Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որքան շատ արտիստներ լինեն քաղաքական դաշտում, այնքան ավելի հեշտ կկայանա այլ երկրների հետ մշակութային երկխոսությունը»

Սեպտեմբեր 20,2018 13:00

Վստահ է մշակութային դիվանագետ Ալեքսանդրա Սիթչը

Հայաստանում առաջին անգամ սեպտեմբերի 17-21-ը անցկացվում է մշակութային դիվանագիտության կոնֆերանս «Մշակութային դիվանագիտության դերը համընդհանուր խաղաղության եւ կոնֆլիկտների լուծման գործում» խորագրով:

«Առավոտը» հանդիպեց հայաստանյան կոնֆերանսի մասնակիցներից Ալեքսանդրա Սիթչին: Մեր զրուցակցի խոսքերով՝ ինքը Գերմանիայի քաղաքացի է, բայց ապրում է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում եւ այլուր: «Իմ մեջ ունեմ իտալացու, սլովենացու, ֆրանսիացու, ավստրիացու արյուն ու հավանաբար դա արյան կանչ է, որ հրապուրված եմ ու տարված տարբեր ազգերի մշակույթներով»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե ուր էլ որ տանում են դիվանագիտական ճանապարհները, ինքն իրեն զգում է ինչպես տանը:
Տիկին Սիթչը ասաց, որ թեեւ առաջին անգամ է Հայաստանում, բայց հեռակա ծանոթ է մեր մշակույթին. «Նման հարուստ մշակութային ժառանգություն եւ բարձր արվեստ ունեցող երկիրը անկասկած կարեւոր դերակատարում պետք է ունենա միջազգային մշակութային դիվանագիտության բնագավառում: Դուք արտիստիկ ժողովուրդ եք եւ որքան շատ արտիստներ լինեն հայաստանյան քաղաքական դաշտում, այնքան ավելի հեշտ կկայանա այլ երկրների հետ ձեր մշակութային երկխոսությունը»:

Մասնագետը հավաստիացնում է, որ դիվանագիտություն պետք է սկսել ուսուցանել դպրոցից, ինչը շատ կարեւոր է անձի զարգացման գործում. «Կան անհատներ, որոնք զբաղվում են ինքնազարգացմամբ, կան եւ շնորհալի մարդիկ, որոնք իրենց գիտելիքները կարող են կիրառել միջմշակութային եւ ընդհանրապես երկխոսությունների զարգացման հարցում»:

Նշեց նաեւ, թե հայաստանյան հրավերը հաճույքով է ընդունել, որովհետեւ այն իրականացվում է միանգամից երեք տարբեր կառույցների կողմից, դա մշակույթի նախարարությունն է, Դիլիջանի մշակույթի քոլեջը եւ «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հ/կ-ն (նախագահ՝ Քրիստինե Ոսկերչյան): «Երեւանում տեղեկացա, որ տիկին Ոսկերչյանը 4 տարի առաջ մասնակցել է Բեռլինում կայացած «Մշակութային դիվանագիտությունը եւ խաղաղությունը» թեմայով կոնֆերանսին, որտեղ եւ առիթ եմ ունեցել շփվել միակ հայազգի ներկայացուցչի հետ»,- հիշատակեց տիկին Սիթչը:

«Անկասկած, մասնավոր եւ պետական ընկերությունների կայունության համար կարեւոր գործոն է, որպեսզի մենեջերները հնարավորություն ընձեռեն իրենց աշխատակիցներին՝ գնահատված զգալու, մարդիկ կարիք ունեն իրենց սեփական ձայնը, խոսքը հասանելի դարձնելու: Մենեջերները հաճախ հեռացած են աշխատակիցներից, ավելին՝ թիմից, տեղյակ չեն նրանց խնդիրներից: Մինչդեռ մի պարզ բան կա. հարկավոր է խոսել, լսել, սկսել երկխոսություն… Եվ երբ պարզվում է աշխատակիցների ու ղեկավարության միջեւ կոնֆլիկտների բուն պատճառը, միանշանակ, հեշտությամբ գտնվում է դրանց լուծումը»,- հայտնեց մշակութային դիվանագետը:

Հարցին, թե կարելի՞ է, օրինակ՝ մշակութային դիվանագիտության ճանապարհով Արցախի խնդրի լուծմանն ավելի հեշտ հասնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլոր երկրներում նախ՝ ինչու են առաջանում կոնֆլիկտներ ու պատերազմներ, որովհետեւ որոշում կայացնողները՝ քաղաքական գործիչները կամ քաղաքագետները ոչ հաճախ են արտահայտում իրենց հանրության կարծիքը, նույնիսկ որոշ դեպքերում չեն էլ լսում ժողովրդի ձայնը: Եվ հենց այստեղ շատ կարեւոր է մշակութային դիվանագիտության դերը ժողովրդի ու քաղաքական գործիչների միջեւ՝ կառուցողական երկխոսություն ծավալելու համար»:

Հետաքրքրությանը՝ կարո՞ղ եք բերել օրինակներ, թե մշակութային դիվանագիտության ոլորտը որոշիչ դեր է կատարել, ասենք՝ Բոսնիա-Հերցեգովինա, Ռուսաստան- Ուկրաինա, Հայաստան-Ադրբեջան եւ այլ կոնֆլիկտներում, Ալեքսանդրա Սիթչը պատասխանեց. «Օրինակներ կարող եմ բերել բազմաթիվ, այդ թվում՝ անցյալ դարից: 1968թ. Բիթլզի «Վերադարձ ԽՍՀՄ» ալբոմը համարվում է սառը պատերազմի մշակութային դիվանագիտության տիպիկ օրինակ, երբ երաժիշտները ստեղծագործությունների միջոցով կարողանում են ազդեցություն ունենալ ժողովուրդների քաղաքական հայացքների ձեւավորման հարցում: Կամ՝ Մեծ Բրիտանիայում 1976թ. կայացած «Ռոքը ընդդեմ ռասիզմի» համերգը: 1985-ին էլ հրատարակվեց «Մենք ենք աշխարհը» խորագրով CD-ն՝ «Ամերիկան Աֆրիկայի համար» վերնագրով: Թվարկածս երաժշտարվեստի նման մշակութային միջոցառումների կողքին անցկացվել ու շարունակվում են կայանալ այլ ոլորտներն ընդգրկող ակցիաներ եւս: Նշեմ Կորեայի եւ Թաիլանդի միջեւ բարիդրացիական հարաբերություններ ամրապնդելու նպատակով 2000թ. անցկացված խոհարարական միջոցառումը եւ այլն»:
Հարցրինք՝ որպես փորձառու մշակութային դիվանագետ կոնկրետ ի՞նչ կառաջարկի Հայաստան- Թուրքիա, Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունների համատեքստում: «Մեկ-երկու օր է, որ այցելում եմ ձեր պատմամշակութային վայրերը, պարզապես հիացած եմ ամեն ինչով, առաջին հերթին՝ եկեղեցիներով, խաչքարերով: Ասացի, որ առաջին անգամ եմ ձեր երկրում եւ մինչ խորհուրդ տալը կարեւորում եմ շփումը հայաստանցի մշակույթի գործիչների հետ: Դուք կարող եք հենց ձեր մշակույթով կարեւոր դերակատարում ունենալ միջազգային դիվանագիտության բնագավառում: Պարզապես պետք է առաջ տանել, զարգացնել ու ակտիվ գործունեություն ծավալել մշակութային դիվանագիտության ոլորտում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930