Հարցին, թե մարզերի բնակիչները, որոնց համայնքները խոշորացվել են հակառակ իրենց կամքի, չեն դադարում բողոքները, այս խնդիրը լուծելու համար նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր, նախարարությունում իր 100-օրյա գործունեությունն ամփոփելիս, ասաց, որ այս խնդրի դրական կամ բացասական կողմերը ներկայացնելու փորձեր նախորդ իշխանությունների կողմից չեն արվել, ինչն էլ ստեղծել է այսպիսի իրավիճակ:
Այսինքն՝ քաղաքական որոշումը եղել է՝ խոշորանում ենք, անկախ նրանից համայնքն ուզում է, չի ուզում՝ խոշորանում ենք: Խոշորանում է այն ձեւով ինչպես որոշել է կառավարությունը՝ ճաշակի քաղաքական նպատակահարմարության պայմաններում»:
Ըստ պարոն Պապիկյանի, վարչապետն արդեն հայտարարել է, որ այսուհետ, Հայաստանի Հանրապետությունում չեն կարող լինել այնպիսի խոշորացումներ, որոնք չեն բխում համայնքի շահերից կամ բնակիչների ցանկությունից. «Նմանատիպ խնդիրների լուծումը մենք տեսնում ենք հանրաքվեների եւ համայնքի բնակիչների կամարտահայտման միջոցով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչ վերաբերում է Շատին համայնքում արդեն մի քանի ամիս ձգվող «հակամարտությանը», համայնքապետի պաշտոնը ստանձնելու անձանց շուրջ գյուղացիների անհամաձայնությանը, Սուրեն Պապիկյանը վստահեցրեց, որ համայնքում խնդիրներն ութ ամիս առաջ են սկսել, ապա մանրամասնեց, թե խնդիրն ինչու է ծագել:
Ըստ նախարարի, համայնքների բնակիչների միջեւ բախում է եղել, թե որ համայնքը պետք է լինի կենտրոն, եւ քանի որ համաձայնության չեն եկել, երկու կողմերի միջեւ բախում է եղել, որին խառնվել է ոստիկանությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ