Այսօր Aravot.am-ը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե նոր կառավարությունը կշարունակի՞ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագիրը։ Մենք նաև նշեցինք, որ նախկին փոխվարչապետը մի քանի գործարարների համոզել ու բերել էր Գյումրի, որպեսզի ներդրումներ կատարեին, ինքն էլ դարձել էր առաջին ներդրողը, հյուրանոց է կառուցել Ջիվանու փողոցում (Տես լուսանկարում):
Տիգրան Ավինյանն ասաց․ «Գործարարներին համոզելու համար պետք է ընդամենը մեկ բան՝ ներդրումային բարենպաստ միջավայր և շահութաբեր ծրագիր։ Եթե մենք կարողանանք ապահովել ներդրումային բարենպաստ միջավայրը, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կգտնենք այն շահութաբեր ծրագրերը, որոնց մեջ գործարարները կանեն իրենց ներդրումները։
Կոնկրետ «Կումայրի»-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին կան քննարկումներ 1-2 գործարարի հետ, և ես հուսով եմ, որ այդ քննարկումները կպսակվեն հաջողությամբ և այդ ծրագիրը նույնպես կիրականացվի»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ