆլիկտը: Սակայն ստորադասական եղանակով, հետադարձ կարելի է մտածել սցենարների այնպիսի քանակություն, որ ուղղակի կխճճվես: Ամեն ինչ այդ իրավիճակում կարող էր ավելի վատ լինել: Հետ պտտելով՝ հաճախ մտածում էի, որ կարելի էր այլ կերպ անել, որպեսզի դա տեղի չունենար: Շատ բարդ է: Երբեմն մտածում ես, որ ահա այսպես կարող էր այլ կերպ լինել, և միանգամից բազում փաստարկներ, որ կարող էր և ավելի վատ լինել: Փաստացի ես ուղղակի համոզված եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանությունների վրա է, սակայն առաջին հերթին պատասխանատու են նրանք, ովքեր հրահրեցին զանգվածային անկարգություններ: Իհարկե, դա ողբերգություն էր, և աստված չանի, որ նման բան կրկնվի: Տեսեք՝ ինչ է հիմա կատարվում: Կրկին հասարակությունը բաժանում են սպիտակների և սևերի:

—Նրանք, ովքեր Փաշինյանի կողմից են, և նրանք, ովքեր դե՞մ են:

—Ոչ: Սպիտակները լուսավոր ուժերն են, իսկ սևերը՝ մութ: Այն ժամանակ նույն բանն էր կատարվում: Այն ժամանակ ամբողջ նախընտրական արշավը կառուցվեց բողոքական էլեկտորատի մոբիլիզացման վրա, և հիմնական կոչերը սպիտակ-սև էին: Սակայն քաղաքական գործիչը պետք է պատասխանատու լինի ոչ միայն իր արարքների և գործողությունների համար, այլև նրանց գործողությունների, ովքեր իր հետևից գնացել են: Քանի որ ինքն իր խոսքերով ստեղծում է մթնոլորտ, որի պայմաններում այդ գործողությունները դառնում են հնարավոր: Այ հիմա ասում են, որ երկրում կան սև ուժեր և սպիտակ ուժեր, և «նրանք, ովքեր մեզ հետ չեն, սև ուժեր են»: Սև-սպիտակ հատկանիշներով նախադրյալներ են դրվում հասարակության բևեռացման համար:Չի կարելի դրան անտարբեր վերաբերել:

—Մի՞թե քաղաքական գործիչները երբևէ այլ կերպ են գործել: Դուք հիմա նույնպես ասում եք, որ նրանք, ովքեր հիմա իշխանություն են, բոլորը ապակայունացնում և անվտանգությանը սպառնալիք են ստեղծում: Դա նույնպես այդ տրամաբանության մեջ է:

—Մենք հասարակությունը չեն բաժանում: Ես խոսում եմ որոշակի քաղաքական գործիչների մասին: Որոշակի մարդկանց, ովքեր դա անում են, կառավարության մասին: Խնդրեմ, քննադատեք կառավարությունը, եթե այն ինչ-որ բան այնպես չի անում, իսկ դու ընդդիմություն ես: Քննադատիր ընդդիմադիրին, եթե նա ինչ-որ բան այնպես չի անում: Սակայն մարդկանց բաժանել սպիտակների և սևերի… Մենք դա անցել ենք՝ կարմիրներ, սպիտակներ: Տեսել ենք՝ ինչի դա կարող է հանգեցնել:

— Կարմիր ու սպիտակ կամ սև ու սպիտակ կա Հայաստանի ոչ միայն ներքին քաղաքականության մեջ: Ես կցանկանայի, որպեսզի Դուք Ձեր կարծիքն արտահայտեք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածությունում: Դուք երկար ժամանակ նախագահ եք եղել, հեռացել եք 2008թ.. այդ ժամանակ օգոստոսին սկսվեց Վրաստանի պատերազմը: Ի՞նչ էիք մտածում այդ հակամարտության վերաբերյալ և ի՞նչ եք մտածում հիմա: Ինչո՞ւ դա տեղի ունեցավ: Ինչի՞ արդյունք էր: Դա ռուս-վրացակա՞ն պատմություն է, թե՞ ավելի լայն է:

— Կարծում եմ՝ ավելի լայն է: Ես անգամ դա չէի անվանեի ռուս-վրացական պատմություն: Այդ հարցերը դժվար է պարզեցնել:

— Պետք չէ պարզեցնել:

— Նա կա էթնոս, որն այնտեղ է ապրում: Առաջին հերթին պետք է հարցնել՝ ինչ է նա ուզում: Կա Վրաստան և կա Ռուսաստան: Այս ամենն այն ժամանակ տեղավորվում էր Սաակաշվիլիի՝ Վրաստանի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների, այդ առաջնահերթությունների փոփոխության ավելի լայն համատեքստում:

Բազմաթիվ հարցեր կան, որոնք որոշակի պահի ձևավորում են որոշակի պայթյունավտանգ խառնուրդ, որը կարող է պայթել, կամ չպայթել: Տվյալ դեպքում արդեն շատ բան սկսում է կախված լինել այդ գործընթացները կառավարող առանցքային մարդկանց անձնական հատկանիշներից: Նրանց խառնվածքից, պատասխանատվությունից, նրանից՝ որքան հեռու են նրանք պատրաստ գնալ և ինչ են պատրաստ զոհել հանուն իրենց տեսլականի իրականացման: Շատ հաճախ նման բաները տեղի են ունում այս կա այն ղեկավարի այս կամ այն անձնական հատկանիշների պատճառով: Իրավիճակը գնահատելիս պետք է վերլուծել ոչ միայն շահերը, այլև գնահատել այդ գործընթացի առանցքային մարդկանց անձնական հատկանիշները: Արդյոք մարդը զգույշ է, թե անզգույշ, արդյոք երեք քայլ առաջ է մտածում, թե ոչ: Սկզբում ինչ-որ բան անում է, հետո՝ մտածում, թե՞ հակառակը:

— Դուք երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Ուկրաինայում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ, և Ղրիմի հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ:

— Կանխագուշակե՞լ: Ես երբեք չէի կարող մտածել, որ կարող է պատերազմ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Դժվար է պատկերացնել, որ նման բան հնարավոր է:

— Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք Ղրիմում տեղի ունեցածին: Կոպիտ ասած՝ Ղրիմն ու՞մն է:

— Այդ թեմայով առիթ ունեցել եմ արտահայտվել: Այնուամենայնիվ, Ղրիմն առանձին պատմություն է:

—Բայց այդ պատմությունն ինչ-որ մեկինն է:

— Ռուսները համոզված են, որ Ղրիմը ռուսական է: Եվ պատմականորեն, անկասկած, այն ռուսական է: Իմ վերաբերմունքը, որպես ծնունդով Ղարաբաղից և Ղարաբաղի առաջին նախագահ, այն է, որ պետք է առաջին հերթին նայել՝ ինչ են մտածում այդ հողի վրա ապրող մարդիկ: Ինչի՞ մասին է խոսքը: Հողի ինչ-որ քառակուսի կիլոմետրերի՞, թե՞ այնուամենայնիվ մարդկանց, որոնք ապրում են այդ հողի վրա:

— Ավելի հաճախ մտածում են քառակուսի կիլոմետրերի մասին, քան մարդկանց:

— Ցավոք: Հնարավոր չէ մարդուն կտրել այն հողից, որի վրա նա ապրում է: Համոզված եմ, որ այն ոչ միայն կիլոմետրեր է, այլև մարդիկ: Հետևաբան գոյություն ունի հանրաքվեի գործընթաց, գոյություն ունի ինքնորոշում հասկացողությունը: Եթե կա հարգանք ազգի ինքնորոշման վերաբերյալ, ապա դա անելով այդ բոլոր գործընթացներով, որոնք գործնականում տեղի են ունեցել նորագույն պատմության մեջ մի շարք երկրներում, ապա բաժանումի ճիշտ կլիներ այն դեպքում , երբ համատեղ կեցությունը սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքն ու անվտանգությունը:

— Ղրիմի դեպքում բաժանումը ճի՞շտ էր:

— Գործնականում այն արդեն տեղի ունեցել է: Ես Ղրիմում եղել եմ մի քանի անգամ: Ոչ վերջերս: Ի դեպ, կատարվածից հետո ես Ղրիմում չեմ եղել և…

— Ինչո՞ւ չեք եղել:

— Պարզապես չեմ եղել: Ես ամռանը հանգստանում եմ Հունաստանում: Բայց մինչ այդ, լինելով Ղրիմում, ինձ մոտ հստակ ընկալում կար, որ բնակչության մեջ մասը կողմնորոշված է դեպի Ռուսաստանը, դա շատ ակնհայտ է: Թերևս, դա կարող էր տեղի ունենալ մի փոքր այլ կերպ, այնպիսի ճանապարհով, որը չէր հանգեցնի հետագա արյունահեղության Դոնեցկում և Լուգանսկում:

— Չե՞ք կիսվել այդ կարծիքով Վլադիմիր Պուտինի հետ:

— Ես հակված չեմ իմ անձնական զրույցների մասին խոսել որևէ մեկի հետ: Էթիկայի տեսանկյունից՝ դա ճիշտ չէ:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «Մարդ ա վատացել, ժողովուրդ մարդ ա վատացել» 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930