Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամեն օր հայհոյանք ենք լսում, ծխախոտի մնացորդները մեր մահճակալին են». կինը՝ վերգետնյա անցումի մասին

Սեպտեմբեր 19,2018 18:50

«Երեւանը եւ մենք» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսօր քաղաքական ուժերի ավագանու եւ քաղաքապետի թեկնածուները, որոնք մասնակցում են սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններին, բարձրաձայնեցին Երեւանյան լճի՝ անգործության մատնված լինելու խնդիրը եւ համոզմունք հայտնեցին, որ այն պետք է հանրային հանգստի գոտի դառնա: Քննարկմանը ներկա քաղաքացիներից մեկը՝ Աննա Վարդանյանը հայտարարեց, որ Երեւանյան լճի հարեւանությամբ է բնակվում եւ խախտումների զոհ է դարձել:

«Շենքի երկրորդ հարկում եմ բնակվում՝ «Երեւան սիթի»-ի հարեւանությամբ: Այդտեղ կառուցված վերգետնյա անցումը մեկ մետր հեռավորության վրա է իմ բնակարանից: Ամեն օր բնակարանիս պատուհանից հայհոյանք եւ ծեծկռտուքի ձայներ եմ լսում: Չասեմ՝ էլ ինչեր եմ լսում, չէ՞ որ «Ծերեթելի» (ներկայում Արտաշիսյան փողոց) փողոցի մասին է խոսքը…եթե որեւէ բնակիչ փորձում է դիտողություն անել վերգետնյա անցումից օգտվողներին, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվում»,-դժգոհեց տիկինը:

40 աստիճանի հասնող ջերմաստիճանի պայմաններում բնակարանում տարօրինակ հոտ է լցվում, որը, կնոջ խոսքով, վերգետնյա անցումի շինարարական ինչ-ինչ նյութերի տաքացման հետեւանք է. «Ողջ օրը խեղդվում ենք: Անցումի աստիճաններին նստում-ծխում են, ծխախոտի մնացորդները մեր մահճակալի վրա են հայտնվում, նաեւ՝ շշեր…էլ չասեմ, թե վերգետնյա անցումի հարթակի վրա երեխաներս ինչեր կարող են տեսնել գիշերը»: Աննա Վարդանյանը հարցադրում արեց՝ որտե՞ղ էին բոլոր կուսակցությունները եւ իրենց թեկնածուները, երբ վերգետնյա անցումը կառուցելու նախաշեմին բնակիչները թակում էին բոլոր հնարավոր ատյանների դռները. «Չեղավ մեկը, որ մեր խնդիրը լսեր: Քաղաքապետի մասին էլ չասեմ…մեզ ընդունել են քաղաքապետարանում, փաստել, որ մեր իրավունքները խախտվել են, բայց ասել են, որ մեծ փողեր են ծախսել վերգետնյա անցումի կառուցման համար, հո չե՞ն քանդելու: Որտե՞ղ էին ճարտարապետները, երբ մեկ մետրի վրա այդ անցումն էին կառուցում»:

«Երեւանի հանրություն» նախաձեռնության քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նկատեց, որ տհաճ հոտը շինարարական ցածրորակ նյութերի հետեւանք է. «Այդ անցումը քաղաքապետարանի անպատասխանատվության հետեւանքն  է եւ կոռուպցիոն սխեմայի դրսեւորում: Կարծում ենք, որ պետք է  ձեւավորել Երեւանին կից հանրային խորհուրդ, որը կքննարկի անցումի հարցը: Եթե պետք է այն ապամոնտաժել, ուրեմն պետք է եւ դա քաղաքապետարանի հաշվին կարվի: Դրանից հետո միայն պետք է փնտրել մեղավորին»: Աննա Վարդանյանը հավելեց, որ այնքան անհարմարություններ է պատճառում այդ վերգետնյա անցումը, որ անգամ չի ցանկանում տուն գնալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930