Այն բանից հետո, երբ Հայաստանում հարուցեցին քրեական գործ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նա որոշեց վերադառնալ քաղաքականություն և դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը: Դրան լրացուցիչ ինտրիգ է հաղորդում այն, որ պարոն Քոչարյանը համարվում է Վլադիմիր Պուտինի մոտ ընկերը: «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում նախկին նախագահը պատմել է, թե երբ է բարեկամացել Ռուսաստանի առաջնորդի հետ, և որքան ամուր է իրենց ընկերությունը, ինչու է վստահ իր հաջողության մեջ և ումն է համարում Ղրիմը:
— Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն: Ի՞նչ է դա նշանակում: Պարզաբանեք:
—Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն:
—Ինչպիսի՞ ամբիցիաներ: Դուք ցանկանում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ:
—Նախ՝ ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել: Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Տասը տարի ես բավականին պասիվ եմ եղել: Արտահայտել եմ իմ տեսակետը այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, սակայն այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Այժմ ես շատ ավելի ակտիվ կարտահայտվեմ:
—Արդեն արտահայտվում եք:
—Արդեն արտահայտվում եմ: Ես կներգրավվեմ քաղաքական գործընթացներում: Ինչպիսի ձևաչափո՞վ: Դա կարող է լինել կուսակցություն, շարժում, կարող է լինել որևէ կուսակցության հետ ակտիվ համագործակցություն, կարող է լինել մասնագիտորեն կամ ոչ մասնագիտորեն:
—Հայաստանում վերջին ժամանակները իրադարձություններն ընթանում են արագ և իրավիճակն արագ է փոխվում: Քչերը պատկերացում ունեն այն մասին, թե երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են կայանալ տարվա վերջին կամ հաջորդ տարի: Դա նշանակում է, որ քաղաքականության մեջ ձևաչափի հարցում չպետք է կողմնորոշվեք, աջակցու՞մ եք արդյոք Հանրապետական կուսակցությանը, թե՞ կունենաք Ձերը: Դուք ինչի՞ն եք հակված:
—Կարելի է ասել՝ դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում՝ տեղի ունեցածով պայմանավորված:
—Իսկ ի՞նչ է տեղի ունենում:
—Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի՝ ինչ է կատարվում:
—Լավ: Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում: Մարտյան իրադարձությունները, Ձեր կարծիքով, ի՞նչ էր:
—Դա իշխանության փոփոխություն էր: Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին դրանք գլխավորեց, ինչը վերածվեց իշխանության փոփոխության: Դա տպավորիչ էր:
—Ես մայիսին Հայաստանում էի և հասարակության մեջ տեսա մեծ վերելք: Մի՞թե նախկին իշխանություններն այդքան հասցրել էին:
—Կարծում եմ, նախկին իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն էր: Հակառակ դեպքում դժվար թե կլիներ նման զանգվածային շարժում: Բայց գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմով. նման դեպքերը ժամանակակից պատմությունում շատ են: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության և շատ ավելի դժվար է դուրս գալ դրանից: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ գնալ պետք է արժանապատվությամբ և իրական արդյունքներով: Չորս ամիսները ցույց տվեցին, որ դեռ ընթանում է խնդիրների հավաքագրում բոլոր ուղղություններով: Եվ դա քաղաքականություն իմ վերադարձի պատճառներից մեկն է:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ