Նազարյանը հարց ունի Նաիրա Զոհրաբյանին՝
ո՞վ էր իրեն խնդրում, որ խոսեր «Իմ քայլը» դաշինքի ցուցակի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարել ու զգուշացրել էր՝ եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական վիճակը լարել, ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց. «Եթե կլինեն մարդիկ, քաղաքական գործիչներ կան ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք ըստ էության վտանգում են ընտրությունների օրինականությունը եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան եւ պետք է քշվեն Հայաստանից»:
«Առավոտը» Լենա Նազարյանին հարցրեց՝ այսպես բոլորին Հայաստանից լարելով ու քշելով՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտի ճիշտ հակառակ ուղղությամբ չե՞ք գնում, արդեն այն մարդիկ, որոնք ի սկզբանե աջակցում էին Փաշինյանին ու իր թիմին, հիմա մի տեսակ վերապահումով են մոտենում, ասում են՝ «լավ, էլի, էս ի՞նչ եք անում»: Լենա Նազարյանը պատասխանեց. «Հասկանում ենք, բայց այդ արձագանքները, այդ արտահայտություններն ու ձեւակերպումները ի պատասխան են այն երեւույթների, որոնց վերաբերյալ մենք ինֆորմացիա ենք ստանում: Ահազանգ ենք ստանում ընտրակաշառք բաժանելու, մարդիկ են եղել, ովքեր պաշտպանել են հեղափոխությունը, հետո տակից ՀՀԿ-ի հետ են համագործակցում, վարչապետը դրա մասին խոսեց: Ընդամենը դա արձագանք է այդտեսակ քայլերի»:
Մեր հարցին՝ այս ամեն ինչը միակուսակցականության չի՞ տանելու, միանձնյա իշխանության, Լենա Նազարյանը պատասխանեց. «Չէ, ոնց է դա տանում միակուսակցականության»:
Մեր դիտարկմանը, որ ազգային համաձայնության կառավարություն չի լինում, դուք բոլորին մերժում եք, հիշեցնում իրենց սխալները՝ Նազարյանը պատասխանեց. «Ինչի՞ ենք մենք արձագանքում, Նաիրա Զոհրաբյանի ելույթը լսեցիք, իրենք մեզ մեղադրում են ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ ինչ-որ կապի մեջ, դրան ո՞նց արձագանքենք, ումից ի՞նչ են ուզում իրենք: Իրենք, որ անընդհատ կոալիցիաների մեջ են եղել, կողմ են քվեարկել Մարտի 1-ի որոշմանը: Մենք էլ պիտի գնահատական տանք, ի՞նչ է, լռե՞նք, սուս մնանք, ասենք՝ ինչ ուզում եք ասե՞ք մեր մասին: Թող իրենց քարոզարշավը անեն, ո՞վ էր իրեն խնդրում դրա մասին խոսել, ո՞վ էր իրեն խնդրում սխալ տեղեկություն փոխանցել Միքայել Հասրաթյանի մասին, ով լրիվ ուրիշ անձ է: Դա ապատեղեկատվություն է, դա սեւ PR է, որ իրենք անում են, չպատասխանե՞նք դրան»:
Մեր հարցին՝ դուք ինչ-որ բանից մտավախությո՞ւն ունեք, անհանգստությո՞ւն ունեք, որ ընտրակաշառքն ու այլ քայլերն ի վերջո իրենց արդյունքը կտան, չէ՞ որ հեղափոխությունից հետո քաղաքացին էլ է փոխվել, եթե ընտրակաշառք նորից պիտի վերցնեն ու նորից նույն մեթոդներով ընտրություն անեն, դա նշանակում է, որ ոչինչ չի փոխվել երկրում՝ Նազարյանը պատասխանեց. «Չէ, հաստատ ինչ-որ բան փոխվել է, բայց կլինեն բնականաբար մարդիկ, ովքեր կփորձեն այդ մեթոդով փող աշխատել, որովհետեւ իրենց ձեռքը սովոր է, կփորձեն: Հո բոլորը համատարած չե՞ն ողջունել հեղափոխությունը, կլինեն մարդիկ, որոնք այդ մեթոդով մշտապես փող են աշխատել, եւ կուզեն օգտվել այս անգամ այդ հնարավորությունից, բայց դա մենք չենք ուզում թույլ տալ»:
Հարցրինք՝ այն քաղաքական ուժերի ձայները, որոնք կառավարության մաս են ու նման առճակատումների մեջ են ՔՊ-ի հետ, իրենց ձայներն ԱԺ-ում այլեւս պետք չե՞ն լինելու, Լենա Նազարյանը պատասխանեց. «Իրենց ձայները մեզ չեն պետք լինելու, իրենց ձայները պետք են լինելու քաղաքացիներին, որոնք պահանջում են արտահերթ ընտրություններ: Եթե իրենք հայտարարում են, որ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունի, շատ լավ, մենք դա կարձանագրենք, դա կհիշենք, ու թող նրանք դա վերջապես ապացուցեն: Այնպես որ, ԱԺ-ում իրենց քվեարկությունները մեզ չեն պետք, այլ պետք են ժողովրդին, թող կողմնորոշվեն»:
Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ, ՀՀ-ում վհուկների որս չի՞ արվում հիմա, կարծես բոլորի հետ հարաբերությունները լարված են, ՀՅԴ-ն ասում է՝ մտքի տեռոր եք անում, մյուս ուժերը այլ հարցերից են լարված՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Մտքի տեռո՞ր է, Արփինե Հովհաննիսյանն էլ ԵԽԽՎ-ում ասում էր, որ Հայաստանը բռնապետություն է, դա ճի՞շտ է, հա՞, Հայաստանում իսկապես բռնապետությո՞ւն է: Ասենք, հիմա ամեն մեկը եթե ինչ-որ բան ասում է, դա ընդունում ենք որպես իրականությո՞ւն: Ի՞նչ է մեր ուզածը՝ որ լինի ազատ, արդար ընտրություն»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
19.09.2018