Այս պահին Հայաստան-Վրաստան սահմանին «Սանիթեքի» 5 աղբահավաք մեքենաներն են կայանված, որոնք վաղը կլինեն Երեւանում:
Այսօր նախարարությունում կազմակերպված ասուլիսում ասաց
տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խիստ մտահոգ են Երեւանում առկա սանիտարահիգիենիկ խնդիրներով: Նրա խոսքով՝ վարչապետի կողմից տրվել են խնդրի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ, հանդիպումներ է ունեցել թե «Սանիթեք» ընկերության տնօրենի, թե Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ. «Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեք»-ը վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ համաձայնագրով ստանձնած պարտավորություններում թերանալու համար:
Իհարկե, կան խնդիրներ կապված բնակիչների կողմից աղբարկղերի այրման հետ, սակայն սա լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»:
Նախարարի խոսքով, «Սանիթեքի»՝ մեր երկրում աշխատելու տարիներին առաջին դեպքն է, որ մեկ տարվա մեջ երկու անգամ տուգանվում է:
Սուրեն Պապիկյանը խոստացավ, որ Ֆրանկոֆոնիայի օրերին Երեւանը հյուրերին կներկայանա որպես մաքուր քաղաք եւ եթե հարկ լինի, համայնքներից աղբահավաք մեքենաներ կներգրավեն. «Անկախ «Սանիթեքի» հետագա աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին եւ միջազգային միջոցառումներին ընդառաջ Երեւանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ