Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյան. իրենց լիազորությունները շրջանցող մարզպետները կենթարկվեն պատասխանատվության

Սեպտեմբեր 19,2018 15:08

Aravot.am-ն այսօր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ եղավ վարչապետի խոստացած 10 միլիարդ դրամը, տալո՞ւ են մարզերին, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել սուբվենցիաների գծով 10 մլրդ դրամ հատկացնել համայնքներին:

Մեր հարցին ի պատասխան, պարոն Պապիկյանն ասաց, որ այս տարի հնարավոր չեղավ տրամադրել հնարավոր քանակի սուբվենցիա, դրանից մոտավորապես 4,5 միլիարդը համայնքներում հրատապ ծրագրերն իրականացնելու համար այսօր արդեն իսկ նախարարական կոմիտեում կքննարկվի. «Մնացածի մասով, եւ արդեն իսկ հաջորդ տարվա բյուջեով մեր կողմից նախատեսվող 5 միլիարդ դրամի շրջանակներում մենք նոյեմբեր ամսից արդեն դիմել ենք համայնքներին, որ ներկայացնեն սուբվենցիոն ծրագրեր, որպեսզի մենք կարողանանք ֆինանսավորում կատարել սկսած մարտ ամսից»:

Հարցրինք նաեւ, թե արդյոք հակաօրինական չէ՞ գյուղապետերին կոչ անել հրաժարականներ տալ: Խոսքը մամուլում շրջանառվող այն լուրերի մասին է, որ մարզպետները, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետը գյուղապետերի հրաժարականն է պահանջում:

Նախարարի խոսքով. «Իհարկե, տարածքային կառավարման որեւէ մարմնի միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմնի գործերին, օրինական չէ: Եթե կան նմանատիպ համայնքապետեր, գրավոր պետք է ներկայացնեն տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, անձամբ նախարարին»:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ եթե նմանատիպ խնդիրներ կան, ընթացք կտան, բայց մինչ օրս նախարարությունը նման բողոք չի ստացել. «Ես էլ մամուլից լսել եմ»: Փաստերը չե՞ք ստուգել, մեր հարցին, ասաց, որ փաստերը պարզելու խնդիր իրենք չունեն. «Ես կարող եմ իմ մտահոգությունը հայտնել, մարզպետը կամ հաստատի, կամ ժխտի: Ես վստահ եմ, որ Կոտայքի մարզպետը, նման գործունեություն, ինչն իրավական չէ, չի կարող ծավալել, բայց, բնականաբար, ցանկացած մարզպետ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, իր լիազորությունները շրջանցելու դեպքում, կենթարկվի պատասխանատվության»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930