Այն բանից հետո, երբ Հայաստանում հարուցեցին քրեական գործ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Դրան լրացուցիչ ինտրիգ է հաղորդում այն, որ պարոն Քոչարյանը համարվում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում նախկին նախագահը պատմել է, թե երբ է բարեկամացել Ռուսաստանի առաջնորդի հետ, և որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ և ումն է համարում Ղրիմը:
—Չորս ամիսը բավարա՞ր է գնահատելու համար իշխանությունների հաջողությունը կամ անհաջողությունը, բանիմացությունը կամ անտեղյակությունը:
—Դա բավարար ժամանակ է հասկանալու համար որքան է իշխանությունը բանիմաց, ինչ արժեքների վրա է հենվում, ընդունակ է արդյոք կառուցվածքային աշխատանքի: Ամբողջությամբ բավարար է:
—Ի՞նչ եք հասկացել այս չորս ամսվա ընթացքում նոր իշխանության մասին:
—Որ նա քաոտիկ է, գլուխ չի հանում տնտեսությունից, չունի գործողությունների հստակ ծրագիր: Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ:
Կա բավականին վառ առաջնորդ, փայլուն լիդեր, սակայն պոպուլիզմի նրա անզուսպ ձգտումը լուրջ անհանգստություն է առաջացնում: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը Ուգո Չավեսի ոճով:
—Չավեսը Ռուսաստանի լավ ընկերը դարձավ: Ավելի ճիշտ՝ եղավ:
—Շատ հնարավոր է: Սակայն հիմա ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, Չավեսի ժառանգությունն է: Հենց այս պահի ազդեցության ստացմանն ուղղված պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիությունը, ամբոխին հիմա, անմիջապես դուր գալու ձգտումը, շեշտադրումը կառավարման ամբոխապետական մոդելին, նրան, որ զենիթում կարող է լինել միայն արևը՝ առաջին դեմքը: Չկա երկրորդ համար, հինգերորդ, տասներորդ, քսաներորդ: Հեռու-հեռվում կա ինչ-որ հարյուրերորդ: Այդպիսի մոդելը չի կարող կենսունակ լինել և տալ զարգացման նորմալ արդյունք: Չորս ամսվա ընթացքում նման եզրակացություններ կարելի է անել, իմ կարծիքով:
—Ձեր նկարագրած պատկերը բնորոշ է հետխորհրդային տարածաշրջանի համար: Կարելի է բազում օրինակներ բերել նախկին խորհրդային հանրապետությունների, որտեղ կան միայն արևներ: Մնացած բոլորը հաշվի մեջ չեն, նրանց համար ստեղծում են քաղաքականությունում գոյատևելու անտանելի պայմաններ:
—Նման զուգահեռներ հնարավոր են: Սակայն մի բան է, եթե այդ արևն ունի կառավարման փորձ, հմտություններ, գիտելիք, հասկանում է տնտեսությունը, կողմնորոշված է դեպի երկրի հեռահար շահերը, այլ ոչ թե ինչ-որ հանրահավաքներում, ժողովներում կարճաժամկետ ազդեցությանը: Այդ դեպքում երկիրը իրապես կարող է շարժվել դեպի զարգացում նման կառավարման մոդելի բոլոր խնդիրներով հանդերձ: Եվ կարող է տեղի ունենալ ողբերգություն, եթե այդ արևը անկանխատեսելի է, անհասկանալի, հիստերիկ և չի տեսնում հեռանկար:
—Նիկոլ Փաշինյանն այդպիսի՞ արև է:
—Ես նրան չեմ համեմատի արևի հետ: Ձեր բերած համեմատականը կապված է նրա հետ, որ մարդիկ բավական երկար ժամանակ կառավարել են, մեկը հաջողությամբ, մյուսները ծայրահեղ անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ: Փաշինյանը կարող է լինել գիսաստղ կամ երկնաքար, որը շատ շուտ է մարում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ