Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և հեռախոսազրույցի գաղտնալսման քրգործերին

Սեպտեմբեր 19,2018 23:01

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակության հետ, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը:

Քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ խմբերի քրեաիրավական պաշտպանության իրավիճակին, կառուցակարգերին առնչվող հացրեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված և այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Բացի այդ, շեշտվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվել և ներկայումս լայնորեն գործադրվում են ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման չափորոշիչներ, ինչն էապես նպաստում է նման դեպքերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն նշել է, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայումս իրականացվում է ակտիվ նախաքննություն՝ այդ դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտման նպատակով: Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, ինչի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է դատախազական խումբ:

Անդրադառանլով ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ավելացրեց, որ հարուցվել է երկու քրեական գործ, և  ներկայումս իրականացվում է նախաքննություն ինչպես առերևույթ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հանգամանքների բացահայտման,  այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորություններն անցնելու, այդ թվում նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և պաշտոնական հանցագործությունների այլ մասնավոր դրսևորումները պարզելու ուղղություններով:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ հատկապես անպատժելիության մթնոլորտ չստեղծելու նպատակով չափազանց կարևոր է հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ դատավարության ողջ ընթացքում օրինականության և դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովմամբ:

 ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930