Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի․ համոզված է փոխվարչապետ Ավինյանը

Սեպտեմբեր 19,2018 20:50

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խոսելով Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու մասին, նշեց, որ առաջնայինը թեթև արդյունաբերության ոլորտն է։ Ըստ Տիգրան Ավինյանի, արդեն իսկ քննարկումներ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում թեթև արդյունաբերական դպրոցի կառուցման հարցում։

«Դպրոցը բավականին մեծ թվով, այսպես ասած, աշակերտներ է ընդունելու։ Թեթև արդյունաբերողների, ներդրողների հետ մեր զրույցներում առաջին իսկ մարզը, որը մատնանշվում է` Շիրակի մարզն է։ Եվ կարծում եմ՝ աշխատատեղերի ապահովման ամենաարդյունավետ ոլորտը լինելու է թեթև արդյունաբերությունը։ Մենք դրա շրջանակներում աշխատում ենք ինտենսիվ։ Գիտեք թեթև արդյունաբերության ոլորտում հատուկ պայմաններ են ստեղծված, ստեղծված են մաքսային և հարկային արտոնություններ՝ որպես գերակա ոլորտ, և այս ոլորտում, ես կարծում եմ, մոտակա 1-2 տարվա ընթացքում լուրջ արդյունքներ ենք ցուցադրելու։

Երկրորդ ոլորտը, որը մի փոքր ավելի մեծ ներդրում է պահանջում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ Ես համոզված եմ, որ Գյումրիում կա մարդկային այն կապիտալը, մարդկային այն ինտելեկտը, որը որ կարող է ռեալ ներդրում ունենալ տեղեկատվական ոլորտում ոչ միայն ներհայաստանյան մակարդակով, այլ համաշխարհային մակարդակով ապրանքատեսակներ ստեղծելու առումով», -ասաց Տիգրան Ավինյանը։

Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հետ կապված էլ փոխվարչապետն ասաց․ «Այսօր քննարկումն էր գնում այդ մասով, ուզում եմ վստահեցնել, որ փաթեթն արդեն կառավարությունում է։ Կան ընկերություններ, որոնք որ հետաքրքրված են այդ տնտեսական գոտում մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ դա տեղի է ունենալու, ինչպես նաև տեղի է ունենալու օդանավակայանի վերանորոգումը։ Ես համոզված եմ, որ շատ ավելի մեծ քանակով չվերթներն են իրականացվելու։ Քննարկումներ և բանակցություններ են վարվում որոշակի խոշոր ավիափոխադրողների, այսպես կոչված լոքոստերների հետ, որոնք որ ավելի էժան տոմսեր են վաճառվում, ավելի մատչելի միջոցներով են ուղևորափոխադրումներ իրականացնում, և ես կարծում եմ, որ սա նույնպես ազդելու է Շիրակի մարզի տնտեսության վրա։ Շիրակի մարզի տնտեսության զարգացման վրա ազդելու են խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես գիտեք Հյուսիս-հարավի երրորդ տրանշի աշխատանքները շատ մեծ թափով իրականացվում են, արագությունը, տեմպն ավելացել են մոտ 3-4 անգամ։ Եվ այս տեմպով ենթադրվում է, որ 2020 թվականին մենք կունենանք Հյուսիս-հարավի երրորդ հատվածը նույնպես կառուցված»։

Լրագրողները փոխվարչապետին տեղեկացրեցին, որ Մարալիկի հատվածում Հյուսիս-հարավը կառուցող բանվորներին 3 ամիս շարունակ աշխատավարձ չեն տվել, և նրանք պատրաստվում են գործադուլի։ Այսօր ևս ցանկացել են փակել ճանապարհը՝ ի նշան բողոքի, սակայն նրանց համոզել են սպասել մինչև վաղը՝ խոստանալով փոխանցել աշխատավարձը; Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց այդ տեղեկությունը փոխանցելու համար։

Ի դեպ, ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցն էլ այսօր փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա նշեց, որ 343 հեկտար վարձակալությամբ հող են տրամադրել իսրայելական ընկերությանը, որը 2 միլիարդի ներդրում կանի Գյումրիում, մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, միայն թե անհրաժեշտ է Ազգային ժողովում անցկացնել ներդրողի՝ ազատ տնտեսական գոտի ստեղծելու պահանջը։

Պատասխանելով այն հարցին, թե քայլեր անո՞ւմ են Գյումրու ավիաշուկայից հեռացած «Տարոն Ավիա» ազգային ավիափոխադրողին հետ բերելու ուղղությամբ, Տիգրան Ավինյանն ասաց․ «Այստեղ կա երկու հիմնական խնդիր, որ պետք է տարբերել, մենք ազատ օդի քաղաքականություն ենք որդեգրել և բոլորին, ներառյալ մեր ազգային փոխադրողներին առաջարկում ենք նույն պայմանները, հետևապես բավական մրցակցային են պայմանները, և մեր ազգային փոխադրողները նույնպես պետք է մրցակցության մեջ մտնեն և կարողանան իրենց դիրքն ամրապնդել։ Բայց կա հարցի երկրորդ մասը, որ այլ երկրներ մեր նկատմամբ որոշակի մի փոքր այլ քաղաքականություն են վարում և նմանատիպ երկրների հետ մեր բանակցությունների հիմնական նպատակն է լինելու, որպեսզի մենք ստանանք այն պայմանները մեր ավիափոխադրողների համար, ինչ պայմաններ որ տալիս ենք իրենց ավիափոխադրողների համար։ Սա է գերնպատակը, որ կառավարությունն իր առջև դրել է։ Եվ այս տրամաբանության շրջանակում կոնկրետ բանակցություններ են վարվում։

Ինչպես նշեցի, կոնկրետ «Տարոն Ավիայի» հարցով չենք զբաղվում, որովհետև կան նաև այլ ընկերություններ, որոնք եղել են հայկական շուկայում, հայկական ընկերություններ, հայկական ընկերությունների հիմնադիրներ, որոնք որ կապվել են մեզ, բայց ես իմ տեսակետն ասեմ՝ գլոբալ այս ավիափոխադրումների շուկայում շատ դժվար է ունենալ փոքր ազգային փոխադրող։ Պետք է լինի նորարական տեխնոլոգիա, պետք է լինի նոր գաղափար, պետք է լինի բիզնես ծրագիր, որը որ թույլ կտա նոր մարկետինգային մեթոդներով այդ ավիափոխադրողին մրցունակ լինել շուկայում։ Եվ կառավարությունը պատրաստ է աջակցել բոլոր նմանատիպ ծրագրերը, այնուամենայնիվ ազգային փոխադրողի հարցը մեր օրակարգում է, և այդ օրակարգից բխող բոլոր գործողությունները մենք իրականացնում ենք»։

Նա նաև ասաց, որ անձամբ ինքը չի բանակցել «Տարոն Ավիայի» սեփականատիրոջ հետ, բայց ենթադրում է, որ քաղավիացիայի կոմիտեի նախագահի հետ կապ հաստատվել է։

Գյումրիում անօթևանության խնդրին անդրադառնալով՝ Տիգրան Ավինյանն ասաց․«Գիտեք, ես կարծում եմ՝ եթե մենք այս մեխանիզմում որոշակի փոփոխություն չիրականացնենք, մենք կարող է 2050 թվականին դեռևս Գյումրիում ունենանք անօթևան ընտանիքներ։ Այն տեղեկատվությունը, որ ես ունեմ, ինձ ասում է, որ պետք է արդեն իսկ մենք անօթևանների խնդիրները լուծած լինեինք այսօրվա դրությամբ, բայց փաստացի մենք ունենք դեռևս տնակներ։ Սա նշանակում է, որ նախկինում քաղաքականությունը, որ վարվել է այս ոլորտում, սխալ է եղել, և խնդիրն անընդհատ մնացել է։ Այսինքն՝ մարդիկ ավելացել են, սերունդներն են ընտանիքներ կազմել, հետևապես ընդհանուր քաղաքականության մեջ տրամաբանական սխալ կա։Մենք պետք է հեղափոխության եղած կետից հետո արձանագրենք այն, ինչ-որ ունենք և լուծենք անօթևան մնացած ընտանիքիների հարցը։ Պետք է հստակ ժամկետ մեր առջև դնենք և այդ հարցը լուծենք, որպեսզի այլևս նման հարց այս մարզում մենք չունենանք։ Տարածքային կառավարման նախարարությունը հարցից տեղեկացված է, մարզպետը տեղյակ է հարցից, ինտենսիվ աշխատում են, որպեսզի ծրագիր մշակեն և այդ ծրագիրը ներկայացնեն հանրությանը»

Վերջին նաև ասաց, որ ՀՆԱ-ի մակարդակը Շիրակի մարզում միջին հանրապետական ցուցանիշի 52 տոկոսն է կազմում, որը խայտառակ ցուցանիշ է։

«Ես արդեն նշեցի ամենակարևոր կետերը, որը կառավարությունը պիտի իրականացնի, դա ենթակառուցվածքային ծրագրերն են, ճանապարհաշինությունը թույլ է տալիս տնտեսական իրավիճակի փոփոխություն, թույլ է տալիս, որպեսզի զարգանա տնտեսությունը։ Երբ որ օրինակ Բավրայով սկսեն շատ ավելի ավտոմեքենաներ, տուրիստներ, բեռներ անցնել, համոզված եղեք Շիրակի մարզի տնտեսության վրա դա զգացվելու է միանշանակ։ Ուշադրության ենք դարձնում նաև զբոսաշրջության զարգացմանը, այստեղ նաև ենթակառուցվածքների հարցը, միջհամայնքային ճանապարհների հարցը, մոտավորապես 461 կիլոմետր միջհամայնքային ճանապարհ, որը որ գտնվում է, մեղմ ասած, վատ վիճակում։

Այս պահի դրությամբ կառավարությունը կենտրոնացել է միջպետական ճանապարհների վրա, հիմնանորոգվում և վերանորոգվում են ճանապարհներ միջպետական, միջհանրապետական և 2018 թվականի պլանը գերակատարվելու է 50 տոկոսով։ Մյուս տարվանից արդեն մեր ուշադրության կենտրոնում են լինելու միջհամայնքային ճանապարհները և բյուջեով միջհամայնքային ճանապարհների շինարարությունը»,- ասաց փոխվարչապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930