Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոլիկլինիկային նվիրել են ինչ-որ անալիզատոր, որի արժեքը մասնավորը սահմանել է 900.000 դրամ, իսկ քաղաքապետարանը ձեռք է բերել 1.5 միլիոնով». ավագանու թեկնածու

Սեպտեմբեր 19,2018 16:31

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Թեհմինա Վարդանյանը վստահեցրեց՝ իրենց ծրագրի յուրաքանչյուր դրույթ միտված է սոցիալական խնդիրների լուծմանը:

«Հոդված 3» ակումբում «Սոցիալական և առողջապահական խնդիրները Երևանում. ինչպիսի՞ ծրագրային լուծումներ են առաջարկում քաղաքական ուժերը» թեմայով քննարկմանը Թեհմինե Վարդանյանը կարևորեց հատկապես պոլիկլինիկաների խնդիրը: Այս առիթով նա մանրամասնեց. «Ունենք պոլիկլինիկաների ոչ ճիշտ կառավարում: Այս ոլորտը բարձիթողի վիճակում է եղել, ինչը հանգեցրել է նաև կոռուպցիոն դրսևորումների: Այս ոլորտը կարիք ունի արդար և արդյունավետ կառավարման»:

Թեհմինե Վարդանյանը տեղեկացրեց՝ Երևանի բյուջեից 80 միլիոն կրճատվել է առողջապահական մասից. «Փոխարենը քաղաքապետարանը երկու միլիոն տրամադրել է հասարակական զուգարանին, որը չի գործում, չի գործել, 11 միլիոն դրամ է տրամադրվել ավագանիների ասոցիացիային, որից որևէ պատասխանատու չգտանք, չիմացանք՝ այն ինչ է և ինչով է զբաղվում»:

Թեհմինե Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ եղել են ընթացիկ բազում անհարկի ծախսեր. «Այսքանով հանդերձ, պարտադիր է մասնավոր-համայնք համագործակցությունը, ներդրողներին ներգրավելը, քանի որ բյուջեն փոքր է: Առանց մասնավորի և ներդրողի մենք չենք կարողանա հինգ տարվա մեջ կառուցել երեք գերժամանակակից պոլիկլինիկա»:

Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Դավիթ Գրիգորյանը բարձրացրեց տրանսպորտի հարցը. «Աշխարհում կան նախադեպեր, հաջողված կարող է լինել էլեկտրական ավտոմեքենաների ներկրումն ու փորձարկումը Երևանում: Երևանում արևային ջրատաքացուցիչներ տեսնում ենք, բայց արևային մարտկոցները կուզեինք, որ լինեին քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում»:

Դավիթ Գրիգորյանը վստահ է՝ եթե բյուջեն չմսխվի, չփոշիացվի և արդյունավետ կառավարում լինի, բյուջեն կբավականացնի: Դավիթ Գրիգորյանը քաղաքապետարանի նախկին աշխատանքներից մի դրվագ պատմեց. «Պոլիկլինիկային նվիրել են ինչ-որ անալիզատոր, որի արժեքը մասնավորը սահմանել է ինը հարյուր հազար դրամ, իսկ քաղաքապետարանը ձեռք է բերել մեկուկես միլիոնով»:

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սերգեյ Սարգսյանի համոզմամբ՝ խնդիրների լուծումը պետք է լինի համալիր. «Առողջապահության համակարգը կանխորոշում է առողջապահության 20 տոկոսը, մնացված 80 տոկոսը կանխորոշում է հայկական հետաքրքիր գենետիկան: Դրանից բացի կա շրջակա միջավայր և վարքագիծ: Բոլոր ծրագրերը պիտի ունենան համալիր բնույթ»:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Սիլվա Վարդանյանը ևս կարևորեց արդյունավետ կառավարումը. «Կարևոր է պոլիկլինիկաների և կրթական հաստատությունների վերազինումը, կարևոր է նաև սահմանել վերահսկողություն: Երևանը պետք է էգոիստ քաղաքից վերածվի ներառական քաղաքի: Քաղաքը պետք է մատչելի լինի ոչ միայն ավտոմեքենաների, այլև բնակիչների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930