Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը «Yerevan.today»-ի խուզարկության համար ասաց, որ ԶԼՄ գործունեությունը չպետք է խաթարեն, հիշեցրին՝ բա որ հեռուստաընկերություն էին փակո՞ւմ

Սեպտեմբեր 19,2018 14:34

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առիթով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հարցին, թե հանձնաժողովում ի՞նչ եք կոնկրետ քննելու, որ չխախտեք նախաքննության գաղտնիքը, որովհետեւ քրգործ է հարուցված գաղտնալսման փաստով եւ 309 հոդվածով՝ պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գաղտնալսման փաստը ինքնին մեզ բավարար հիմքեր եւ հիմնավոր կասկած առաջացրեց, որ եթե մեր երկրում գաղտնալսում են ԱԱԾ պետին եւ ՀՔԾ պետին, դա նշանակում է, որ որեւէ մեկը մեր երկրում՝ ցանկացած քաղաքացի, երաշխավորված չի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իր իրավունքների խախտման փաստով, հետեւաբար մենք փորձեցինք դա ավելի լայնածավալ քննարկել: Մեր հանրությունը գործնականում կամ օրենսդրական տեսանկյունից գուցե չունի բավարար պաշտպանվածություն եւ երաշխավորվածություն, հետեւաբար սա առաջացնում է արդեն հանրային մտահոգվածություն եւ յուրաքանչյուր քաղաքացու անհատական մտահոգվածություն՝ իր իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից: Հանձնաժողովի աշխատանքն ուղղված եւ միտված է լինելու, որ մենք տեսնենք՝ արդյոք եւ օրենսդրական, եւ գործնական բավարար մեխանիզմներ կա՞ն, որ մեր պետությունը ունակ լինի երաշխավորել այդ իրավունքները: Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ այդ իրավունքները երաշխավորելու»:

Կոստանյանն ասաց, որ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի անօրինական գաղտնալսումը ամեն մարդու մոտ կասկած կարող է առաջացնել, որ իր իրավունքները պաշտպանված չեն:

Ինչ վերաբերում է քրգործի հարուցմանը, Կոստանյանն ասաց, որ իրավասու չեն մտնել քրգործի հանգամանքների մեջ, քննարկելու են մեխանիզմներն ու գործիքակազմը՝ հիմք ընդունելով այդ գործի օրինակը:

Կոստանյանը նշեց, որ արդար դատաքննության իրավունքի պահպանումը եւս պետության պոզիտիվ պարտավորությունն է, պետք է բացառի արդար դատաքննության իրավունքի ցանկացած անօրինական դրսեւորում:

Հարցին՝ այսինքն, այդ ձայնագրության մեջ տեսնո՞ւմ եք միջամտություն ու դրա շրջանակներում քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ք Քոչարյանի քրեական գործը, կալանավորման հանգամանքը՝ Կոստանյանը պատասխանեց. «Ես քրգործի քննարկման մասին չեմ խոսում, խոսում եմ երեւույթի մասին, դա կլիներ Քոչարյանի հետ կապված, թե այլ գործով՝ որեւէ նշանակություն չունի: Մենք հարցնելու ենք, թե դատախազության հսկողությունը տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշաճ եղե՞լ է, թե՞ չի եղել, այսինքն, հսկողություն եղե՞լ է, թե՞ չի եղել, կամ պատշա՞ճ է եղել»:

Հարցին՝ դուք ինչպե՞ս եք գնահատում, երբ այս քրգործի շրջանակներում խուզարկություն են կատարում ԶԼՄ խմբագրությունում, սա ի՞նչ նախադեպ կարող է լինել՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ ԶԼՄ-ի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտ եւ պետք է միջամտություն չարվի ԶԼՄ-ի լրատվական գործունեության իրականացմանը:

Հարցին՝ իսկ մի ամբողջ հեռուստաընկերությանը եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, պարո՛ն Կոստանյան, վերջինս պատասխանեց. «Օրենքով նախատեսված պայմաններ»: Հիշեցնենք, որ օրինակ, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930