Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ այսօր կազմակերպած կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումում 6:1 հաշվով հաղթեցին կուսակցության երիտասարդ անդամները:
Խաղի սկիզբը հայտարարեց մրցավարի դերն ստանձնած կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան մի որոշ ժամանակ անց փոխարինեց վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը պայքարի դրվագներից մեկում «Ժպտա» մակագրությամբ կարմիր քարտ ցույց տվեց ավագանու թեկնածուների թիմի խաղացողին: Վերջինն էլ դաշտից հեռացավ ժպտալով:
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Գեւորգ Ղահրամանյանն Аravot.am-ին ասաց. «Սա կուսակցության ներսում ընկերական խաղ է, որպեսզի հասկանանք՝ ինչ ներուժ ունի մեր կուսակցությունը ֆուտբոլում: Հետագայի համար մի լավ գաղափար էլ ունենք՝ անցկացնել ֆուտբոլի միջկուսակցական առաջնություն, իսկ ավելի ուշ ցանկալի կլինի տարբեր մարզաձեւերից եւս մրցումներ կազմակերպել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ