Aravot.am-ը «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եք պատրաստվում զբոսաշրջիկներ ներգրավել, ի՞նչ միջոցներով եք հոգալու պատմական վայրեր հանդիսացող Էրեբունի ամրոցի, Կարմիր Բլուրի եւ այլ հնավայրերի ծախսերը, որպեսզի դրանք ավելի գայթակղիչ ու նորովի մատուցվեն: Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ այս օրերին տարբեր կուսակցությունների, դաշինքների ավագանու անդամի, քաղաքապետի թեկնածուները վստահեցնում են, որ Երեւան համայնքի բյուջեի մուտքերը կարելի է ապահովել մայրաքաղաքում տուրիզմը զարգացնելով, մշակութային օջախների պահանջարկը մեծացնելով, Արարատ Զուրաբյանն ասաց.
«Այո, ճիշտ եք, մենք ունենք Էրեբունու թանգարան, որ ամեն երեւանցի չէ, որ հաճախել է: Եվ դրա շուրջ միջավայրի ձեւավորումը կարեւորագույն խնդիր է, որպեսզի կարողանաս ընդգծես քո քաղաքի 2800-ամյա պատմությունը նաեւ, ասենք, կարողանաս դա օգտագործել Երեւանի համար լրացուցիչ ֆինանսական եկամուտներ բերելու: Շենգավիթ համայնքում ունենք շատ հին բնակավայրեր: Այստեղ շատ լուրջ, հանգամանալից ծրագիր է անհրաժեշտ՝ կազմակերպելու այդ բոլոր գործառույթները:
Մենք մայրաքաղաքում ունենք եկեղեցիներ, որոնք սեղմվել են հարակից շինություններով: Մենք ունենք քայլեր, որոնք այնքան էլ պոպուլյար չեն լինի մեր հասարակության մոտ, բայց դրանք պետք է անպայման ի կատար ածվեն, հակառակ պարագայում մենք ունենալու ենք այն, որ մեր հին քաղաքի փոքրիկ օջախներից ոչինչ չի մնա, որովհետեւ դրանք ամբողջությամբ կծածկվեն նորակառույցներով»:
Այսօր «Երեւանցիներ» դաշինքը ընտրողների հետ հանդիպեց Ազատության հրապարակում, որտեղ կազմակերպել էր համերգ՝ երգիչ Ֆորշի մասնակցությամբ։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ