Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի նախաձեռնությամբ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպում անցկացվեց կուսակցության անդամների եւ ավագանու թեկնածուների միջեւ:
Մրցավարի պարտականությունները կատարեցին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Խաղից առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ թեեւ ֆուտբոլի կանոններին ամբողջությամբ չի տիրապետում, սակայն հնարավորությունների սահմանում կանի ամեն բան արդարությունը պաշտպանելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը խաղից առաջ լրագրողներին մի գաղտնիք բացահայտեց՝ գրպանից հանեց դեղին եւ կարմիր քարտեր, որոնց վրա գրված էր «Ժպտա»: Հարցին, թե քարտերը սեւով եւ սպիտակով փոխել մտքով չի՞ անցել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ: Սիրո եւ համերաշխության մթնոլորտ է: Ճիշտ է, նախընտրական փուլում, ցավոք, լինում են շեղումներ, սակայն հուսով եմ՝ մի քանի օրվա ընթացքում դրանք կհաղթահարվեն: Պիտի հետեւողական լինենք, որ դրանք հասարակության մեջ շատ չխորանան: Հայաստանին արտաքին եւ ներքին մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք դրանք խորացնելու շռայլություն չունենք: Հետընտրական Երեւանը եւ Հայաստանը պիտի ստանա սիրո, համերաշխության, թեկուզ մրցակցային միասնության հենք: Հույս ունենք՝ Աստված մեզ կտա իմաստություն, որ այն հզոր, զգացմունքային վերելքը, որ ազգն ապրեց հեղափոխության ընթացքում, նաեւ դառնա պետական ինստիտուտներով առաջնորդվող աշխատանք»:
Aravot.am-ի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ հետընտրական ժամանակահատվածը կանցնի խաղաղ, թե՞ նոր կրքեր կբորբոքվեն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ կրքերը կշարունակվեն ինչ-որ ժամանակ, բայց հույս եմ տածում, որ բոլոր դեպքերում այդ կրքերը կլինեն խաղաղության սահմաններում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ