Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կատարել խոստումները. հարցի պատասխանը քաղաքական ուժերը դեռ չունեն

Սեպտեմբեր 19,2018 15:13

«Մեդիա» կենտրոնն այսօր քննարկում էր կազմակերպել`«Որքանո՞վ է Երեւանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար», թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների եւ կուսակցությունների ներկայացուցիչները:

Հայաստանում կա 200 հազարից ավելի հաշմանդամություն ունեցող անձ, նրանցից 80 հազարն ապրում են Երեւանում:

«Լույս» դաշինքը ներկայացնող Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ իրենց ծրագիրը գրվել է բոլորի համար հավասար սկզբունքով`տրանսպորտ, մետրոպոլիտենի համակարգի վերանայում այս ուղղությամբ, քաղաքաշինական նորմերի վերանայում, ինչը հաշմանդամ ունեցող անձանց տեղաշարժի համար բոլոր նորմերը կապահովի, չեն բավարարվի միայն թեքահաթակներ կառուցելով: Իրենց մոտեցումները ձեւավորել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների եւ հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների հետ քննարկումների արդյունքում:

«Երեւանի հանրություն» դաշինքը ներկայացնող Արմինե Դավթյանն էլ ասաց, որ իրենք առաջնորդվել են բոլոր քաղաքացիների համար հավասար բնակության պայմանների առկայությամբ`այդ թվում նաեւ տարբեր թիրախային խմբերի, սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Արմինե Դավթյանն ասում է`դաշինքին անդամակցող տարբեր մասնագետները ծրագրեր մշակելու կարողություններ ունեն, միայն քաղաքապետարանը պետք է ձեւավորի պետպատվերի նախագիծը եւ անհրաժեշտ ֆինանսների տրամադրումը`ուղղված պետպատվերն իրականացնող գիտական կառույցներին: Իրենք չեն անտեսել նաեւ կրթական խնդիրները, որոնք պետք է սպասարկեն սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց`թե դպրոցում, թե ԲՈՒՀ-ում:

Թեկնածուն կարեւորեց դպրոցների ներքին հարմարեցվածության հարցը`սանհանգույցի, բուֆետի, չկան հատուկ հարմարեցված դասարաններ, դիդակտիկ նյութեր: Հաճախ նաեւ մանկավարժների խնդիր կա:

Դաշինքում հաշվի են առել նաեւ երրորդ ուղղությունը`աշխատանքային իրավունքի պահպանման մասով: Արմինե Դավթյանն ասում է`սրա համար մեծ ջանքեր եւ ֆինանսներ չեն պահանջվում. միջազգային փորձը կա, կարելի է օգտվել:

ՕԵԿ-ը ներկայացնող Աշոտ Ամիրզադյանն ասաց, որ իրենք օրենսդրական վերանայումների հարցն են առաջ տանում, որպեսզի մարդկանց այդ խմբին սոցիալականացնեն, ոչ թե նրանց իբրեւ հիվանդների վերաբերվեն, ինչպես այժմ է: ՕԵԿ-ում նաեւ վերականգնողական կենտրոնների մասնագիտացման խնդիրն են դնում:

ՀՅԴ-ն ներկայացնող Ալեսյա Բեջանյանը համամիտ է ասվածների հետ: Միայն հավելում է`խնդրով պետք է «դետալային զբաղվել, ոչ թե գլխառադ անել`թեքահարթակ դնելով, որով հնարավոր չէ բարձրանալ, ավտոբուսներ բերել, որոնցում անհրաժեշտ կոճակները ժամանակ առ հետո չեն աշխատի» եւ այլն:

«Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Եվա Թովմասյանն էլ ասաց, որ իրենք ներառականության խնդիրը հռչակել են Երեւանի կառավարման առանցքային արժեքներից մեկը եւ այդ արժեքը պետք է կիսի ողջ հասարակությունը: Իրենք նման հասարակություն ունենալու առաքելությունն իրենց վրա են վերցնում: Դաշինքի նախատեսած գլոբալ տրանսպորտային փոփոխություններում հատուկ կարիք ունեցող անձանց տեղաշարժի հարցերը հաշվի են առնված`բոլոր խմբերի համար`տեսողական, լսողական եւ այլ խնդիրներ ունեցողների: Կարեւորում են նաեւ կրթական հաստատությունների ներքին հարմարվածության, վերելակների հարցերը, նաեւ հինգհարկանի շենքերում հատուկ կարիք ունեցողների տեղաշարժի հարցերը`հատուկ հարթակների միջոցով:

«Ռեֆորմիստներն» ամենի հետ մեկտեղ առաջնային են համարում ներառական կրթությունը նախակրթարաններից սկսելու անհրաժեշտությունը: Դաշինքի ներկայացուցիչ Գրետա Հովհաննիսյանն ասում է`դա հնարավոր է իրականացնել թեթեւ աստիճանի խնդիրներ ունեցող երեխաների ներգրավմամբ:

«Ռեֆորմիստների» հետ համաձայն չէ «Լույսի» ներկայացուցիչը, որ դպրոցներում առանձին դասասենյակներ են պետք հատուկ կարիք ունեցող աշակերտների համար: «Ներառում, նշանակում է, որ երեխան պետք է ներառվի այն դասարանում, որտեղ սովորում են բոլորը»,- հակադարձեց Սերյոժա Օհանջանյանը:

Ոչ միանշանակ ընկալվեցին նաեւ «Երկիր ծիրանին» ներկայացնող Մարիամ Խաչատրյանի մոտեցումները: «Երկիր ծիրանիի» ծրագրում նախատեսված է, որ սայլակավոր հատուկ կարիքավորներին քաղաքապետարանը մոտորասայլակներ պետք է տրամադրի: Ներկաները հակադարձեցին`դա քաղաքապետարանի իրավասության տիրույթում չէ, այլ առողջապահության եւ սոցապ նախարարությունների: Երկար տարիներ Ֆրանսիայում բնակված Մարիամ Խաչատրյանը`հակադարձելով ընդդիմախոսներին, նկատում է`անգամ Ֆրանսիայում 2015-ի տվյալներով, միայն 6 տոկոս բնակֆոնդն է հարմարեցված հատուկ կարիքավորների համար: Իրենք այդ հարցի լուծումը տեսնում են այսպես`նրանց առաջին, երկրորդ հարկերում բնակարանների տրամադրում: «Անցումներն են հեռու, կանգառները, խանութները: Փարիզում 200 մետրը մեկ են անցումներն ու կանգառները»,- ասաց նա`հավելելով, որ վերգետնյա անցումներն էլ են անարդյունավետ. «Ո՞ւմ են դրանք պետք, ի՞նչի համար են այդ արագընթաց ճանապարհները: Հայաստանը ծերացող երկիր է, ինչի՞ համար է պետք մարդկանց տանջել`վերգետնյա անցումներ կառուցելով»:

«Ոչ թե խանութը պետք է ինձ մոտ բերել, այլ հարմարեցնել փողոցն այնպես, որ ես էլ կարողանամ գնալ խանութ, ինչպես դուք եք գնում»,- իր անհամաձայնությունը հայտնեց Սերյոժա Օհանջանյանը:

Գլխավոր հարցը`ինչպե՞ս են նախատեսում իրականացնել իրենց ծրագրերը, բավական յուրօրինակ պատասխանի արժանացավ:

«Իմ քայլի» ներկայացուցիչն, օրինակ, ասաց` նախատեսում են իրենց ծրագրերը իրականացնել`ընտրություններից հետո, Երեւանի զարգացման ծրագրի մշակումով, որտեղ կարիքների եւ հնարավորությունների գույքագրում կանեն, ներդրումների հնարավորությունները կստուգեն, նոր միայն թվերով կխոսեն: Բայց վճռական են` բացառել կոռուպցիոն ռիսկերը քաղաքի կառավարման համակարգից: Ասում են`դա հնարավոր է:

«Լույսի» ներկայացուցիչն ավելի ազնիվ գտնվեց, ասաց` թե ինչպե՞ս են անելու, հետո կքննարկեն, ժամանակը կարճ է եղել, չեն հասցրել պատրաստվել. «Բոլորս էլ դա գիտենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930