«Եղել են ժամանակներ, սոցհարցումները մեզ քիչ են տվել, մենք ավելի շատ ձայներ ենք հավաքել: Ես արդյունքները դատում եմ հանդիպումների ընթացքում մարդկանց արտահայտված վերաբերմունքից» , -Aravot.am-ի հարցին՝ հիմա՞ էլ, երբ որոշ սոցիոլոգիական հարցումների տվյալներ են հրապարակվել հույս ունեն, որ բարձր ցուցանիշներ են գրանցելու ինչպես երեկ էին հայտարարում, այսպես պատասխանեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:
Տեղեկացնենք՝ այսօր ՕԵԿ-ը քարոզարշավ անցկացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Քարոզարշավի ավարտին երկու օր է մնում, ու այսօր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Երևանի 18+ տարիքի 1000 բնակիչների շրջանում հարցում է իրականացրել կիրակի օրը կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՕԵԿ-ը իններորդն է՝ 2 տոկոս ցուցանիշով: Մհեր Շահգելդյանն այս առիթով մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Ես ինքս սոցիոլոգ եմ, և շատ լավ հասկանում եմ, որ տարբեր տվյալներ կարող են լինել տարբեր իրավիճակներում, տարբեր զարգացումներում: Ես դրանց վերաբերվում եմ որպես զուտ սոցհարցումների, որտեղ նախկինում էլ են եղել թվական տվյալներ, սխալանքներ եղել են, այնպես որ մենք այս հարցումները դիտում ենք այս տեսանկյունից»:
Մեր հարցին՝ հատուկ ռազմավարությո՞ւն էր որդեգրված մրցակից ուժերի հետ մյուս ուժերի նման փոխհրաձգության մեջ չմտնել, հեռակա բանավեճեր չունենալ, թե՞ քարոզարշավի տրամաբանությունն այդպես թելադրեց, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք քաղաքական դաշտում բազմաթիվ երևույթների հետ կապված և շարունակելու ենք հստակ արտահայտել: Երևանի ընտրություններ են, և Երևանի քաղաքացիները մեզնից ակնկալում են առաջին հերթին պատկերացում, թե վաղն ինչ է լինելու քաղաքի հետ: Մարդիկ ուզում են վաղվա օրը տեսնել: Հիմա հեղափոխությունից հետո հույս է առաջացրել, որ հնարավոր է շատ բան փոխել, և դրա համար մարդիկ ուզում են փոխել և իրենց քաղաքի ապագան տեսնել: Հետաքրքրվում են ծրագրերով, մոտեցումներով, որոնք մենք ներկայացնում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ