ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության, ինչպես նաեւ հասարակության որոշ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Արա Բաբլոյանը, ողջունելով Դունյա Միյատովիչի՝ այս պաշտոնում առաջին այցը Հայաստան, շնորհակալություն է հայտնել մեր երկրի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի կատարած աշխատանքի համար:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հաշմանդամության մասին օրենքի նախագծին եւ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, ընդգծել է, որ նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան եւ լինեն հասարակության լիիրավ անդամ:
ԱԺ նախագահը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ սոցիալական հետագա ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, սոցիալական, կրթական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանք:
«Եթե պահպանվում է այս սկզբունքը, ապա հնարավորություն է ընձեռնվում երեխաներին հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացում լավագույն արդյունքներ ստանալ»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
Խոսելով «Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Լանցարոտի կոնվենցիայից՝ Արա Բաբլոյանը նշել է, որ փաստաթուղթը քննարկումների փուլում է եւ հույս հայտնել, որ այն շուտով կվավերացվի:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության եւ առկա խնդիրների քննարկման հնարավորության համար, վստահություն է հայտնել, որ նման բարենպաստ քննարկումները կլինեն շարունակական: Նա, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, նշել է, որ անկախ քաղաքական հայացքների եւ դիրքորոշումների փոփոխությունից մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը եւ արդյունավետ համագործակցությունը ինչպես մեր երկրում գործող, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՀ Ազգային ժողով