Հայկ Ալումյանը բացատրում է, թե ինչու է պաշտպանում Քոչարյանին,
ու իր հասցեին վիրավորանքները վերագրում ուրիշի
«Առավոտը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկից՝ Հայկ Ալումյանից, հետաքրքրվեց՝ այս հանրային կարծիքը, նաեւ Ձեր մասին գրառումները, որ «չե՞ք ամաչում, ո՞ւմ եք պաշտպանում, արյուն կա այդ մարդու վրա», Դուք ինչպե՞ս եք ընդունում, Ձեզ ինչպե՞ս եք զգում Քոչարյանի փաստաբանի դերում: Ալումյանը պատասխանեց. «Նախ՝ արյուն կա, թե չկա, դա թողնենք մի կողմ, դա կպարզվի: Ինձ համար շատ կարեւոր ու բեկումնային է եղել մի գործ, որը ՄԻԵԴ-ում ներկայացվեց՝ «Արմեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի»: Պատկերացրեք մի իրավիճակ՝ մի երեխայի են գտնում գյուղերից մեկի կողքը՝ բռնաբարված ու սպանված: Արմեն Պողոսյանը հայտնվում է կասկածի տակ, տանում են, ինչ-ինչ մեթոդների արդյունքում խոստովանում է, որ դա ինքն է արել, գնում է ու նստում 4,5 տարի այդ հոդվածով: Բոլորը գիտեն, որ ինքն է, ու ամենասարսափելի հանցագործությունն է կատարել, որ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել: Ես ավելի վատ բան չեմ պատկերացնում: Բոլո՛րը գիտեին, որ դա ինքն է, ու 4,5 տարի նստել է մի հոդվածով, որով 1 օր նստելն ավելի վատ է, քան մի ուրիշ հոդվածով 1 տարի նստելը: 4,5 տարի այդ տղան այդ հոդվածով նստեց, հետո այդ նույն գյուղի մոտ այդ նույն դեպքից եղավ: Հետո քննեցին, պարզեցին այդ երկրորդ դեպքը անողին, նկատեցին, որ այդ երկու գործերը շատ են իրար նման՝ դետալային:
Սկսեցին այլ ուղղությամբ քննել, ու պարզվեց, որ դա անողը արել էր նաեւ առաջին գործը, ապացույցների տեղեր ասեց, որ հնարավոր չէր առանց առնչվելու իմանար այդ մասին: Ես ի՞նչ եմ ուզում ասել՝ հնարավոր է, որ բոլորը մտածեն, որ այս մարդը վերջին ստահակն է, բայց եթե ինքը դատարանում հայտարարում է, ասում է՝ ես չեմ, չի՛ կարելի ասել, որ ինքը վատն է, կեղտոտ մարդ է, իրեն չպաշտպանենք: Պետք է ամեն ինչ անել իրեն արդարացնող փաստերը վեր հանելու համար, որպեսզի այսպիսի ողբերգական սխալ այլեւս չկրկնվի: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, 4,5 տարի մարդը այդ հոդվածով նստել է, բայց դա պրոբլեմի մեծ մասը չի, պրոբլեմի մեծ մասն այն է, որ եթե այդ սխալը չլիներ, երկրորդ երեխան չէր սպանվի: Եթե մարդն ասում է՝ ես մեղավոր չեմ, արդարադատությունը միայն այն ժամանակ կարող է տեղի ունենալ ու լինել համոզիչ, եթե հօգուտ իրեն բոլոր փաստերը ներկայացվեն: Ու ինչքան ուժեղ է մեղադրանքի կողմը, այնքան ուժեղ պիտի լինի պաշտպանական կողմը: Հենց այս հավասարակշռությունը շեղվեց՝ այ այսպիսի ողբերգություններ կարող են տեղի ունենալ, հասկանո՞ւմ եք: Հիմա բոլորն էլ համոզված են, որ Քոչարյանը սա է, նա է… բոլորը չէ, ավելի ճիշտ՝ շատ շատերն այդպես են արտահայտվում, բայց եթե իր օգտին բոլոր փաստերը չներկայացվեն ու գոնե այն նույն ուժգնությամբ, ինչ իրեն մեղադրողներն են ներկայացնում, արդարադատությունը կխախտվի ու կարող է նույնպիսի ողբերգություն տեղի ունենալ, ինչ ներկայացրեցի: Այդ գործն ինձ համար եղավ բեկումնային, ու դրանից հետո ես ունեմ սկզբունք՝ եթե այս մարդը դիմել է ինձ պաշտպանության համար, ինքը ասում է, որ ես մեղավոր չեմ, ու ես տեսնում եմ, որ իր իրավունքները խախտվում են, եթե ի վիճակի եմ ես այդ պահին այդ գործը վերցնելու, նույնիսկ անվճար ես դա կանեմ»:
Հարցին՝ այսինքն՝ հավատո՞ւմ եք Քոչարյանին, թե՞ պրոֆեսիոնալիզմից ելնելով եք պաշտպանում նրան, Ալումյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, հավատալն այսպես է՝ քո համար հիմք է քո պաշտպանյալի ասածը, ու դու պարտավոր ես ինչքան այդ ասածը հիմնավորող ապացույց կա, գտնել: Եթե այն իմ ասած դեպքում իր պաշտպանը չհավատա իր պաշտպանյալին ու դրա արդյունքում այնքան իրեն չճղի, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ»:
Երբ ասացինք, որ Ձեզ օգտատերերը գրում են՝ «адвокаты дьявола», Ալումյանը պատասխանեց. «Երեւի ոմանց թվում է՝ ինչքան շատ ասեն, այնքան ես կարող է… հակառակը, ինձ մոտ էլ հակառակն է, ասում եմ՝ եթե ինձ են փորձում էս օրը գցեն, դատավորին են էդ օրը գցում, ուրեմն ավելի՛ է պետք մեր մասնակցությունը: Հա, շատ պրոբլեմներ տեսանք, որը մինչեւ այս չէինք պատկերացնում, որ կարող է քո երկրի մեջ, ասենք, քեզ սենց բաներ ասեն: Ռուբեն Սահակյանը Սումգայիթում տուժողներին էր ներկայացնում, երեւի այդքան կեղտոտ բառեր այնտեղ չի լսել, ինչքան այստեղ, հիմա ի՞նչ անենք, քաշվենք մի կո՞ղմ կամ թուլացնե՞նք պաշտպանությունը, չի կարելի: Կգա մի օր, իրենք կասեն՝ ճիշտ էիր անում, որ պաշտպանում էիր, ես դրանում համոզված եմ: Կգա մի օր, թեկուզ չասեն, իրենց մեջ դա կտեսնեն: Ուղղակի ինձ շատ մտահոգում է, որ մեր իշխանությունները, կարողանալով այդ ամեն ինչը դադարեցնել, չեն դադարեցնում, այ դա ինձ մտահոգում է: Ես գիտեմ առնվազն մի հոգու, որ հերիք է մի նախադասություն ասի, ու սա կվերջանա, այս հետապնդումները»: Մեր դիտարկմանը, որ իրենց հասցեին էլ կան սպառնալիքներ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ իր երեխան այդ սպառնալիքներից չի կարողանում անգամ դուրս գալ փողոց ու իր հասակակիցների հետ խաղալ, Հայկ Ալումյանն արձագանքեց. «Ես ցավում եմ, եթե մի հատ երեխայի նման բան են ասում, ես ինքս, ասենք, չգիտեմ, կարող է էդ պահին տեսնեմ, սպանեմ էդ մարդուն, ով որ էդ երեխուն տենց բան է ասել: Բայց հիմա կա առնվազն մի հոգի, որը կարող է ասի՝ ժողովուրդ, սրանից հետո փաստաբաններին ոչ մի բառ չենք ասում: Կա էդ մարդը: Դրանից հետո փաստաբանների նկատմամբ ոչ ոք վատ բառ չի ասի, ես համոզված եմ: Ինքը չի ասում: Դրանից հետո ես սկսել եմ իմ հասցեին ասած բաները մասամբ վերագրել իրեն, որովհետեւ ինքը կարա դադարեցնի ու չի դադարեցնում»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
19.09.2018