Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները. ՀՀ ԱԳ նախարար

Սեպտեմբեր 19,2018 19:01

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելեց, որ  հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է:

Զրուցակիցներն արժևորեցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կարգավիճակում Դունյա Միյատովիչի առաջին այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու մարդու իրավունքների ոլորտում առկա իրադրությանը և ուրվագծելու համագործակցության հետագա ուղիները: Այս գործընթացում երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության դերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին ՀՀ օրենսդրական բարեփոխումներին,  մարդու իրավունքների մշտադիտարկմանն առնչվող հարցերը, ինչպես նաև Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության խորացման հեռանկարները:

Հատուկ անդրադարձ կատարվեց կանանց և երեխաների, սոցիալապես խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կանանց մասնակցությունը երկրի հասարակական կյանքում բավական տեսանելի և նշանակալի է: Նախարարը հավելեց նաև, որ Հայաստանը գրեթե ավարտին է հասցրել Խաղաղության և հակամարտությունների կարգավորման գործընթացներում կանանց դերակատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման նպատակով հասարակական լայն քննարկումների միջոցով գործողությունների ազգային ծրագիր մշակելու գործընթացը:

Նախարար Մնացականյանը հանձնակատար Միյատովիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ հիմնախնդրի կարգավորման գլխավոր շահառուն մարդիկ են, ովքեր ունեն անվտանգ ապագայում խաղաղ ապրելու հստակ նպատակ և իրենց ամենօրյա գործունեությամբ հնարավորինս նպաստում են այդ նպատակի կյանքի կոչմանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտեց, որ Արցախն ինքնակամ միացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնարար փաստաթղթերին, վավերացրել և հաջողությամբ իրականացնում է դրանք: Նա հավելեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ բացառության:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930