Պաշտպանության նախարարությունը շարունակում է օրենքներ խախտել գնումների գործընթացում: Այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասացին «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանն ու դատարանում նրա շահերը ներկայացնող Մկրտիչ Դավթյանը:
Բալասանյանն ասաց, որ «Խաչպար» ՍՊԸ-ն զբաղվում է դեղորայքի, բժշկական նշանակության ապրանքների, ախտահանիչ միջոցների, ատամնաբուժական նյութերի մեծածախ ներկրմամբ եւ վաճառքով: Ներկրված ապրանքի մեծ մասը իրացվում է պետական գերատեսչությունների գնումների միջոցով՝ մրցույթներին հաղթելով:
«Մենք մասնակցել ենք նաեւ ՊՆ-ի մրցույթներին՝ ախտահանիչ միջոցների ու բժշկական ապրանքների գնումների մրցույթներին հաղթող ենք եղել: Սակայն վերջին մի քանի տարիներին որոշ ապրանքատեսակների նկատմամբ մենք զգում ենք տարբեր տարօրինակ մոտեցումներ՝ ՊՆ-ի գնահատող հանձնաժողովի կողմից: Նրանց քայլերը տանում են նրան, որ սահմանափակում են հնարավոր մասնակիցների շրջանակը, խտրական մոտեցում ունեն: Բայց եթե մասնակցում ենք ու հաղթում, այնպիսի գնահատականներ են տալիս, իբրեւ թե՝ այսինչ-այսինչ պայմաններին չենք բավարարում, մտացածին բաներ են անում: Հետագայում մեր դիմումների շնորհիվ ապացուցվել է, որ իրենք սխալ են, բայց արդեն գնացքը գնացած է եղել: Հաղթող է ճանաչվել մեկ ուրիշ ընկերություն: Բացի այս, երկու տարով սեւ ցուցակ են գցում»,-ասաց Բալասանյանը:
Փաստաբան Մկրտիչ Դավթյանն էլ ասաց, որ այս գործով հունվար ամսին դիմել են դատախազություն, քրեական գործ է հարուցվել, սակայն առայժմ մեղադրանք որեւէ անձի նկատմամբ չի առաջադրվել, թեեւ պարզ է՝ ով է ապօրինություն թույլ տվել: Փաստաբանն ասաց, որ փաստերի ուսումնասիրությունից պարզվել է, կա ուղղակի դիտավորություն ՊՆ-ի որոշակի աշխատակիցների, պատասխանատունների գործողություններում. «Նրանց գործողությունները միտված են ոչ ցանկալի տնտեսվարող սուբյեկտին դուրս թողնել մրցույթից, որպեսզի իրենց ցանկալի ընկերությունը հաղթի: Ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկավ մի հանգամանք, որը վրդովմունք առաջացրեց՝ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո նշված կառույցի որոշ աշխատակիցներ հետեւություններ չանելով նույնը կրկնեցին այս տարի ու ապօրինի քայլերով հաղթող են ճանաչել մի ընկերության, որի ներկրած ապրանքները, ախտահանիչ նյութը տվյալ պարագայում չի հանդիսանում որակյալ՝ ի տարբերություն իմ վստահորդի ապրանքի, այլ՝ համարժեք են, ունենք առողջապահության նախարարության գրությունն այդ մասին: Սակայն ՊՆ-ն 22 մլն ավել գումար վճարով, ավելի բարձր գնով ձեռք է բերել այդ ապրանքը»: Ըստ փաստաբանի, ՊՆ-ն այդ ապրանքը ձեռք է բերել՝ ներառելով ավելացված արժեքի հարկը՝ ԱԱՀ-ն. «Այն դեպքում, երբ օրենքով այդ ապրանքը ազատված է ԱԱՀ վճարումից: Մենք պահանջել ենք անվավեր ճանաչել այդ մրցույթը, արդյունք չեղավ»:
Դավթյանն ասաց, որ չնայած քննություն է գնում, ՊՆ աշխատակիցները ցուցմունքներ են տալիս. «Բայց այս տարի էլ համապատասխան աշխատակիցները նորից «Խաչպար» ՍՊԸ-ին հերթական մրցույթին մասնակցելու ժամանակ նույն արհեստական խոչընդոտներն են ստեղծել: ՊՆ-ն պատճառաբանում է, թե գնումների մասին օրենքը չի պահպանվել: Բայց իրականում, իմ վստահորդը չի գնում այդ անձանց հետ գործարքի, նրանք հաղթող ընկերությունների հետ գալիս են համաձայնության՝ անձնական շահեր հետապնդելով»:
Փաստաբանի խոսքերով՝ բազմաթիվ անգամ դիմել են ՊՆ-ին, ՏՄՊՊՀ-ին, հիմնավորված փաստեր են ներկայացրել, սակայն որեւէ արդյունքի չեն հասել:
«Այս տարի էլ նմանատիպ արարք է թույլ տվել ՊՆ-ի գնումների հանձնաժողովը: Ասենք՝ ախտահանիչ նյութն ունի մինիմալ եւ մաքսիմալ բաղադրություն: Իրենք պահանջում դնում են մաքսիմալը, ասենք՝ 1,4-ից 1,7. խտություն: Երբ դու ներկայացնում ես 1,6-ը, օրենքն ասում է՝ պետք է դնես մինիմալից՝ մաքսիմալը, իրենք օրենքը մի կողմ են դնում, մերը մերժում են ու ընդունում են այն ընկերության հայտը, որը մեր տվյալներով կապ ունի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»