Սպիտակի երկրաշարժին նվիրված ֆիլմ է նկարահանվել, որը կցուցադրվի առաջիկա օրերին:
Ֆիլմը պատմում է աղետի եւ աղետի հետեւանքների մասին:
Կինոդահլիճներից դուրս՝ մեկ այլ դահլիճում էլ՝ դատական նիստերի, շարունակվում են աղետի հետեւանքով անտուն մնացածների իրավունքների պաշտպանության գործընթացները:
1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Ռազմիկ Նազարյանի ընտանիքը դարձել է անօթեւան: 2008 թվականի նոյեմբերի 1-ի Սպիտակի քաղաքապետի որոշմամբ՝ երեք անձով` Ռազմիկ Նազարյան, Նատալյա Նազարյան եւ Անուշ Նազարյան, հաշվառվել են Սպիտակի՝ աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց հերթացուցակում` երկու սենյականոց բնակարան ստանալու համար:
Դատարան դիմելով՝ Նազարյանները հայտնել էին, որ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ, որում քննարկման առարկա է դարձրել իրենց ընտանիքին շահառու ճանաչելու հարցը:
Վարչական վարույթի ժամանակ ընդունել է միջամտող վարչական ակտ, համաձայն որի` Ռազմիկ Նազարյանը եւ կինը շահառու չեն ճանաչվել, իսկ դուստրը՝ Անուշ Նազարյանը, մեկ անձով ճանաչվել է շահառու` մեկսենյականոց բնակելի տուն ստանալու համար: Վարչական մարմինը շահառու չճանաչելու պատճառը հիմնավորել էր այն հանգամանքով, որ Սպիտակի քաղաքապետի կողմից 2002 թ. ապրիլի 12-ին տրված բնակելի տարածության թիվ 20 օրդերի համաձայն` Ռ. Նազարյանի 7 անձից բաղկացած ընտանիքին (Ռազմիկ Նազարյանը, Նատալյա Նազարյանը եւ որդու 5 անձից բաղկացած ընտանիքը) Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի ապրիլի 10-ի թիվ 44 որոշման հիման վրա հատկացվել է Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքում երեք սենյականոց բնակարան: Իսկ Սպիտակի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 351 որոշմամբ էլ՝ ուժը կորցրած է ճանաչվել որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 35 օրդերը. «Վերացել է այն փաստական հիմքը, որը հիմք է հանդիսացել միջամտող վարչական ակտ ընդունելու համար»:
Ռ. Նազարյանը 2016 թվականի մարտի 10-ին դիմում է ներկայացրել հանձնաժողովին, տեղեկացրել է, որ իր եւ իր կնոջ մասով միջամտող վարչական ակտ կայացնելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքը վերացել է, ինչի հիման վրա միջամտող վարչական ակտն ուժը կորցրած պետք է ճանաչվեր եւ բարենպաստ որոշման նախագիծ կազմվեր: Անօթեւան Նազարյանը հանձնաժողովից խնդրել է վերանայել իր ընտանիքի մասով ընդունված միջամտող վարչական ակտը եւ խնդրել է հանձնաժողովին կազմել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ եւ նախագիծը ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը, որով ինքը եւ կինը կճանաչվեն շահառու: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից նույնպես 2016 թ. մարտի 29-ին պաշտոնական գրությամբ մերժվել է դիմումի բավարարումը:
Հայցվորի գնահատմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի կողմից 2016 թվականին տրված գրությամբ մերժումը հանդիսանում է ոչ իրավաչափ միջամտող վարչական ակտ, քանի որ այն կայացվել է օրենքների խախտմամբ, առկա է եղել բավարար փաստական եւ իրավական հիմք հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու եւ բարենպաստ վարչական ակտի նախագիծ կազմելու համար, հետեւաբար, դատարանը անվավեր պետք է ճանաչի նախարարի տեղակալի կողմից գրությամբ արված միջամտող վարչական ակտը եւ ընդունի անօթեւանների դիմումով հայցվող վարչական ակտը, այն ներկայացնի նախարարի հաստատմանը:
Նշենք, որ Սպիտակի քաղաքապետի 2008 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Ռ.Նազարյանի ընտանիքը մինչ օրս երեք անձով հաշվառված է աղետի հետեւանքով անօթեւան մնացած անձանց հերթացուցակում երկու սենյականոց բնակարան ստանալու համար: Հայցվորի գնահատմամբ, վարչական մարմնի կողմից չի իրականացվել որեւէ վարչարարություն, հնարավորություն չի տրվել իր ընտանիքին արտահայտվել փաստական հանգամանքների վերաբերյալ եւ գրությամբ մերժվել է դիմումի բավարարումը:
Ըստ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 կետի. «բնակարանային ոլորտում անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար համալիր ծրագրով նախատեսվում է պետական պարտավորությունների ձեւավորման եւ աջակցության տրամադրման հետեւյալ սկզբունքները՝ ապահովել բնակարաններով երկրաշարժի հետեւանքով բանդված կամ քանդման ենթակա բազմաբնակարան տների սահմանված կարգով հերթագրված քաղաքացիներին»:
Ռ. Նազարյանը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով հերթագրված է անօթեւանների հերթացուցակում, եւ այն փաստը, թե իբրեւ նա մեկ անգամ օգտվել է պետական ծրագրից, այսինքն` բարելավվել են նրա բնակարանային պայմանները, գոյություն չունի եւ առկա չէ որեւէ հիմք քաղաքացուն շահառու չճանաչելու համար:
Դատարանում երրորդ անձի՝ Նատալյա Նազարյանի ներկայացուցիչը խնդրել է վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վերաբացել վարչական վարույթը: Վարչական մարմինը որեւէ կերպ չի անդրադարձել նման դիմում ներկայացնելու անթույլատրելիությանը, ժամկետները բաց թողնված լինելու կամ ընթացակարգի բացակայության հարցերին, ըստ էության փորձել է քննարկել բովանդակային առումով:
Պատասխանողը դատարանին խնդրել է Ռ. Նազարյանի հայցը մերժել:
Պատասխանողի եւ երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մխիթար Սերոբյանն առարկել է հայցի դեմ, հայտնել, որ հայցվորի կողմից բաց են թողնված դատարան դիմելու ժամկետները, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է վիճարկման հայցի մասին. «Իր դիմումով հայցվորը որեւէ նոր փաստական հանգամանք չի ներկայացրել, այլ խնդրել է նախկինում ներկայացված հիմքերի հիման վրա վերանայել որոշումը: Տվյալ դեպքում առկա է բողոքարկման ժամկետների նորոգման խնդիր»:
Առաջին ատյանի դատարանի իրավական գնահատականը հետեւյալն էր. «Թեեւ իրավական պետության պայմաններում մասնավոր անձանց առնչվող վարչական մարմինների կողմից իրականացվող գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ եւ վարչական մարմնի գործունեությունը նաեւ պետք է համապատասխանի օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին, սակայն միաժամանակ ընթացակարգային պահանջները ՀՀ իրավական համակարգում ունեն օժանդակ գործառույթ: Ընթացակարգային պահանջները եւ դրանց խախտման իրավական հետեւանքները հարաբերական բնույթ են կրում: Այսինքն` նյութական իրավունքի համեմատությամբ ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթն արտահայտվում է նրանում, որ ընթացակարգային սխալները որոշիչ չեն, եթե չեն ազդում որոշման նյութական իրավաչափության վրա եւ չեն խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները»:
Մի գրչի հարվածով առաջին ատյանը որոշել է մերժել հայցը, քանի որ հայցվորը բաց է թողել վարչական վարույթը վերսկսելու համար դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, որպիսի հանգամանքը սույն վարչական գործի քննության ընթացքում չի հերքվել հայցվորի կողմից եւ ուշադրություն դարձրեք. «անկախ դիմումի հիմնավորվածությունից, ժամկետի բացթողումը միանշանակ հիմք է հանդիսացել հայցվորի դիմումը մերժելու համար»: Երկրորդ ատյանում էլ օրեր առաջ ավարտվել է բողոքի քննությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
19.09.2018