Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի փարիզյան կոշտ ուղերձը Ալիեւին, նրա՝ մեզ մատուցած ծառայության մասին

Սեպտեմբեր 20,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Ալիեւը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների», ուրեմն «մնում է՝
ԼՂ-ն որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»

Ադրբեջանը թեժ է պահում հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը: Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը, իսկ ավելի վաղ՝ նաեւ սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս եւ Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական կողմը կրակ էր բացել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանական կողմի 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում թեթեւ վիրավորվել էր Կոթիի բնակիչ Սուրեն Սեփխանյանը: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել էին Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում:

Ըստ ամենայնի՝ պաշտոնական Բաքուն կուզենար ապրիլյան քառօրյա պատերազմի սցենարով ստուգել միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների մոտ Հայաստանում նոր կառավարության նկատմամբ վստահության աստիճանը, ընդհանուր տրամադրությունները: Հիմա, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո բանակցային գործընթացի շարունակականությունը դեռ չի ապահովել, Ալիեւի համար «բարենպաստ» մթնոլորտ է պահանջների ներկայացման ու «սուր ճոճելու» համար:

Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Սեպտեմբերի 14-ին Ելիսեյան պալատում Փաշինյանը հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ եւ կարեւորել դրա կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձեռք բերմանը հասնելու համար»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում:

Նույն օրը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպումից: Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման «ամենակարեւոր արձանագրումը եւ արդյունքը հետեւյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ եւ մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով. «Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է, ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:

Հանդիպման մասնակիցները, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Փաշինյանից հետաքրքրվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններով եւ հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվո՞ւմ է: Փաշինյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռեւս պայմանավորվածություն եւ խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով եւ նրանով` արդյոք կա՞ հնարավորություն լրջորեն քննարկելու հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, եւ ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետեւ դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին՝ այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված եւ դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Փաշինյանը:

Այնուհետեւ Հայաստանի վարչապետը մանրամասնել է. «Ալիեւը ուզում է ասել եւ արձանագրում է կամ բարձրաձայնում է, որ Ղարաբաղը, իր կարծիքով, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ դա նրանց քաղաքական, էսպես ասած, իդեա ֆիքսն է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից՝ երբ մենք ասում ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Ադրբեջանը ասում է, որ «ես չեմ խոսում Ղարաբաղի հետ, ես չեմ բանակցի Ղարաբաղի հետ»: Այսինքն՝ Ալիեւը ուզում է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում եւ չի ուզում խոսել նրա հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Այսինքն՝ եթե տեսականորեն նայենք այս իրավիճակին, նա մտածում է, որ մի երկրում կարող են լինել տարբեր մասեր, որի հետ կառավարությունը չի՞ խոսում: Պատկերացրեք մի երկիր, որի կառավարությունը չի խոսում իր երկրի մի մասի հետ… Եթե այդպես է, կնշանակի, որ Ալիեւը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների: Սա էլ նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է՝ պնդելով, որ Ադրբեջանը իրենց նկատմամբ վարում է ցեղասպանության եւ ցեղասպան քաղաքականություն: Այսինքն՝ Ալիեւը ոչ թե ուզում է Ղարաբաղը՝ իր ամբողջության մեջ, Ալիեւը ուզում է Ղարաբաղը առանց մարդկանց, առանց ղարաբաղցիների: Եվ հետեւաբար նրա տրամաբանությունը ցեղասպան տրամաբանություն է: Եվ հետեւաբար՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները, որ Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է իրենց ֆիզիկական ոչնչացում»,- հավելել է Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ եթե Ալիեւը իրոք ուզենար Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, ինքը պիտի բոլոր հնարավոր առիթները օգտագործեր Ղարաբաղի հետ երկխոսություն ծավալելու համար: «Ինչպե՞ս կարելի է չխոսելով վերադարձնել, ընդգրկել սեփական երկրի կազմ: Նա, նշանակում է, ուզում է հողը առանց ժողովրդի: Նշանակում է՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները եւ հայությունը, որ սա ոչ թե ուղղակի կոնֆլիկտ է, սա մի կոնֆլիկտ է, սա մի հարց է, երբ ուղղակի Ադրբեջանում հայ լինելը, առավել եւս՝ ղարաբաղցի լինելը ուղիղ սպառնալիք է ֆիզիկական գոյությանը: Եվ հետեւաբար էդ դիրքորոշմամբ Ալիեւն ինքը ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նկատել է Փաշինյանը՝ հավելելով. «Հրաժարվելով բանակցել, ասելով, որ ինքը չի բանակցի Ղարաբաղի հետ, Ալիեւը մեծ ծառայություն է մատուցում մեզ, որովհետեւ մենք այլեւս խոսելու համար որեւէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունենք, ինքն է ապացուցում, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, եւ արդեն իսկ Ալիեւը որոշել է, որ Ղարաբաղը չի լինելու, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ մնում է, որ Ղարաբաղը ինքը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»:

Փաստացի Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերի հետ հանդիպմանը հանդես է եկել բավական կոշտ դիրքորոշմամբ Արցախյան հարցում: Ըստ երեւույթին ապագայում Ալիեւի հետ առաջին հանդիպման կազմակերպումից առաջ Փաշինյանը հստակ հասկացնում է, որ հայկական կողմի հետ շանտաժով խոսելու, ուժի դիրքերից հանդես գալու ադրբեջանական կողմի մտադրությունները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ պաշտոնական Երեւանի դիրքորոշման վրա:
Դա է, թերեւս, պատճառը, որ Ալիեւը ե՛ւ սահմաններում է լարված մթնոլորտ պահպանում, ե՛ւ դիվանագիտական ճակատում է աշխատում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախյան խնդրի ուղղությամբ, ինչպես նաեւ հանդես է գալիս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տարբեր դատողություններով ու գնահատականներով:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ալիևը միջազգային հանրությանը ուզում է համոզի,որ Արցախի հարցը ինքնորոշման հարց չէ,այլ Հայաստանի կողմից տարածքային նկրտումների՝որի դեպքում ուժի մեջ է տարածքային ամբողջականության Հելսինկյան սկզբունքը:Դե,մենք էլ Ալիևի ջրաղացին ջուր ենք լցնում՝Արցախի փոխարեն բանակցությունների սեզանին նստելով,լրատվամիջոցներով նշելով,որ վիրավորվածը,զոհվածը ՀՀ այսինչ մարզից է կամ գյուղից…և այլն:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930