«Այս օրերին տեղեկատվական դաշտը ողողված է սուտ, ճիշտ, կիսասուտ եւ կիսաճիշտ լուրերով, սակայն այդ ամենը դիտարկելիս պետք է քաղաքական ուժերի անցած ճանապարհն ու հաղթահարած փորձությունները հաշվի առնել»,-«Լույս» դաշինքի այսօրվա հանրահավաքում հայտարարեց դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
«Այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, որ մտածում եմ՝ կարո՞ղ է մենք մի 15 տարի իշխանության մեջ ենք եղել, կարո՞ղ է մենք ենք երկիրն այս վիճակի հասցրել»,-զարմանք արտահայտեց Էդմոն Մարուքյանը, ապա շարունակեց,-«շատ կարեւոր հանգամանք կա՝ մեր երկու կուսակցությունները միշտ ստանձնել են իրենց պատասխանատվությունն անբիծ ձեւով: Ավագանու մեր թիմի անդամներն անբիծ կենսագրություն ունեն, նրանց դեմ ոչինչ չի կարող ասվել, նրանց հնարավոր չէ մեղադրել կոռուպցիա իրականացնելու, թալանչիներին աջակցելու համար»:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները գործունեության ընթացքում միշտ փոփոխություններ են իրականացրել եւ քաղաքացիներին ցույց տվել, որ իրենց շահերն են պաշտպանել. «Ստրասբուրգից սկսած՝ պաշտպանել ենք ՀՀ շահերը»: Անդրադառնալով իրենց քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ Մարուքյանը նշեց, որ նա փորձառու եւ սկզբունքային բժիշկ է, իրավապաշտպան, պատգամավոր եւ նախարար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ