Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք պիտի ձայն չստանան այս ընտրություններին». Վարչապետը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների, արտոնյալների, իր պետհամարանիշների մասին

Սեպտեմբեր 19,2018 22:30

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ պատմեց, թե ինչ կուլիսային առաջարկներ են իրեն անում՝ «բարիշելու» ընտրությունների արդյունքների հետ կապված, նաեւ խոսեց այն մարդկանց մասին, ովքեր ուզում են հեղափոխությունից «քյար» ստանալ ու արտոնյալ լինել. «Ինձ ասում են՝ բայց մենք հեղափոխությունը պաշտպանել ենք, բա մեզ պետք ա քաղաքում առանց համարներով մեքենաներով ֆռֆռալ, բա մեր քյարը ո՞րն ա էս հեղափոխությունից: Չի՛ կարող այդպիսի բան լինել: Ով ուզում ա լինի, ՀՀ-ում առանց պետհամարանիշների ավտոմեքենա չի կարող լինել»:

Նա նշեց, որ ՀՀ-ում այդպիսի ավանդույթ կա, որ պետության ղեկավարին սպասարկող ավտոմեքենայի դիմացի պետհամարանիշը չի լինում, սակայն նա անգամ իր դեպքում դա թույլ չի տվել. «Առաջին օրից իմ մեքենայի դիմացը եւ հետեւը պետհամարանիշեր են եւ ով զարմանք՝ գոլդ չի, մի հատ սովորական՝ 136 ՍՍ 01 որտեղից են գտել, չգիտեմ: ՀՀ-ում ուզում են լինել արտոնյալ, բայց քանի ես վարչապետ եմ, արտոնյալ մարդ չի՛ լինելու: Իմ հարազատ քաղաքական ուժից, իմ մտերիմների շրջապատից սկսած՝ ոչ մեկ չի լինելու, մոռացե՛ք: Եթե ժողովուրդն ուզում է արտոնյալ լինել, թող ինձ զրկեն վարչապետի պաշտոնից, քանի ես վարչապետ եմ, ՀՀ-ում արտոնյալ մարդ չի լինելու՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե»:

Վարչապետը խոսեց նաեւ իր կոշտ բառապաշարի, կոշտ բառամթերքի մասին, նաեւ կատակեց. «Նեղանում են, որ ասում ենք ասֆալտին կպառկեցնեք, բա որ մենք Ֆրանսիայի հրապարակում օրերով ասֆալտին պառկած էինք, ինչի՞ չէիք ասում, նեղանում: Մենք մեզ էլ ենք ասֆալտին պառկացրել»:

Ինչ վերաբերում է կոշտ հայտարարություններին, վարչապետն ասաց. «Ինձ հարցնում են՝ բայց մեկ-մեկ ինչո՞ւ ես շատ կոշտ հայտարարություն անում: Ասեմ, ժողովուրդ ջան, բացատրեմ, ոմանք նույնիսկ այդ հայտարարությունները որակում են էմոցիոնալ, կոշտ հայտարարություններ: Շատ պարզ ասեմ դրա պատճառը՝ ՀՀ-ում հաստատված ավանդույթներ կան, որոնք մենք հիմա ոչնչացնում ենք»:

Փաշինյանը նշեց, որ ինքը նախարարներին, պաշտոնյաներին դիմում է դուք-ով, ազգանունով, ընդհատելու համար ներողություն է խնդրում, ու սա ոմանց մոտ ժամանակ առ ժամանակ սխալ է հասկացվում. «Զգում եմ, նայում են ասում են՝ նախարարի հետ դուք-ով ա խոսո՞ւմ, էս ոնց որ ինտելիգենտ ա, ու ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն փափկություն, թուլություն, ով սրանում կասկածի, օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չի: Այո՛, մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, ՀՀ-ում արտոնյալներ չպետք է լինեն ու չեն լինելու: ՀՀ-ում օլիգարխներ չկան ու չեն լինելու, ՀՀ-ում վարչապետի քիպ, վարչապետենց քուչի լավ տղա, լավ տղու հետ օրթախ գործ ունենալու ինստիտուտներ չե՛ն լինելու, մոռացեք, քանի ես վարչապետ եմ,՝ բաջանաղաախպերական, 50 տոկոս փայ մտնող ախպեր, սարսափելի տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր, պետավտոտեսուչների վրայով ավտոներ քշող վարչապետի ընտանիքի անդամ, բանակում չծառայող բարձրաստիճան պաշտոնյայի բալա այս ամեն ինչը չի լինելու ՀՀ-ում: Ասում են՝ դե որ տենց ա, մենք քեզ չենք աջակցի, ձեր օգտին չենք քվեարկի ԱԺ-ում, այ քեզ բան, ինչի մենք խնդրել ենք, որ մեզ աջակցե՞ք, տո գնանք ձորից ընկնենք որ ձեր աջակցության կարիքն ունենանք: Եթե մեր հույսը ձեր աջակցությունը լինի, մենք ի՞նչ գործ ունենք էդ կաբինետներում, մեր հույսը ժողովրդի աջակցությունն է»:

Նիկոլ Փաշինյանը դիմեց հանրահավաքի մասնակիցներին՝ «Այս բոլոր հարցերի պատասխանը դուք պիտի տաք, ամսի 23-ին դուք պետք է ասեք ինչպիսի քաղաքական համակարգ եք պատկերացնում ՀՀ-ում, այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունը նշանակվում է իշխանությունից, թե դուք եք որոշում ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն»: Ըստ Փաշինյանի, խորհրդարանական այն ուժերը, որոնք հիմա սկսել են ձեւ բռնել, իրենք գնում են մի ճանապարհով, որ եթե ժողովրդի կամքին դեմ գնացին, կնքելու են իրենց քաղաքական մահկանացուն ՀՀ-ում. «Որպեսզի այդ մարդիկ լավ հասկանան, թե ՀՀ-ում ինչ է կատարվել, եթե մտածում են, որ մինչեւ այդ ինչ-որ ձայն պիտի ստանան, բոլոր այն ուժերը, ովքեր ասում են՝ մենք կարող ա դեմ քվեարկենք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նրանք ընդհանրապես պիտի ձայն չստանան այս ընտրություններին, որովհետեւ նրանք դեմ են ժողովրդին: Բայց դա ես չեմ կարող որոշել, դա դուք պետք է որոշեք»:

Փաշինյանը նաեւ բացատրեց, թե ինչու է հանրահավաքներին զգացմունքային հայտարարություններ անում. «Որովհետեւ ես այստեղ այնպիսի զգացմունքների հորձանուտ եմ տեսնում, որ չեմ կարող դիմանալ, որովհետեւ անցել են այն ժամանակները, երբ ՀՀ վարչապետի, իշխանությունների ուղեղը հանած է եւ տեղը դոլար է շարած, անցել են այն ժամանակները, երբ ՀՀ ղեկավարի սիրտը հանած է եւ տեղը դոլար է շարած, որովհետեւ այսօր մենք ասում ենք, երբեմն արտասվախառը ձայնով եւ աչքերով՝ մենք սիրում ենք մեր ժողովրդին ու մեր ժողովուրդը սիրում է իր կառավարությանը: Ձեր ուժեղ պրագմատիզմի ժամանակները, երբ դուք պրագմատիզմով թալանում էիք երկիրը ու լցնում ձեր դոշակները, անցել են այդ պրագմատիկ եւ լրջմիտ ժամանակները, այո՛, եկել են սենտիմենտալ, զգացմունքային ժամանակներ, եկել են սիրո, հավատի ժամանակներ, եկել են ուրախության եւ երջանկության արցունքների ժամանակներ: Դուք ձեր կեղտոտ ձեռքերով չեք կարող աղտոտել երջանկության եւ ազատության այն զգացումը, որ այսօր հաստատված է եւ հաստատված մնալու է ՀՀ-ում, Արցախում, հայության շրջանում ընդհանրապես, այնպես որ սովորեք, որ մարդիկ Հայաստանում ունեն զգացմունքներ եւ չեն վախենում արտահայտել այդ զգացմունքները: Այդ զգացմունքները նվիրական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բարի գալուստ Հարաւ-Արեւմտեան թաղամաս, սիրելի՛ վարչապետ 🙂 Վստահ եմ՝ Ձեզ ջերմ են դիմաւորել իմ թաղեցիները: Յամենայն դէպս՝ ծնողներս այդպէս ասացին 🙂

    Օգտուելով առիթից՝ ես իմ աջակցութիւնն եմ յայտնում «Իմ քայլը» դաշինքին:

    Սիրելի՛ երեւանցիներ, ընտրէք ազատօրէն ու անկաշկանդ՝ ըստ ձեր խղճի, մտքի ու ցանկութեան: Բայց իմ փափագն է, որ Փաշինեանի թիմը յաջողի այս չափազանց կարեւոր ընտրութիւններում: Այս յաղթանակը անչափ կարեւոր է երկրի յետագայ զարգացման համար: Ես հաւատում եմ ձեր հեռատեսութեանը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930