Այսօր ԱԺ-ում լրագրողները ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին հարցրեցին՝ Հայաստանում բազմաթիվ գաղտնալսումներ են եղել՝ Վարդան Օսկանյանի գաղտնալսումը, Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսումը, ո՞րն է այն գաղտնալսումների եւ այս մեկի տարբերությունը, որ այս մեկի համար որոշեցիք հանձնաժողով կազմել, քննել, հասկանալ: Կոստանյանը պատասխանեց՝ «որովհետեւ ես չգիտեմ՝ ձեր ասած գաղտնալսումները եղել են օրենքի խախտումո՞վ, թե՞ չէ: Իսկ սա, այն հանգամանքը, որ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում եւ ՀՔԾ պետին, սա ակնհայտ ապօրինի է, այսինքն, ակնհայտության մասին է խոսքը: Իսկ ձեր ասած սուբյեկտների գաղտնալսման հանգամանքը դեռեւս փաստ չի՝ դա իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմա՞մբ, թե՞ օրենքով սահմանված կարգով»:
Դիտարկմանը, որ եթե չեք քննել, ինչպե՞ս կարող եք իմանալ, Կոստանյանը թողեց անպատասխան:
Հաշվի առնելով, որ պնդում են, թե այս քննիչ հանձնաժողովում ոչ թե կոնկրետ գործը, այլ երեւույթն են քննարկելու, ավելի ուշ Aravot.am-ը հարցրեց՝ հանձնաժողովում կարո՞ղ է քննության առարկա դառնալ 2012-ին Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի գաղտնալսումը «Ռիչ» սրճարանում: Կոստանյանը պատասխանեց, թե այդ հարցին արդեն պատասխանել է, մինչդեռ հարցն այլ բանի մասին էր, նման հարց չէր հնչեցվել:
Ավելի ուշ մոտեցանք պարոն Կոստանյանին եւ փորձեցինք մեր հարցերին պատասխան ստանալ, Կոստանյանն արձագանքեց. «Ես ձեր հարցին չեմ պատասխանելու»՝ հիշեցնելով, թե «նախորդ անգամ ուշացած եկաք ու հարց տվեցիք»: Երբ ասացինք, նման բան չի եղել, նախորդ անգամ ուշացած չեմ եկել՝ Կոստանյանը պատասխանեց՝ «ինչեւէ» ու փակեց աշխատասենյակի դուռը:
Հիշեցնենք, որ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսման ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ներքաղաքական լարված օրերին նրանք քննարկում էին, թե ով է ՀԱԿ-ի «գծի» մեջ, ով՝ ոչ, ԲՀԿ-ի հետ «սիրախաղն» ինչ արձագանք կունենա, ընդ որում, ձայնագրության մեջ նաեւ շոշափում էր ներկայիս վարչապետ, այն ժամանակ ՀԱԿ «գծից շեղված» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անունը: Զուրաբյանն ասում էր՝ «Նայի, շատ հեշտ կլինի, եթե ասենք Լեւոնը չի առաջադրվում, սկսվում ա թե ինչ մարտավարություն ա պետք: Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են գալու, ասելու են դնենք մորթենք սաղին»: Օսկանյանն արձագանքում էր, թե՝ «Նաեւ ձեզ են մեղադրելու էլի, որ էն ժամանակ «Բարգավաճի» հետ սիլիբիլի էիք անում», ինչին Զուրաբյանն արձագանքել էր. «Բա ոնց, դնենք մորթենք, վերջ…Ու դա շատ ընկալվող բան ա, հիմա համ էլ միշիկական էս պրոպագանդայի շնորհիվ մեր շարքերի մեջ էլ ներմուծվել ա էն բանը, որ Կոնգրեսի սաղ պրոբլեմն էն էր, որ գնացին ԲՀԿ-ի հետ համագործակցության»:
Այս համատեքստում ուշագրավ է, որ Զուրաբյանն ու Օսկանյանը դիմեցին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով: Գործը հարուցվեց, բայց այդպես էլ հանցագործներին չկարողացան գտնել ու քրգործը կասեցվեց 2014-ին, երբ գլխավոր դատախազը մեր երկրում Գեւորգ Կոստանյանն էր: Նա նշանակվել է 2013-ի հոկտեմբերից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ