Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:
Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:
Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:
Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ