Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Բոհիգյան. «Երբ կանգնած էի Երեւանի Հանրապետության հրապարակում՝ գիտակցեցի, որ աշխարհում նման հսկայական էներգիա ունեցող վայր չկա».

Սեպտեմբեր 20,2018 00:13

«Ամերիկայի ձայն». «Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարության եւ իրական շուկայական հարաբերությունների զարգացման հարցում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա», – ԱՄՆ-ի կառավարության Արտերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը կրկնակի հպարտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավորություն ունի աջակցել պատմական հայրենիքի զարգացմանը: Կորպորացիայի նպատակն է օգնել ժողովրդավարության ճանապարհն ընտրած երկրներին ամերիկյան մասնավոր ներդրումներ ներգրավել: Ներդրումներ, որոնց մեջ Հայաստանի պետությունը մեծապես հետաքրքրված է, նշում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե Հայաստանի նման սահմանափակ պաշարներ ունեցող փոքր երկիրն ինչ կարող է առաջարկել Միացյալ Նահանգների հսկա տնտեսությանը»:

Դեյվիդ Բոհիգյանն, ով նոր էր վերադարձել Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջանային այցից նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանն այլ երկրների շարքում առանձնանում է անկրկնելի եռանդով.

«Երբ կանգնած էի Երեւանի Հանրապետության հրապարակում, պետք է խոստովանեմ՝ գիտակցեցի, որ աշխարհում նման հսկայական էներգիա ունեցող վայր չկա: Ես 50 երկրներում եմ եղել, սակայն ոչ մի տեղ, նույնիսկ Նյու Յորքի Թայմս Սքվերում չկա այդ էներգիան: Լավատեսությունն իրապես շոշափելի է այնտեղ»:

Բոհիգյանի խոսքով, մասնավոր ներդրողները Հայաստանի նոր իշխանություններից երկու կարեւոր քայլ են ակնկալում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի շարունակում եւ դրա համար համապատասխան օրենսդրության ընդունում եւ հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարություն, որն արդեն հանդես կգա տնտեսական երկարաժամկետ ծրագրով.

«Ես տեսնում եմ Հայաստանի ներկա կառավարության այդ էներգիան՝ բարեփոխումների անցկացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության հաստատման պատրաստակամությունը»:

Նշված բարեփոխումներից հետո մարդկային փայլուն ներուժ ունեցող Հայաստանը կարող է դառնալ արտերկրյա ներդրումների համար առավել գրավիչ երկրներից մեկը, համոզված է ամերիկյան պաշտոնյան.

«Այսօր աշխարհը հետեւում է Հայաստանին եւ Հայաստանը կարող է այդ ուշադրությունը ներդրումների վերածել»:

Դեյվիդ Բոհիգյանն ավելացնում է, որ նախորդ անգամ Հայաստան էր այցելել 10 տարի առաջ՝ 2008-ին: Տարբերությունն իր խոսքով հսկայական է՝ այսօրվա Հայաստանն ապագային ուղղված, ժողովրդավարության ուղի ընդունած երկիր է, որի բնակչության էներգիան եւ լավատեսությունը պարզապես տպավորիչ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930