«Հստակ փաստերն արդեն ներկայացված են ոստիկանություն: Ես չեմ ներկայացրել, ես բացարձակապես մտադրություն չունեի իրենց դիմելու, որովհետև կարծում եմ, որ բոլոր հնարավորություններն ունեին հետևելու՝ ինչ է կատարվում իմ հանդեպ»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով սոցցանցերում իր գնահատմամբ`իր եւ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հասցեին խիստ ուղղորդված, համակարգված վիրավորելու, հայհոյելու գործընթացին:
Ամփոփելով քարոզարշավի վերջի փուլը, Նաիրա Զոհրաբյանն ասում է`այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից:
«Զանգահարել են ինձ, խնդրել են փաստեր ներկայացնել, ես ներկայացրել եմ շատ աննշան փաստեր: Պետական կառույցներում, օրինակ, Սփյուռքի նախարարությունում, Կրթության նախարարությունում, «Իմ քայլը» դաշինքի ավագանիների, ՔՊ անդամների ամենագռեհիկ արտահայտություններ են հնչում: Սփյուռքի նախարարության կին աշխատակից՝ Անուշ Լալայանը, հայհոյանքը չեմ ասի, բացեք իր ֆեյսբուքյան էջը, խուլիգանի հայհոյանքներ է հնչեցրել: Հույս ունեի, որ այս ընտրություններին բարոյական չափանիշներ փոխված կլինեին, բայց այսպիսի գրոհ կնոջ հանդեպ չէի սպասում: Սա մեկ բանի մասին է խոսում, որ իրենք թույլ են, վախեցած են և խուճապի մեջ են: Այս առումով ես համարում եմ սա ամենանողկալի ընտրապայքարը, որին մասնակցել եմ»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Հիշեցնենք, ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել այդ առիթով`նշելով, որ ոստիկանությունը տեղեկություններ չի ստացել, որ թեկնածուներից որեւէ մեկի կյանքին, առողջությանը ոտնձգելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք է հնչել:
Նաիրա Զոհրաբյանը շնորհակալ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որն իր հայտարարության մեջ հստակ անդրադարձել էր Նաիրա Զոհրաբյանի հանդեպ սոցիալական ցանցերում սանձազերծված քարոզին:
Այս ընտրարշավում, սակայն, Նաիրա Զոհրաբյանը նաեւ դրական բան է արձանագրում` որևէ ուժ ընտրակաշառք չի բաժանել և բաժանելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ