«Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու թեկնածուները նախընտրական քարոզարշավին չհասցրին իրենց լիարժեք ներկայացնել, ըստ այս դաշինքի ավագանու թեկնածու Արմեն Հովհաննիսյանի, քանի որ իրենք զրոյից էին սկսել. «Զրոյական կետից ենք սկսել, որովհետեւ ոչ հայտնի բրենդ էինք, ոչ կուսակցություն էինք, ահռելի գործ է արվել: Չեմ կարծում, որ լիարժեք ներկայացանք, ավելին կարող ենք անել, պարզապես բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ միջամտեցին, օրինակ՝ ընտրությունների քաղաքականացումը, քաղաքացիական բախման մթնոլորտը»:
Ավագանու թեկնածուի խոսքով, իրենց թիմը նախընտրական քարոզարշավում մեծ աշխատանք է տարել, բազմաթիվ ընտրողների հնարավորություն են տվել ընտրություններին մասնակցել ու գիտակցաբար քվեարկել իրենց օգտին:
Իրենց թիմի դեմ խաղ կա՞, թե՞ ՝չկա հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սա խաղ չէ, այդ լեզուն, այդ որակումներն արդեն անընդունելի են: Հոյակապ թիմ ունենք, 12 անկուսակցական մասնագետ տարբեր ոլորտներից, տարիների փորձ ունեն, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա նման եզրույթաբանություն օգտագործեմ, ինչպես անում է պարոն Մարությանը»:
Անդրադառնալով նախընտրական լարված մթնոլորտին՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ լարվածությունն ազդում է ընտրողների վրա. «Ամեն սրացումից հետո մարդկանց մի մասն ավելի փակ է դառնում, մարդ կա վախենում է, որ իրեն կմեղադրեն, որ դավաճանել է իր թիմին: Այսպիսի մթնոլորտում ընտրություններ չեն անցկացնում, սա այս ընտրությունների ամենամեծ թերությունն է , որ արհեստականորեն քաղաքականացվեց, պետք է լիներ համայնքային գեղեցիկ ընտրություն»:
Մեր զրուցակիցն իր թիմի հաղթելու մեծ շանսեր է տեսնում, բայց կարծում է, որ եթե ընտրական գործընթացը գնար ավելի բնականոն, առանց արհեստական միջամտությունների ու օրակարգի, հաղթելու ավելի մեծ շանսեր կունենային:
Մեր հարցին, իսկ այս ընտրություններում ի՞նքն է լ է տեսնում քոչարյանական ուժերի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցանկացած հեղափոխությունից հետո կան ռեստավրացիոն ուժեր, այսինքն՝ կա վերնախավի մի մաս ու նրան սպասարկող մի խավ, որն ուզում է հնի վերադարձը տարբեր պատճառներով, այդպիսի բան տեսնում եմ, բայց Քոչարյանի վերադարձի վտանգ չեմ տեսնում: Արհեստականորեն է ուռճացվում այդ վտանգը, ու տպավորություն ունեմ, որ երկկողմանի խաղ է, ձեռնտու է երկու կողմին էլ: Քոչարյանի համար դա վերապրելու միակ միջոցն է, կյանքի վերջին տարիները բանտում չանցկացնելու միջոց, որ ասի՝ իրեն հետապնդում են քաղաքական համոզմունքների համար, մի խոսքով, իր համար այս աղմուկը ձեռնտու է, իսկ կառավարող ուժի համար հնարավորություն է բոլոր հնարավոր մրցակիցներին քաղաքական դաշտից չեզոքացնել եւ դոմինանտ դիրք զբաղեցնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ