Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ու Հայկ Այվազյանը հնարավոր այդ գաղտնալսումն իրականացնողներն ենք». այսպես է դատարանը պատճառաբանել խուզարկության որոշումը

Սեպտեմբեր 19,2018 15:18

«Երկուշաբթի առավոտյան՝ ամսի 17- ին, խուզարկություն է իրականացվել մեր գրասենյակում: Դատարանի որոշումով ներկայացված խուզարկության հիմքում գրված էր, որ ես ու Հայկ Այվազյանը հնարավոր այդ գաղտնալսումն իրականացնողներն ենք»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը:

Նա նշեց՝ մեկ այլ հետաքրքիր ձևակերպում կար դատարանի որոշման մեջ, որտեղ նշված էր, որ իրենց գրասենյակը խիստ քողարկված վիճակում է գործում: Այս առիթով Հայկ Նահապետյանը պարզաբանեց. «Գրասենյակը գործում է երկու տարուց ավելի, մեր գրասենյակում են եղել մեր հարյուրավոր համախոհներ՝ լրագրողներ, պետական պաշտոնատար անձինք, մտավորականներ, որևէ գաղտնիություն չկար: Իմ ու Հայկ Այվազյանի կողմից ձայնագրություն իրականացնելու մասին կասկածներին ժպիտով ենք վերաբերվում և ասում, որ իրականության հետ որևէ աղերս չունեցող գնահատական է տրված»:

Հայկ Նահապետյանը տեղեկացրեց՝ գրասենյակից առգրավել են հիշողության կրիչներ, հեռախոսներ, ներառյալ սովորական հեռախոս, որի վրա չկա հիշողության կրիչ և որով անգամ հնարավոր չէ իրականացնել սովորական ձայնագրություն:

Նույն օրը խուզարկություն եղել է նաև «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանի տանը: Այս առիթով Հայկ Այվազյանը պատմեց. «Խուզարկություն եղել է իմ ծնողների տանը, որտեղ գրանցված եմ, բայց չեմ բնակվում: Ես այդ պահին ներկա չեմ եղել, քանի որ գրասենյակում և իմ ծնողների տանը խուզարկությունը միաժամանակ է տեղի ունեցել: Դատարանի հիմնավորումն են ներկայացրել: Մայրս խնդրել է, որ մինչև վերջ չկարդա, այլ բանավոր ասեն, թե ինչ են փնտրում: Ասել են՝ զենք, թմրանյութեր և գաղտնալսող սարքեր: Տարօրինակ է, որ մեր տանը զենք ու թմրանյութ են ման գալիս, այն դեպքում, երբ ես նման որևէ գործով անգամ վկա չեմ եղել: Զենքն ու թմրանյութն այս գործի հետ ի՞նչ կապ ունի: Կարծես թե այս՝ գաղտնալսման հետ կապված գործի շրջանակներում, որով հարուցվել է քրեական գործ, կապ չունի ոչ զենքը, ոչ թմրանյութը: Իրենց պետք էր սարքեր, սարքավորումներ, որոնք կունենային ապացուցողական հիմք, որ դրանով իրականացվել է գաղտնի ձայնագրություն»:

Հայկ Նահապետյանի վստահեցմամբ՝ կատարվածն, ամենայն հավանականությամբ, կապված է իրենց հասարակական գործունեության, իրենց քաղաքական այն ընկալումների հետ, որոնք բազմիցս բարձրացրել են: Նախաձեռնության անդամները խուզարկությունը կապում են իրենց գործունեության հետ:

Հայկ Նահապետյանը զգուշացրեց՝ իրենց դեպքում չի գործելու ցուցմունք կորզելու պրակտիկան՝ մարդկանց վրա ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու միջոցով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930