Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պատրաստվում է ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնել Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան զրույցի գաղտնալսման փաստը:
Բագրատյանն ասաց, որ նախ իրենք կողմ չեն քննիչ հանձնաժողովին, ԱԺ լիագումար նիստի ժամանակ էլ են հայտնել. «Դա իրավական գործ է եւ պետք է թողնել իրավապահներին: Բայց քանի որ արդեն ՀՀԿ-ն, ունենալով հնարավորություն, ստեղծել է քննիչ հանձնաժողով, օգտվել է իր իրավունքից, մենք ձեռնպահ չմնանք գործընթացներին, հետեւենք, թե ի՞նչ գործընթացներ պետք է իրականացնեն, որ չէին կարող անել իրավապահները: Չպետք է որեւէ քննարկում թողնել միակողմանի, այդտեղ մենք կարող ենք խնդիրներ ունենալ, այդ նպատակով մենք ակնդետ կհետեւենք հանձնաժողովի աշխատանքին եւ եթե փորձեն որեւէ քաղաքական ենթատեքստով շարժվել, մենք կարգելափակենք այդ ընթացքը եւ կաշխատենք, որ մնա իրավական հարթության վրա»:
Ըստ Սերգեյ Բագրատյանի, գաղտնալսում չպետք է տեղի ունենա, բայց եթե լինում էլ է, դա աշխարհի վերջը չէ. «Բազմաթիվ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, նույնիսկ նախագահների մակարդակով մենք բոլորս էլ տեսել եք, որ այդպիսի սկանդալներ տեղի են ունենում՝ գաղտնալսումների տեսքով, նկարահանումների տեսքով, բայց սրանք չպետք է որոշիչ նշանակություն ունենան զարգացումների ընթացքի վրա կամ ժողովրդավարության իմաստով: Սա ավելի շուտ ես համարում եմ մեսիջ, որ մենք ավելի զգոն լինենք՝ հատկապես եթե պարզվի, որ դա արտաքին դաշտի կողմից է իրականացվել՝ օտարերկրյա խաղացողների կողմից: Իսկ եթե ներքին մեր տվյալ կառույցների աշխատակիցների կողմից է արվել կամ մի օլիգարխի, դա ես համարում եմ դավաճանություն, համարում եմ իսկապես պետության նկատմամբ նենգություն, քստմնելի արարք: Նման արարք կատարողը պատրաստ է դավաճանելու պետությանը»:
Ինչ վերաբերում է Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնալսմանը, մեր հարցին՝ այն ժամանակ, ըստ ձեզ, ինչո՞ւ ՀՀԿ-ն այսպես մտահոգված չէր, որ մարդու իրավունքներ են ոտնահարվել, չէ՞ որ այդ գործը կասեցվեց՝ Բագրատյանը պատասխանեց. «Շատ պարզ, որովհետեւ այդ պահին իրենք իշխանություն էին եւ ենթադրվում է, որ իշխանությունն էր կազմակերպել այդ գաղտնալսումը, հետեւաբար, դա իրենց ձեռնտու չէր, որ դա առարկայացվեր եւ համարժեք քաղաքական գնահատականների արժանանար, իրենք փորձեցին ծածկել որոշ ժամանակ, մինչեւ հիմա, որը մենք նորից բարձրաձայնում ենք: Կարելի է նորից այդ խնդիրն ուսումնասիրել, եթե ստեղծվել է քննիչ հանձնաժողով, ինչու չէ, պետք է նորից անդրադառնալ այդ հարցին: Ես կառաջարկեմ, որ քննարկեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ