«Հիացած եւ հպարտ եմ «Լույս» դաշինքի թիմով: Այն ունակ է լուրջ եւ պինդ աշխատել, այն լուրջ ծրագրեր է մշակել եւ այս թիմն է, որ առաջիկայում ՀՀ քաղաքական դաշտում լուրջ ներդրում եւ անելիք է ունենալու»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Ներկայացնելով նրան՝ Արամ Սարգսյանը մեկ օրինակ մատնանշեց. «Հանրապետություն» կուսակցության իրավապաշտպաններից ոչ-ոք (Զեյնալյանն այդ կուսակցության անդամ է) մինչ օրս աշխատանքի չի անցել Արդարադատության նախարարությունում: Արտակ Զեյնալյանը նրանց հնարավորությունները չի օգտագործում եւ ասում է, որ իր համար կարեւորն աշխատանքն է: Նա ասում է, որ պետք է ստուգի նրանց աշխատանքը, հանձնարարականներ տա, պարզի՝ նրանք գնացե՞լ են որոշակի գործարքների, թե ոչ: Կարծում եմ՝ սա շատ լավ է, մեր երկրին նման ղեկավարներ են պետք»:
Արամ Սարգսյանը քաղաքացիներին կոչ արեց անկախ կուսակցական կողմնորոշումից՝ ընտրել Արտակ Զեյնալյանին եւ այդ կերպ նպաստել Երեւանի կայացմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ