«Կառավարելու ենք արդար եւ արդյունավետ: Չեմ ասում՝ եթե ընտրվեմ, ապա…ասում եմ՝ հենց ընտրվեցի, այդ պահից սկսած դաշինքն ենք կնքելու քաղաքացիների հետ: Այդ պահից քաղաքացիները ոչ թե ինձ հետ են դաշինք կնքելու, այլ բոլոր նրանց հետ, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ անկախ նրանից՝ իմ օգտին են քվեարկե՞լ, թե մրցակիցների՝ գործընկերների»,-«Լույս» դաշինքի այսօրվա նախընտրական հավաքում հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Զեյնալյանի խոսքով՝ եթե Երեւանը կառավարելիս փորձեն հարկադրանքի միջոցով քաղաքացիներին ստիպել իրականացնել իրենց պարտականությունները, օրինակ՝ գույքահարկ վճարելը, ապա միջոցները չեն բավարարի. «Յուրաքանչյուրը պետք է իրեն պետության տերը զգա, կատարի իր պարտականությունները, որպեսզի մենք ստիպված չլինենք մեծ քանակության ոստիկանների եւ հարկադիր կատարողների պահել»:
Ապա` Արտակ Զեյնալյանը դիմեց քաղաքացիներին. «Պետք է հետեւենք, որ վերջին կամ նախավերջին որով ոչ ոքի տանը կաշառք չբաժանվի, ձայնի դիմաց ոչ ոքի պարտքերը չփակվեն: Գնացեք տեղամասեր եւ կատարեք ձեր ընտրությունը: Հետեւեք, որ ընտրություններն անցնեն ազատ եւ արդար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ