Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի մայր թատրոնի նոր թատերաշրջանում առաջին անգամ կբեմադրվեն «Գիքորը» եւ «Անուշը»

Սեպտեմբեր 19,2018 18:10

Այսօր Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց 87-88-րդ թատերաշրջանը: Այն նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Թատերաշրջանի բացմանը նվիրված՝ թատրոնի տնօրինությունը հրավիրել էր մամուլի ասուլիս:

Թատրոնի ճեմասրահից սկսած ամեն ինչ նվիրված է Թումանյանին: Այստեղ փորձել են հնարավորինս ներկայացնել լոռեցու տուն-թանգարանի կրկնօրինակը. «Ամբողջ թատերաշրջանը նվիրված է լինելու մեծն լոռեցու 150-ամյակին: Թեմատիկ առումով ամեն ինչ փորձել ենք նմանեցնել Թումանյանի տուն-թանգարանին: Իմ մոտեցումն է, որ հանդիսատեսին հենց ճեմասրահից մատուցենք: Թատրոնը շատ մեծ պլաններ ունի»,- ասում է թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

Թատերաշրջանը մեկնարկեց Թումանյանի՝ երեխաների համար նախատեսված «Լինում է, չի լինում» հեքիաթների բեմադրությամբ: Իսկ երեկոյան արդեն մեծահասակների դատին կհանձնվի Մուրացանի «Ռուզան» ներկայացումը: 2 մասից բաղկացած դրաման առաջին անգամ բեմադրվել է 1992 թվականին: Իսկ այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի շնորհիվ այն վերաբեմադրվում է: Ներկայացման մեջ կխաղան նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մի քանի դերասաններ:

Դրամատիկական թատրոնի դերասանական կազմն առավել մեծ սիրով ու պատասխանատվությամբ է պատրաստվել ու պատրաստվում նոր թատերաշրջանին: Ասում են՝ լոռեցուն նվիրված թատերաշրջանն ավելի պարտավորեցնող է. «Աբելյանցիներիս համար առանձնահատուկ է այս թատերաշրջանը, նրանով, որ առաջինը մենք պարտավոր ենք մեր հանճարեղ լոռեցու հոբելյանը պատշաճ եւ արժանավայել նշել: Մենք մի ամբողջ տարի թումանյանական եռուզեռի մեջ ենք լինելու: Միջոցառումները բազմապլան են, եւ կարծում ենք, որ կկարողանանք հանճարեղ բանաստեղծի ստեղծագործությունները, նրա ճանաչումը, համաշխարհային հռչակը ներկայացնել: Սա ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության տոնն է: Ունենալով այսպիսի հեղինակ, այն էլ լոռվա աշխարհում, այս իմաստով մեր պարտականություններն ավելի շատ են եւ ոգեւորված ենք»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը:

Ագնեսա Շահնազարյանի խոսքով՝ թատրոնում ծրագրերն ու ներկայացումները շատ են: Թատերաշրջանի ընթացքում կբեմականացվեն նաեւ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ» եւ Նիկոլայի «Գողերի ընտանիքը» ստեղծագործությունները: Իսկ այս պահին թատրոնը պատրաստվում է հյուրախաղերի. «Սեպտեմբերի վերջին թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով մեկնել Լոս Անջելես: Այնտեղ կխաղան «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացումը: Մեկ ամիս ներկայացման մեջ զբաղված դերասանները կլինեն Ամերիկայում եւ հուսանք, որ կկարողանանք Վանաձորից մի փոքրիկ ու գեղեցիկ մասնիկ Լոս Անջելեսի հայությանը ցուցադրել: Այնտեղից վերադառնալուց հետո կպատրաստվենք այլ հյուրախաղերի»:

Այս թատերաշրջանում կբեմադրվեն նաեւ Թումանյանի «Գիքորը» եւ «Անուշը» ստեղծագործությունները: Ներկայացումները մայր թատրոնի բեմում կլինեն արդեն 2019 թվականին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930