Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում մարդ կա, մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում, ասում է իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակվում են». Փաշինյան

Սեպտեմբեր 19,2018 22:05

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսեց քարոզարշավի ընթացքի մասին եւ ուշագրավ հայտարարություններ արեց. «Ուզում եմ մի հանգամանքի վրա հրավիրել ձեր ուշադրությունը: Նախկինում ես նաեւ այստեղ, ամենուր եղել եմ քարոզարշավների ու մարդկանց համոզել եմ քվեարկել մեր օգտին, մարդիկ մի փաստարկ են ասել՝ ամեն ինչ որոշված է, ի՞նչ ես ընկել…ես համաձայնվել եմ, բայց ասել եմ՝ դուք ձեր ձայնով կարող եք փոխել: Եթե փոխեք, ես երաշխավորն եմ, որ ձեր որոշումն իրականություն կդառնա: Ես ուրախ եմ, որ դուք դրանով համոզվեցիք: Սա առաջին ընտրություններն են, որ ձեր իմացած տրամադրությունից դուրս են, չկա ոչ մի կուլիսային դավադրություն, ոչ մի կուլիսային կանխորոշվածություն:

Սա ՀՀ պատմության թերեւս առաջին դեպքն է, երբ գործող կառավարությունը կամ իշխող քաղաքական ուժը այլ ուժերի հետ չի բանակցում, թե ոնց կիսենք քաղաքական դաշտը, որովհետեւ մենք ասում ենք՝ ո՞վ ենք մենք, մյուս ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցենք քաղաքական դաշտը կիսելու մասին, ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի ու սա է այս ընտրությունների ամենակարեւոր առանձնահատկությունը: Երբ բոլոր քաղաքական ուժերն անկեղծորեն պայքարում են, կռիվ են տալիս ամեն ընտրողի ամեն ձայնի համար, այդ թվում եւ կառավարությունը, որովհետեւ իշխող քաղաքական թիմը, «Իմ քայլը» դաշինքը, որին ես պաշտպանում եմ, որը մեր բոլորիս հեղափոխական թիմն է, մենք այս ընտրություններին հույսը չենք դնում, որ ոստիկանության միջոցով այսինչ կրիմինալին կտանենք կփակենք, կասենք՝ ձեր թաղում էսքան ձեն ապահովեք, հետո բաց կթողենք: Կամ կգնանք էսինչի գլխին կկանգնենք, կամ կգնանք էսինչի վրա ակտ կգրենք, կամ ընտրակաշառք կբաժանենք: Կառավարությունը մյուս ուժերի հետ պայքարում է ձեզնից յուրաքանչյուրի վստահության ամեն ձայնի համար: Սա է այս քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունը: Այսպիսի քարոզարշավ, երբ ընտրական տասովշիկները դուրս են ընտրական պրոցեսից, սա բացառիկ դեպք է Երրորդ հանրապետության պատմության մեջ»:

Փաշինյանն ասաց, որ այստեղից է գալիս քարոզարշավի սրությունը, որովհետեւ սա առաջին անգամ է, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում. «Գիտեն, որ ընտրությունների արդյունքները թղթի վրա գրված չեն, չկա տենց բան, գիտեն, որ երկրի ղեկավարը չի ասի՝ գիտես ինչ, դու եղի ընդդիմություն, կասես սենց, ու կգնաս ինձ կքննադատես, ես էլ կասեմ սենց, դու կասես սենց, ես էլ կասեմ սենց: Մենք գիտենք, որ մեր ողջ քաղաքական պատմությունը զուգակցված էր այսպիսի երեւույթներով, այն աստիճան, որ նույնիսկ մի պահ չէին հավատում, որ կա ընդդիմադիր ուժ: Ուրախ եմ, որ դուք համոզվեցիք, որ առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կար»:

Վարչապետն ասաց, որ այսօր ավագանու ընտրություններին մասնակցող առնվազն 3 ուժ իրենց վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսություն ունեն, իսկ «Իմ քայլը» դաշինքը չունի. «Ընդ որում, այդ հեռուստաընկերությունները իրենց գոյության ողջ ընթացքում ամբողջությամբ եղել են իշխանության հսկողության տակ: Բաղրամյան 26-ից կոնկրետ մարդ է եղել, որ ասել է՝ էս ցույց տվեք, էս կտրեք, էս մի ցույց տվեք»:

Նա վստահեցրեց, որ որեւէ սահմանափակում չկա հեռուստաընկերությունների համար: Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազատ խոսքի նկատմամբ ճնշումների մասին քննադատություններին. «Իհարկե, շատ դեպքերում ես ընդունում եմ, որ լինում են հայհոյախոսություններ, իմ ուղիղ եթերի տակի մեկնաբանությունները նայեք, այնտեղ էլ կան հայհոյախոսություններ: Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձեւավորենք, թեկուզ սիրված կառավարությանը քննադատելու համար պետք չի բերանները փակել, թող խոսեն, ժողովո՛ւրդ, որովհետեւ խոսքի եւ արտահայտվելու ազատությունը շատ կարեւոր արժեք է մեզ համար: Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն ինչ են ասում, որովհետեւ ՀՀ-ում մարդ կա, մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում, ասում է իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակվում են: Մի ամսում՝ 3 հատ հեռուստաընկերություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930