«Արարայի ճակատամարտին մասնակցող հայ զինվորներն իրենց հացը բաժանել են արաբներին, որ սովից չմեռնեն, իրենց հացը կիսել են, հայ զինվորը դրական կերպարով է հանդես եկել, ոչ թե թալանել է, ինչպես որոշ երկրների զինվորներ: Ու երբ, այս տարի նշվեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտների հարյուրամյակը, դրանց կողքին չպետք է մոռանայինք նաեւ Արարայի ճակատամարտը:
Այս ճակատամարտով Թուրքիան ոչնչացվեց, դուրս եկավ պատերազմից, ու եթե թուրքերն այդքան շուտ չպարտվեին, գուցե բանակը դուրս գար եւ Հայաստանի դեմ արշավեր, որովհետեւ սեպտեմբերի 15-ին Բաքուն գրավեց, պատրաստվում էր նաեւ իր ուժերը Երեւանի եւ Արցախի դեմ ուղղել, բայց Արարայում ջախջախվեց»,- Առաջին աշխարհամարտում կամավորական հայ լեգեոնականների տարած հաղթանակի ու Արարայի ճակատամարտի 100-ամյակի մասին խոսելիս ասաց պատմաբան Սամվել Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց. «Հայերը ոչ միայն հայկական լեգեոնով են մասնակցել, այլեւ հենց 1914 թ., երբ պատերազմը սկսվեց, Ֆրանսիայի հայերը՝ մոտ 1000-ի չափ հայ կամավորներ, միացել են ֆրանսիական արտասահմանյան լեգեոնին գերմանական ճակատում: Այդ հայերի 90 տոկոսը զոհվել է ճակատամարտերում, ավելի քան 100 մարդ ողջ է մնացել, նրանք էլ հետագայում տեղափոխվել են հայկական լեգեոն:
Այնպես որ, հայ-Ֆրանսիական համագործակցություն միշտ եղել է, քանի դեռ այդ համագործակցությունն ընթանում էր ճիշտ ուղով, եւ ֆրանսիացիներն էին օգտվում, եւ հայերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հրապարակախոս Հակոբ Հարությունը նշում է, որ ազգային-պետական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանն իր էսսեներից մեկում շեշտադրել է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Արարայի ճակատամարտերը` նույն կարգավիճակում: Նրա ձեւակերպմամբ, դրանք 1918 թ հայերի ամենակարեւոր հաղթանակներն են եղել: «Փարիզի վեհաժողովում, որ հայերին այդքան տեղ էին տալիս, դա հայ լեգեոնականների շնորհիվ էր հենց»,-համոզված է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ